կգմս.png
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանում բացվել է Շուշիի գորգերի թանգարանից տարհանված նմուշների ցուցադրությունը

Երևանում՝ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, փետրվարի 20-ին բացվել է Շուշիի գորգերի թանգարանից պատերազմի...

ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Սիրելի ընկերներ, եթե դեռ չեք կողմնորոշվել՝ ինչ գիրք նվիրել, ապա փետրվարի 19-21-ն այցելելով մեր Թանգարան՝ կարող եք ձեռք բերել հետևյալ...

ՀՀ ՈՆՄԺ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՑԱՆԿԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման գործընթացը մեկնարկել է 2008 թվականին:

2009 թվականին ՀՀ մշակույթի նախարարին կից ստեղծվել է ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհուրդ, որը համագործակցելով ոլորտի գիտական, կրթական կազմակերպությունների հետ՝ մշակել է և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացրել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման համար համապատասխան չափորոշիչներ։

Գույքագրման արդյունքում ստեղծվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված ոչ նյութական մշակութային ժառանգության 3 պետական ցանկեր, որոնք ենթակա են պարբերական համալրման: Ցանկերը կազմված են ըստ տարրի կենսունակ լինելու, անհապաղ պաշտպանության կարիք ունենալու և մշակութային տարածքների գույքագրման սկզբունքի:

  1. 2010 թ. մարտի 11-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին» N 310-Ա որոշումը, որով հիմք դրվեց ՀՀ տարածքում ոչ նյութական մշակութային ժառանգության հաշվառման, իրավիճակի ուսումնասիրման գործընթացին, ինչպես նաև հաստատվեց ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առաջին ցանկը։ Ներկայում այն ընդգրկում է 33 արժեքներ:

  2. 2011 թ. հունվարի 20-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին» N 36-Ն որոշումը, որը ներկայում ընդգրկում է 12 արժեքներ:

  3. 2012 թ. մարտի 1-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները և մշակութային տարածքների ցանկը հաստատելու մասին» N 241-Ն որոշումը, որում ընդգրկված են 7 մշակութային տարածքներ։

ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի համալրումն իրականացվում է ՀՀ կառավարության 2011 թ. սեպտեմբերի  3-ի «Ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման կարգը ու ոչ նյութական մշակութային արժեքի վկայագրի ձևը հաստատելու մասին» N 1173-Ն որոշմամբ: Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պետական ցանկերում ներառված տեղեկատվությունը թարմացնելու, փոփոխություններ կատարելու, նոր տարրերով համալրելու անհրաժեշտությամբ թելադրված՝ գույքագրումն իրականացվում է երթուղային պարբերական դիտանցումների միջոցով: Տեղեկատվական տեխնոլոգիաների ներկա զարգացումներով պայմանավորված՝ ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ նյութերի տարածումն իրականացվում է տեղեկատու էլեկտրոնային շտեմարանների և կայքէջերի միջոցով և ոչ նյութական մշակութային արժեքների հաշվառումը՝ էլեկտրոնային գրանցմամբ:

Գրանցված նյութերը ՀՀ կառավարության հաստատած չափորոշիչներին համապատասխան ներկայացվում են պետական լիազոր մարմնին` պետական ցանկերը համալրելու նպատակով: Պետական ցանկերում ընդգրկված տարրերի մասին տվյալները պարբերաբար (յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ) ճշգրտվում և լրամշակվում են` ըստ նոր բացահայտումների, հետազոտությունների, պահպանության վիճակի և կարգավիճակի փոփոխման մասին տվյալների:

Պետական ցանկերում նոր տարր ընդգրկելու վերաբերյալ առաջարկություն կարող են ներկայացնել ՀՀ համայնքները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, գիտական ու մշակութային կազմակերպությունները, ստեղծագործական միությունները և ոչ նյութական մշակութային ժառանգության կրողները` համապատասխան հիմնավորմամբ դիմելով պետական լիազոր մարմին: