կգմս.png
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանում բացվել է Շուշիի գորգերի թանգարանից տարհանված նմուշների ցուցադրությունը

Երևանում՝ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, փետրվարի 20-ին բացվել է Շուշիի գորգերի թանգարանից պատերազմի...

ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Սիրելի ընկերներ, եթե դեռ չեք կողմնորոշվել՝ ինչ գիրք նվիրել, ապա փետրվարի 19-21-ն այցելելով մեր Թանգարան՝ կարող եք ձեռք բերել հետևյալ...

ՀՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿ

1.Արենի, գյուղ ՀՀ Վայոց ձորի մարզում, Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում (նախկինում` Արփա)


Արենիում հայտնաբերված հնագիտական նյութերը` գինու արտադրա­մա­սերն ու խաղողի մնացորդները, ինչպես նաև այն, որ տեղի բնակչությունը շարունակում է զբաղվել գինեգործությամբ, հիմք են տալիս Արենին դիտար­կել որպես գինեգործական մշակույթի ավանդական տարածք: Հայտնաբերված գինու արտադրամասն աշխարհում մինչ այժմ հայտնի ամենահին գինեգործարանն է, թվագրվում է Ք. ա. 4000 թթ. սահմաններում: Գյուղում գինեգործությունն այսօր էլ ոչ նյութական մշակութային ժառանգության գերիշխող բնագավառ է, որը ոչ միայն կենսունակ է, այլև զարգացման միտումներ է դրսևորում: Արենիում ստեղծվել են յուրատեսակ գինեգործական տնտեսություններ` տնական և գործարանային: Գինեգործության գործում ներգրավված է գյուղի ամբողջ բնակչությունը: Գինին պատրաստում են բացառապես խաղողի «Արենի» տեսակից, որի ողկույզն արտաքինից նման է ոչխարի գլխի: Քաղցրությունը (սպիրտի) 19-23 տոկոս է: Հատկապես միջազգային ճանաչում են ձեռք բերել Արենի գինու նոր տեսակ­ները` «Արենի Մառանը» և «Արենի Գեդեոնը»: Գյուղում գործում է նաև երկու գինու գործարան:

Արենի գյուղի տարածքում են գտնվում ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում գրանցված 28 հուշարձաններ` հնավայրեր, ավերված գյուղատեղիներ, խաչքարեր, քարայրներ` Մագիլի և Թռչունների քարանձավները, ինչպես նաև Նորավանքի վանական համալիրը: Նախկին Արենի բնակատեղին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս` բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է Մոմիկ ճարտարապետի կողմից 1321 թ. կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցին:


Արենի գյուղը (վարչական տա­րածք) 980 մ բարձր է ծովի մակար­դակից: 2011 թվականի դրությամբ համայնքն ունի 543 տնային տնտե­սություն, 2006 բնակիչ: Կլիման ցամա­քային է, հողատարածքը գրեթե ամբողջությամբ ոռոգվում է գետից հանված ջրով: Բնակչությունն զբաղվում է այգեգործությամբ, դաշտա­վարությամբ, թռչնաբուծությամբ և անասնապահությամբ: Համայնքի զարգացման գերակա ուղղություն­ներից են խաղողագործությունը և գինեգործությունը:


2.Գյումրի, քաղաք ՀՀ Շիրակի մարզում (նախկինում՝ Կումայրի, Ալեք­սանդրապոլ, Լենինա­կան)


Գյումրին այն եզակի բնակավայրն է, որտեղ ակտիվ կենցաղավարում են գրեթե բոլոր ավանդական արհեստները` մետաղամշակությունը` ներառյալ գեղարվեստական, փայտամշակությունը, քարտաշությունը, որմնադիրությունը, ասեղնագործությունը, ժանեկագործությունը, միակն է, որտեղ մինչ այսօր կիրառվում է պղնձագործությունը: Հատկապես մեծ համբավ է ձեռք բերել մուշարբայագործությունը (կլկլան բաժակի պատրաստումը): Մուշուրբան կամ «կլկլանն» այսօր Գյումրու խորհրդանիշներից մեկն է: Պղնձից, լատունից, ար­ծաթից և հազվադեպ ոսկուց պատրաստվող բաժակի ձայնային էֆեկտի` կլկլոցի գաղտնիքը հայտնի է միայն գյումրեցի վարպետներին: Արհեստագործության ներկա վիճակը և դրանցից շատերի ցուցաբերած զարգացման միտումները հիմք են Գյումրին որպես ավանդա­կան արհեստագործության տարածք դիտարկելու համար:

Քաղաքը նախախորհրդային շրջանում համարվում էր Կովկասի արհեստագործական կենտրոններից մեկը, որտեղ արհեստավորների թիվը կազմում էր ավելի քան 5 հազար մարդ: Առանձնապես տարածված էին շինարարական, մետաղամշակման արհեստները, ատաղձագործությունը, քարտա­շությունը, որմնադիրությունը, պղնձագործությունը, դարբնությունը, ոսկերչությունը, անագագործությունը, արծաթագործությունը, կահույքագործությունը և այլն: Հատկապես արվեստի մակարդակի էր բարձրացված գեղար­վեստական մետաղամշակությունն ու քարի փորագրությունը: Գործում էին գարեջրի, օճառի և կաշվի ձեռնարկություններ: Խորհրդային կարգերի հաս­տատումից հետո էլ արհեստագործների մեծ մասը շարունակում էր զբաղվել իր գործով: Սա բխում էր արհեստների մեծ մասի բնույթից, քանի որ դրանց համար արհեստանոցի առկայությունն անհրաժեշտություն չէր (ի սկզբանե շրջիկ արհեստներ էին):

Կումայրին որպես բնակատեղի գոյություն ունի ավելի քան երկուսուկես հա­զարամյակ, որը հաստատվում է հնագիտական պեղումներից հայտնա­բերված նյութական մշակույթի հարուստ մնացորդներով և այլ արժեքավոր նյութերով: Գտնվել են բրոնզե իրեր (Ք. ա. 3-րդ հազարամյակ), երկաթե ապա­րանջաններ և դանակներ (Ք. ա. 10-9-րդ դդ.), ուշ բրոնզե և վաղ երկաթե դարի աշխատանքի գործիքներ ու զենքեր, երկաթի ձուլման արհեստանոցի հետքեր (Ք. ա. 10-9-րդ դդ.), բրոնզե զարդեր, կացին, կավե և քարե իրեր, դամ­բարաններ, բրոնզալարերից մատանիներ, ալիքավոր, գծավոր, կետազարդ նախշերով, սև, փայլեցված, ինչպես և կոպիտ կավամաններ, գավաթներ, թասեր, կճուճներ և այլն:

Ներկայումս Գյումրի քաղաքի տարածքում են գտնվում ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում գրանցված 1023 հուշարձաններ` XIX դարի ընթացքում կազմավորված փողոցային ցանցը, բնակելի, հասարակական, արդյունաբերական, ռազմապաշտպանական, պաշ­տամունքային և այլ նշանակության շենքեր ու շինություններ:

Գյումրին (բնակավայր) մեծու­թյամբ Հայաստանի երկրորդ քա­ղաքն է, գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կի­լո­մետր հեռավորության վրա, Շի­րակի բարձրավանդակի կենտրո­նա­կան մասում, ծովի մակարդակից 1550 մետր բարձրություն ունեցող հարթավայրում։

Ըստ 2001 թ. անկացված մարդա­համարի պաշտոնական արդյունք­ների` քաղաքում մշտական բնակ­չության թիվը կազմում էր 150.917 մարդ, իսկ առկա բնակչության թիվը` 140.318:


3.Մեղրի քաղաք, Մեղրի համայնք, ՀՀ Սյունիքի մարզ, նախկին անվանումը՝ Արևիք գավառ


Չրագործությունը ավանդաբար եղել և շարունակում է մնալ Մեղրու տարածաշրջանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնական բնագավառը, որը գնալով զարգացման նոր միտումներ է դրսևորում: Մերձարևադարձային չոր կլիմայի և աշխարհագրական դիրքի շնորհիվ Մեղրիում աճող բազմատեսակ մրգերն առանձնանում են յուրահատուկ համային հատկանիշներով: Դրանցից պատրաստվող չրերը, հատկապես թուզն ու արքայանարինջը վերամշակումից հետո պատվում են մրգի քաղցրությունից առաջացած բնական շաքարափոշով: Յուրահատուկ համի ու շուկայական տեսքի շնորհիվ Մեղրիում պատրաստված չրերն ամենուրեք մեծ պահանջարկ ունեն: Չրագործությունը եղել ու մնում է Մեղրու բնակիչների ավանդական զբաղմունքներից: Դրանով զբաղվում են տնտեսությունների մեծ մասը: Աշնանը արքայանարնջի 2-3 մետրանոց շարանները վարագույրի նման կախվում են գրեթե բոլոր մեղրեցիների բակերում, իսկ մյուս բոլոր մրգերը  չորացվում են ուռենուց հյուսված սեղանների վրա: Արտադրանքը էկոլոգիապես մաքուր է, զերծ հավելումներից: Ինչպես չրերը, այնպես էլ պատրաստվող բազմատեսակ անուշեղենը՝ ալանան, սուջուխը, մուրաբաները եղել են մեղրեցու ավանդական թեյախմության անբաժանելի մասը: Սպառողների շրջանում մեծ պահանջարկ ունեն 1930 թվականից գործող Մեղրու պահածոների և 1955 թվականից գործող գինու գործարանների արտադրանքները: Տասնամյակներ առաջ ոսկե մեդալի արժանացած «Արևիք», «Մեղրաձոր», «Նեկտարենի» խաղողի գինիներին վերջին տարիներին ավելացել են նռան, մոշի, մուշմուլայի տեսականիները:

Հնամենի Մեղրու տարածքը հարուստ է պատմամշակութային արժեք ունեցող շուրջ 100 հուշարձաններով, որոնց թվում են եկեղեցիներ, պաշտպանական բերդամրոցներ, միաթռիչք կամուրջներ, խաչքարեր, ջրանցույց, ժողովրդական ճարտարապետության եզակի նմուշներ հանդիսացող բնակելի տներ:

Մետաքսի ճանապարհին գտնվող Մեղրին ի վերուստ հայտնի է եղել նաև գրքի, մշակույթի, կրթության պահպանման ու առաջընթացի ապահովման գործընթացներով: 1881 թ. Մեղրիում բացվել է երկսեռ դպրոց, որտեղ ֆրանսերեն է դասավանդվել: 1882 թ. բացվել է հանրային առաջին գրադարանը, որը ամսագրեր է ստացել Պետերբուրգից : 1901 թ. արտերկրում ուսանող մեղրեցիների ջանքերով Մեղրիում բացվել է Հայաստանում առաջին առևտրի սպառողական կոոպերացիան:

Հայաստանի հարավային դարպաս համարվող Մեղրին երկու կողմից սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը, իսկ մեկ կողմից Իրանի Իսլամական Հանրապետությանը, որից բաժանվում է Արաքս գետով: Մեղրի համայնքը զբաղեցնում է 664 ք. մ. տարածք, որն իր մեջ ընդգրկում է բնակլիմայական վեց հիմնական գոտիներ՝ անապատ, կիսանապատայինից մինչև լեռնաձնային տարածքներ՝ ծովի մակերևույթից 320-ից մինչև 3735 մ բարձրություն:

Մեղրիով է սկսվում Հայաստանի գարունը: Մեղրի համայնքում են գտնվում Մեղրի և Ագարակ քաղաքները և 11 գյուղական բնակավայրեր: Հնամենի Մեղրի քաղաքը բաղկացած է 2 թաղից՝ Մեծ թաղ և փոքր թաղ: Վերջինս հարուստ է ճարտարա-պետական ինքնատիպ լուծումներ ունեցող ժողովրդական տներով: Մեղրու տները հիմնականում կառուցվել են լեռների ստորոտներում՝ խնայելով բարեբեր հողը: Բնակչությունը զբաղվում է այգեգոր-ծությամբ, անասնապահությամբ, հան-քարդյունաբերությամբ: Մեղրիով է անց-նում Իրան-Հայաստան ավտոմայրուղին:


4.Աշնակ գյուղ, ՀՀ Արագածոտնի մարզ


Աշնակ գյուղը եղել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի խոշոր բնակավայրերից (նախկինում՝ նույնպես Աշնակ): Աշնակը թեև շատ հին պատմություն ունի, սակայն առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 5-րդ դարին: Պատմիչ Եղիշեն հիշատակում է, որ Աշնակը 5-րդ դարում եղել է մեծ բնակավայր, արքունի ձմեռանոց և զորակայան: Գյուղում կա 4-5-րդ դարերի եկեղեցի, որը նորոգվել է վերջին տարիներին: Գյուղից հարավ գտնվում է մ. թ. ա. 2-1 հազարամյակի ամրոցը: Գյուղի տարածքում պահպանվել են հայոց Արշակ 2-րդ արքայի ամրոց-ամառանոցի բեկորները և բազմաթիվ այլ հնավայրեր: Աշնակում հայտնաբերվել են վաղ քարեդարյան գործիքներ, որոնք հնագետների կարծիքով շուրջ 15-17 հազար տարեկան են:

1918-1920 թթ. Աշնակը վերաբնակեցվել է Մեծ եղեռնից փրկված Արևմտյան Հայաստանի Սասուն գավառի տասնյակ գյուղերի գաղթականներով (հիմնականում Փիրշենք, Մշգեղ, Մկտենք, Ճրթնիկ, Խաբլջոզ, Բալոենք, Հոսնուտ, Տալհոր, Գոմք, Գոշակ, Քաճռենք և այլ բնակավայրերից): Վերաբնակներն իրենց հետ Աշնակ բերեցին Տարոն աշխարհի մշակույթը՝ հատկապես Սասնո և Մշո պարերն ու երգերը, որոնք ստեղծվել են դեռևս նախաքրիստոնեական ժամանակներում: Աշնակցիների պարը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության բացառիկ արժեքներից է: 1926 թ. Աշնակում կազմավորվել է «Սասուն» ազգագրական պարախումբը, որի ելույթները 1928 թ. դիտել է Մաքսիմ Գորկին և հիացական արտահայտվել: Աշնակի ազգագրական պարի խումբը 1957 թ. ճանաչվել է Մոսկվայում տեղի ունեցած երիտասարդական միջազգային փառատոնի հաղթող և արժանացել ոսկե մեդալի:

Աշնակցիները ոչ միայն ավանդական երգ ու պարի, այլև էպոսասացության, բարբառի և ավանդական ուտեստների կրողներն են: Աշնակցի ասացողների պատումները տեղ են գտել «Սասնա Ծռեր» էպոսում: Աշնակցիները խոսում են Սասունի բարբառով և սրբորեն պահպանում էպոսի լեզուն, պատրաստում են Սասունի ճաշատեսակները, պահպանում հայկական ծեսերն ու ավանդույթները:

Աշնակում գործում է Գևորգ Չաուշի տուն-թանգարանը, ուր ամեն տարի մայիսի 27-ին մեծ շուքով նշվում է հայդուկապետ Գևորգ Չաուշի նահատակության օրը:

Գտնվելով նախալեռնային գոտում և ունենալով Արագածի կենարար ջուրը՝ Աշնակում աճում է աշխարհի լավագույն ծիրանը, որի մասին ողջ հայությունը գիտի Գևորգ Էմինի «Աշնակցիների պարը» հայտնի բանաստեղծությունից:

Աշնակ գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1420 մ. բարձրության վրա՝ Արագած սարի ստորոտին, մայրաքաղաքից մոտ 60 կմ հեռու: 2016 թ. տվյալներով Աշնակն ունի շուրջ 3000 բնակիչ: Աշնակում են ծնվել մշակույթի և պետական շատ գործիչներ, գիտնականներ, գրողներ: Գյուղը ունի շուրջ 4000 հեկտար հողատարածք, որից 400-ը վարելահող է, 80 հեկտարը՝ տնամերձ, իսկ մնացածը՝ արոտավայրեր: Բնակչութ-յունը զբաղվում է անասնապահությամբ և այգեգործությամբ: Աշնակի տնտեսության հեռանկարային ու գերակա ճյուղը ծիրանի մշակությունն է: Գյուղը բարեկարգ է, գազաֆիկացված, ունի ոռոգման և խմելու ջրի նորոգ ցանց:

Աշնակում գործում է ավագ դպրոց, մշակույթի տուն, հանդիսությունների սրահ, բուժկետ և նորակառույց մատուռ:


5.Քաղաք Գորիս, ՀՀ Սյունիքի մարզ


Գորիսի նախկին անվանումներից են՝ Գերյուսի, Գերուսի, Գորայք, Գորես, Գորիս, Հին Կյորես, Կյուրիս, Կորուս, Կորու, Կուրիս, Զանգիզուր, Զանկյազուր, Կյուրյուս: Ենթադրվում է, որ տեղանվան հիմքում ընկած են հնդեվրոպական նախալեզվի գուոռ-«ժայռ» և էս-«լինել» բառերը, այսինքն Գորիս-Կյորես նշանակում է ժայռոտ տեղանք: Քաղաքի տեղում հնագույն ժամանակներից բնակավայր է եղել: Գորիսի մասին հնագույն հիշատակումը գալիս է ուրարտական թագավորության ժամանակաշրջանից: Ռուսա I թագավորը մ.թ.ա. 8-րդ դարում թողել է մի սեպագիր, որտեղ իր նվաճած 23 երկրների մեջ նշում է Գորիսցա երկիրը: Գիտնականները գտնում են, որ դա Գորիսն է: Գորիսում գտնվել է նաև Արտաշես II թագավորի (189-160 մ.թ.ա.) արամերեն արձանագրության սահմանաքար:

Բնակավայրը գոյություն է ունեցել նաև միջին դարերում և գտնվել է ներկայիս Գորիսի արևելյան մասում՝ համանուն գետի ձախ ափին, կոչվել է հին Գորիս և համապատասխանում է Ստեփանոս Օրբելյանի կողմից հիշատակած (13-րդ դար) Գորու և Գորայք գյուղերից մեկին:

Գորիսն առանձնահատուկ է ժողովրդական ճարտարապետության լավագույն նմուշներ հանդիսացող բնակելի տներով։ Դարերի ընթացքում տեղացիները հմտացել են քարերը շարելու յուրովի ոճով՝ իրար մեջ ագուցված, ծեփիչով (մալա) քաշել շաղախը և այդպես խճանկարի տեսք տվել պատերին (տեղի բարբառայով «Բարքաշ» ենք ասում)։ Ժողովրդական ճարտարապետության մյուս առանձնահատկությունը Գորիսի երկհարկանի տներին բնորոշ պատշգամբներն են, դարբասներն ու ճաղապատ պատուհանների զարդանախշ հորինվածքները, ինչն էլ իր հերթին յուրահատուկ հմայք է տալիս քաղաքին։ Հայկական ավանդական այնպիսի արհեստների կենցաղավարումը, ինչպիսիք են մետաղագործությունը, բրդի մշակումը, կարպետագործությունը ինքնատիպություն են հաղորդում Գորիս քաղաքին։

Գորիսի մշակութային կառույցներից են` Գուսան Աշոտի անվան մշակութային կենտրոնը, Երկրագիտական թանգարանը, Քաղաքային պատկերասրահը, գրադարանների կենտրոնացված համակարգը, ֆիլմադարանը, Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Ա. Բակունցի տուն-թանգարանը, Երևանի գեղագիտական դաստիարակության կենտրոնի Գորիսի մասնաճյուղը, Ս. Խանզադյանի տուն-թանգարանը:

Հարուստ է պատմամշակութային արժեք ունեցող շուրջ 290 հուշարձաններով, այդ թվում են բնակելի տներ ու բնակելի քարայրներ, եկեղեցիներ, խաչքարեր, տապանաքարեր, արհեստագործական արտադրության վայրեր՝ ձիթհան և բրուտանոց, ջրաղացներ, հին գյուղատեղիներ, քարավանատուն, ամրոց:

Գորիս քաղաքը գտնվում է ծովի մակե­րևույթից 1250-1520 մ բարձրության վրա։ Նոր Գորիս քաղաքը կառուցվել է19-րդ դարի 70-ական թվականներին գերմանացի ճարտարապետի նախագծմամբ։ Նախաձեռնողներն են եղել Մանուչար Բեկ Մելիք-Հյուսեինյանը և ռուս գավառապետ, գեներալ Ստարացկին:  Քաղաքի արևելյան մասում է գտնվում Հին Գորիսը (Կյորես) կամ Գորիս գյուղը՝ քարանձավային բնակավայրերի մի ամբողջ շարք, որը տեղացիներն անվանում են Լաստի Խութ: Քաղաքը հյուսիսից հարավ հատում է Վարարակն գետը: Գետահովտի աջակողմ­յան հատվածում բարձրանում է «Քարե անտառը», որը գտնվում է անտառապատ հովտում և շրջապատված է քարայրների շարքերով։6.Խաչիկ գյուղ, ՀՀ Վայոց ձորի մարզԽաչիկ գյուղը Վայոց ձորում առանձնանում է գյուղի ավանդական տնտեսական զբաղմունքների պահպանվածությամբ: Միակ գյուղն է ողջ տարածաշրջանում և շատ  եզակիներից ամբողջ Հայաստանում, որտեղ դեռևս կարելի է հանդիպել ճախարակով թել մանելուց մինչև գորգը գործելու տեխնոլոգիական ողջ շղթային տիրապետող կրողի: Խաչիկ գյուղում բնակվող Սոնա Մակարյանը այսօր էլ իր տանը պահպանում և բանեցնում է ավանդական սանդերքը, ճախարակը, գորգագործական տորքը և մնացած բոլոր անհրաժեշտ գործիքները: Գյուղում պահպանված են նաև ավանդական հայկական գլխատան նմուշներ, որոնք նույնպես հազվադեպ  հանդիպող մշակութային արժեքներ են ողջ Հայաստանի տարածքում: Պահպանվել է նաև թոնրում ավանդական եղանակով գաթա թխելու սովորույթը: Գյուղը հայտնի է իր գաթայի փառատոնով, որը նշվում է որպես համահայկական միջոցառում, որի ժամանակ թխվում  և ներկաներին է մատուցվում Հայաստանի ամենամեծ գաթան (տրամագիծը շուրջ 2 մետր): Գյուղում պահպանվել են նաև ավանդական հայկական գինեգործության, մրգային օղիների պատրաստման, մեղվապահության, այգեգործության, պանրագործության ավանդույթները:

Խաչիկ գյուղի տարածքում և շրջանակայքում են գտնվում ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում գրանցված 22 հուշարձաններ՝ խաչքարեր, հնավայրեր, հին գյուղատեղիներ, այդ թվում նաև նշանավոր պատմական Ամաղու գյուղատեղին, միջնադարյան եկեղեցիներ ու մատուռներ:

Գտնվել է գյուղի կառուցումը վկայող միջնադարյան արձանագրություն, ինչը փաստում է գյուղի շատ հին լինելը: Այստեղ է գտնվում միջնադարյան նշանավոր վանական համալիրներից մեկը՝ Քարկոփի Սբ. Աստվածածին վանքը՝ կառուցված 910 թվականին: Գյուղից վանք տանող հին ճանապարհով կարելի հասնել նշանավոր Նորավանք վանական համալիր:

Խաչիկ գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորից 40 կմ դեպի արևմուտք, ծովի մակարդակից 1800-1900 մետր բարձրության վրա գտնվող բարձր լեռնային գոտում: Երեք կողմերից՝ հարավ-արևելյան, հարավային և արևմտյան, սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը՝ Նախիջևանին:

Տարածքում լավ աճում են ընկույզ, խաղող, խնձոր, սալոր և հացահատիկային մշակույթներ:

Բնակչությունը զբաղվում է հացահա­տիկային, կերային մշակույթների մշակութ­յամբ, այգեգործությամբ և անասնաբու­ծությամբ:

Ներկայում գյուղն ունի մոտ 250 ընտանիք:


7.Վերին Դվին գյուղ ՀՀ Արարատի մարզ


Արարատի մարզում գտնվող Վերին Դվին գյուղը մոտ 200 տարվա պատմություն ունի: Այն հիմնադրվել է 1831 թ.` 1828 թ.  Ռուսաստանի և Իրանի միջև կնքված Թուրքմենչայի պայմանագրից հետո Պարսկահայքի Խոյ քաղաքից Արևելյան Հայաստան ներգաղթած ասորի բնակչության կողմից: Ներկայումս Վերին Դվին գյուղի բնակչության կազմը գլխավորապես ասորական է՝ 2700 բնակչից 2000-ն ասորի են, մյուսները՝ հայեր: Շատ են խառն ամուսնությունները: Գյուղի դպրոցում, ընտանիքներում և բնակավայրի ներսում գործող լեզուն գխավորապես ասորերենն է:

Վերին Դվինը համարվում է Հայաստանի ասորի ազգային փոքրամասնության էթնիկ մշակութային նկարագիր ունեցող բնակավայրը: Ասորական մշակույթի դրսևորումներ են համարվում ասորական խոհանոցի առանձնահատուկ կերակատեսակները, տոնակատարությունները, ասորական պարերը, հարսանիքի ծեսի որոշ առանձնահատկություններ, կրոնական ծեսերը, որոշ մասնավոր տոնահանդեսներ: Այստեղ գտնվող Արևելքի ասորական կաթողիկոսության սուրբ Առաքելական եկեղեցին կառուցվել է 1828-1840 ընթացքում և կրում է Առաքյալ Մար Թումայի անունը: Գուղում եկեղեցին անվանում են նաև Շառա:  Եկեղեցու քահանան Արևելքի ասորական ընդհանրական սուրբ առաքելական եկեղեցու հոգևոր հայր Տեր Նիկադիմ Յուխանաևն է՝  ծնունդով Վերին Դվին գյուղից: Սովորել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում, ապա՝ Իրաքում,  որտեղ էլ  քահանա է ձեռնադրվել: Եկեղեցական ժամերգության և ծեսերի լեզուն արամեերենն է, բայց արամեերենը չհասկացող ասորիների համար դրանից եկեղեցի այցելելը պակաս գրավիչ չի դառնում: Եկեղեցի այցելելը ոչ միայն հոգևոր-կրոնական, այլև էթնիկ ինքնահաստատման գործառույթ ունի: Այնուամենայնիվ Մար Թումայի անունը կրող ասորական եկեղեցի այցելում են նաև Վերին Դվինի և հարևանությամբ գտնվող Ներքին Դվին գյուղի հայերը:

Եկեղեցու կողքին, ազգությամբ ասորի Լյուսյա Եդիգարովայի տան բակում, կա նաև «Մարեզ» անունով հայտնի մատուռ-սրբատեղին: Այս մատուռն աշխարհի տարբեր անկյուններից շատ ասորիներ են այցելում, մոմ վառում, աղոթում, հաճախ նաև մի բուռ հող տանում իրենց հետ: Ըստ ավանդության Մարեզը հիմնադրել է Իրաքից Հայաստան ներգաղթած ասորիների մի ընտանիք, որը իր հետ հայրենիքից հող է բերել.  «էդ հողից մի կտոր ընկնում է հենց այստեղ, որտեղ էլ կառուցում են Մարեզը, ինչը նշանակում է Մարիամ Աստվածածին: Ով գալիս է, ինձ ասում է. «Մայրիկ ջան մի կտոր հող տանենք սրբից հետներս»,-ասում է այդ ընտանիքի ժառանգ Լ. Եդիգարովան: Մարեզի տոնակատարության օրը հունիսի 14-ն: Դա համայնքային մեծ տոն է, որին պատրաստվում են համայնքային հանգանակությամբ: Գլխավոր արարողությունը այդ գիշեր երաժշտության տակ մեծ կաթսաներում յուղով, ալյուրով, կաթով և ձվով եփվող հալվան է՝  «մորթուխան»: Գիշերը եփված մորթուխան առավոտյան փոքր չափաբաժիններով  փաթաթում  են լավաշի մեջ ու բաժանում համայնքի բոլոր անդամներին, որը զոհաբերություն՝ «մատաղ» է համարվում:

Վերին Դվինի բնակիչները օրացուցային Նոր տարուց զատ ապրիլի 1-ին նշում են նաև ասորական Նոր տարին, որի ընթացքում ընտանեկան տոնական խնջույքից զատ նաև համայնքային մեծ մատաղ և ազգային երգ ու պարի մեծ ծրագիր է ունենում: Վերին Դվին գյուղում երկու ասորական պարային խմբեր են գործում` մեծահասակների «Նինեվիա» և դպրոցական` «Արբելա»: Տոներին, սովորաբար լուսնի լույսի ու շարականների կատարմամբ ցուլ է մորթվում ու առանց եփելու բաժանվում գյուղացիներին: Վերին Դվին գյուղը էթնիկ մշակույթի պահպանվածության և զարգացման, ինչպես նաև տարբեր մշակույթների դրական սինթեզի լավ օրինակ է: Գյուղի երկու՝ ասորական և հայկական համայնքները միասնական են և բոլոր, նույնիսկ էթնիկ համարվող ծեսերը ընդունվում և կ համահավասար են ատարվում։ Թե ասորիների և թե հայերի համար հավասարապես սիրելի է ասորական «բյուշալան»՝ հայկական թանապուրի մի տարբերակը՝ սպիտակ ճակնդեղի տերևներով, նեխուրով, կանաչ տաքդեղով. «Սա պարտադիր սիրում ենք ունենալ մեր սեղաններին, ասորական օրենք է»,- ասում են Վերին Դվինի բնակիչները:

Վերին Դվինը գտնվում է Արարատ  մարզկենտրոնից 9 կմ դեպի հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից` 925 մ: Գյուղը հիմնադրվել է 1831 թ.: Գտնվում է հայկական հինավուրց մայրաքաղաք Դվինի մոտ, ոչ հեռու հայաբնակ Ներքին Դվին գյուղից: Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային մշակույթների մշակությամբ, թռչնաբուծությամբ և անասնապահությամբ: Գյուղում մշակվող ամենահայտնի բանջարեղենը լոլիկն է, որին հատկացվում է 300 հեկտարից ավելի տարածք: Վերին Դվինում աճեցված լոլիկը հայտնի է իր որակով, որը գնելու համար հարևան հանրապետությունից՝ Վրաստանից Վերին Դվին են հասնում։

1/6