Search

Made in Հայաստան․ ինչպես գեղանկարչուհին քարից զարդերի ապրանքանիշ ստեղծեց

Հանգստանալ ծովափին կամ գետի ափին և վերադառնալ  առանց գեղեցիկ քարերի կարող են շատ քչերը, իսկ կանանց ու երեխաների դեպքում դա գրեթե անհնար է։ Նրանց համար քարը ստեղծագործելու ու վառ երևակայությանը զարկ տալու համար իսկական գտածո է։ Հետաքրքիր ձև, հարթ մակերես, բնական գույներ, անսահման ձգողականություն․․․ մի փոքր երևակայություն  և վերջ․  ամենահասարակ քարն անգամ կարող է դառնալ  արվեստի գլուխգործոց, սիրելի զարդ ու խաղալիք։

եղանկարչուհի Ռիմա Գյոդակյան համար քարերի հանդեպ սերը դարձել է իսկական հոբբի, մասնագիտություն ու սիրելի աշխատանք։ Իսկ ամեն ինչ սկսվեց շատ անսպասելի, որդու հետ գետի ափին զբոսանքի ժամանակ․․․


dandelion

Լուսանկարը՝ Նարեկ Հարությունյանի


Ծնունդով գյումրեցի Ռիմա Գյդակյանի մասնագիտության ընտրության հարցը երբեք չի քննարկվել: Դեռ փոքր հասակից հստակ ընտրել էր իր ճանապարհը՝ նկարչություն։ Սովորել է Գեղարվեստի պետական ակադեմիայում, գեղանկարչության բաժնում։ Հիմա էլ շարունակում է նկարել, աշխատում է որպես դիզայներ։ Բայց կյանքի մեծագույն ձեռքբերումներից մեկն համարում է  «Dandelion» ապրանքանիշը՝ կճաքարերից զարդերի, մանկական խաղերի և պապյե-մաշե տեխնիկայով պատրաստված խաղալիքների հավաքածուներ։

Քարերից զարդեր պատրաստելու գաղափարը Ռիմայի մոտ ծագել է պատահաբար, այն ժամանակ, երբ 3-ամյա  որդին՝ Արմենը  գետափին խաղալիս սկսել է  քարերից տարբեր պատկերներ ստանալ։ Իսկ անունն ընտրել է իր սիրելի ծաղկի՝ խատուտիկի անունից։

«Տարբեր նյութերից ձեռագործ զարդեր վաղուց եմ պատրաստել։ Բայց միշտ ցանկացել եմ անել այնպիսի բան, որը չի կրկնվի, կլինի տարբերվող։ Երբեք չեմ սիրել անել այն, ինչն արդեն կա։ Եվ մի անգամ, շատ պատահաբար տեղի ունեցավ իմ «ճակատագրական» հանդիպումը քարերի հետ։ Ինչպես բոլոր երեխաներն, այնպես էլ իմ որդին, սիրում է քարերի ու ավազի հետ խաղալ։ Այդ օրը նկատեցի, որ քարերով հետաքրիր պատկեր է հավաքել։ Միասին քարեր հավաքեցինք, բերեցի տուն ու սկսեցի դրանցով ինչ-որ հետաքրքիր բան պատրաստելու ճանապարհներ փնտրել»։


dandelion

Լուսանկարը՝ Նարեկ Հարությունյանի


«Քարերը նման չեն ոչ մի նյութի որոնց հետ նախկինում աշխատել էի, սոսնձման խնդիր կար, որի լուծումը հեշտ գտա։ Քանի որ տիրապետում եմ նաև կաշվի հետ աշխատելու տեխնոլոգիաներին, չորացնում եմ կաշին ու քարերը դրանց վրա ամրացնում։ Այս փուլում հիմնականում կրծքազարդեր եմ պատրաստում՝ իմ նախասիրություններից ելնելով։ Ինքս էլ զարդերից հիմնականում կրծքազարդեր եմ կրում, չնայած, կարելի է նաև ականջօղեր, կախազարդեր ու վզնոցներ պատրաստել։

Հիմա քայլելիս աչքս անընդհատ գետնին է։ Ամեն րոպե քար եմ փնտրում ու հավաքում։ Շատ ժամանակ քարերը հավաքելիս դրա ձևն արդեն հուշում է, թե իրենից ինչ պետք է ստանամ։ Իհարկե լինում են դեպքեր, երբ նախօրոք որոշած զարդի համար եմ քար փնտրում, բայց հիմնականում քարն է թելադրում ապա արդյունքը։ Աշխատում եմ հնարավորինս պահպանել բնական ձևը, եթե անգամ վրան նախշեր եմ ավելացնում կամ մի փոքր տաշում»։

dandelion

Ռիման որոշել է կոտրել նաև կարծրատիպը, թե քարը խաղալիք չէ։ Պատրաստվում է քարից խաղալիքներ, շարքը կոչվում է  #story_stones։ 

«Քարերի հետ աշխատելիս նկատում էի, որ որդիս սիրում է դրանցով խաղալ ու որպեսզի նրա համար էլ ավելի հետաքրիր լինի, որոշեցի քարերի վրա կեպարներ նկարել: Դրանք նրան շատ դուր եկան, այդ կերպարներով հեքիաթներ է բեմադրում ու հաճույքով խաղում։ Դա օգնում է զարգացնել երեխայի երևակայությունը։ Կարծում եմ՝ երեխան ինչքան շատ շփվի բնական նյութերի հետ ու հեռու մնա արհեստական ու քիմիական նյութերից, այնքան ավելի լավ։ Իսկ քարը բնության մի մասն է։ Ինչպես ու ինչ նպատակով օգտագործել քարը, երեխային կարող է հուշել  ու ուղղորդել ծնողը»։

dandelion

Ռիման չի սիրում իր զբաղմունքը բիզնես անվանել, դա պարզապես իր սիրելի հոբբին է, աշխատանքը, որը դուր է գալիս նաև այլ մարդկանց։

«Երբեք վաճառքի նպատակով չեմ պատրաստում զարդը, բայց երբ այն հավանում են ու գնում, անչափ հաճելի զգացողություն է։ Որախանում եմ, որ իմ պատրաստած զարդն ինչ-որ մեկին ուրախացնում է, ինչ-որ մեկն այն սիրով կրում է։ Հիմնականում պատվերով չեմ պատրաստում, որովհետև այն ինչ անում ես պատվերով, արդեն անում ես պարտադրված, դա չես անում հաճույքով։ Իսկ քարն անկախատեսելի է, ոչ մի քար իր նման երկրորդը չունի։ Այս աշխատանքը անհատական մոտեցում ու սեր է պահանջում։ Գիտե՞ք ինչքան հաճախ եմ քաղաքից դուրս գնում հենց քարեր ու մտքեր հավաքելու։ Գնում եմ, քայլում բնության գրկում ու մտքեր հավաքած հետ գալիս։ Ինչ-որ բան անելիս պետք է դա անել սիրով, շատ մեծ սիրով»։

dandelion
dandelion

Բացի քարե զարդերը, Ռիման նաև թղթից տիկնիկներ է պատրաստում՝ պապիե-մաշեի մեթոդով (ծամված թուղթ): Թուղթ, սոսինձ ու երևակայություն․․․

«Այս մեթոդով պատրաստվել են տոնածառի ամենահին խաղալիքները, կարելի է ասել վերականգնել եմ այս տեխնիկան։ Այս դեպքում ամեն ինչ եղանակից է կախված, հենց մի քիչ ցրտում է, իմ մոտ արդեն տոնական տրամադրություն է, սկսում եմ խաղալիքներ պատրաստել»։

dandelion

#կրեատիվ #Ձեռքիաշխատանք #մշակույթ #քարերիցզարդեր