Search

Օլգա Մենի կերպարային տիկնիկները

Օլգա Մենը ծնվել ու մեծացել է Սանկտ Պետերբուրգում։ Երկար տարիներ աշխատել է քաղաքի մանկական թատրոնում որպես թատերական ներկայացումների զգեստների նկարիչ-մոդելավորող։ Ամուսնացել է և արդեն չորս տարի է, որ տեղափոխվել է և ապրում է Երևանում։

Օլգան բացառիկ արվեստագետ է, նրա տիկնիկներն առանձնանում են ինքնատիպ ոճով, կերպարայնությամբ և արտահայտչականությամբ։ Դրանք ոչ թե անշունչ տիկնիկներ են, այլ ներքին կենսունակությամբ ու հոգեբանական նրբին առանձնահատկություններով վերակենդանացած հեքիաթների, լեգենդների, թատերական տարբեր ներկայացումների հերոսներ, բնության տարբեր տարերքներն ու բուսական աշխարհը մարմնավորող ոգեղեն էակներ։

Օլգայի արվեստին բնորոշ են գունային նրբաճաշակ զուգորդումները, կերպարային առանձնահատկությունների ամենանմանր դետալների ընտրության կարևորումը, եթերայնությունն ու ոգեղենությունը։

Արվեստագետն անընդհատ որոնումների մեջ է, նրա ստեղծագործականությունը երբեք կանգ չի առնում ու չի սահմանափակվում որևէ կետում։ Շարունակական որոնումները հանգեցնում են թեմատիկ նոր շարքերի ստեղծմանը՝ «Հեքիաթներ ու լեգենդներ», «Ծաղիկներ», «Հայկական հեքիաթներից», «Ձմեռային հեքիաթ», «Տարվա եղանակներ»։

Վերջին տարիների ստեղծագործական որոնումների արդյունքն են հայկական թեմաներով տիկնիկների շարքի ստեղծումը, ուր ամենայն մանրամասնությամբ ընդգծվում են ազգային հագուստի, հայուհիների բնութագրական կերպարների թեմաները։

Վերջերս Օլգան նոր ստեղծագործական հարթություններ է նվաճում, որի արդյունքը հայկական տարազի ձևավորման ուղղությամբ արված բավականին հաջող փարձերն են։

Օլգա Մենի արվեստում միահյուսվում են ռեալականությունն ու ոգեղենությունը, բնությունն ու կենսունակությունը, երկրայինն ու երկրայինը, որի ամբողջությունն էլ հենց արվեստի համամարդկային բնույթի վկայությունն է։


Հեղինակ՝ Նաիրա Կիլիչյան

#տիկնիկագործություն #ՕլգաՄեն

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am