Search

Քոչարի․ հայկական ամենապահպանված պար

Քոչարի, Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է։ 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ընդրգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։

Քոչարի պարատեսակի ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել՝ կոնսերվացվել են հնագույն շարժումների շարժական արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը, խոյերի ու այծերի, պոզահարման, այծամարդու շարժումները, ինչպես մինչ այժմ պահպանվել է հայոց լեզվի հնագույն արմատները։ Շարժումների նմանակումը առավել վառ արտահայտված է առաջ սրընթաց հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, ասես կտրուկ թափ առնելու և ծնկները կտրուկ շտկելու, իրանը առաջ թեքելով, ասես ախոյանին(ոսոխին) պոզահարելու համար։

Այս պարը պարում են տարբեր հայկական տոների ընտանեկան հավաքույթների և այլ միջոցառումների ժամանակ: Քոչարին կարող են պարել բոլորն անկախ սեռից, տարիքից և սոցիալական վիճակից: Քոչարին կրում է միասնականության և համերաշխության իմաստը: Նպաստում  է պատմական, մշակույթային և էթնիկ արժեքների պահպանմանը, ինչպես նաև նպաստում է փոխադարձ հարգանքի ստեղծմանը, անկախ տարիքից: Այն փոխանցվել է` ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշոնական (ընտանիքների և ինքնաբուխ ստեղծված պարի խմբերի շնորհիվ)  եղանակով: Քոչարին այն եզակի ազգագրական պարերից է, որը շղթայաբար փոխանցվել է  սերնդից սերունդ, և այդ շղթան երբեք չի ընդհատվել: Պաշտոնական փոխանցման ձևը ներառում է «ազգագրական երգերի և պարերի» ուսուցումը տարբեր հայկական դպրոցներում սկսած 2004թ-ից: Համացանցի, ԶԼՄ-ների և այլ տեղեկատվական ծրագրերի նախաձեռնությամբ ավելի տեսանելի է դառնում «ազգագրական երգերի և պարերի» նշանակությունը: Ազգագրական պարի խմբերը նույնպես սկսեցին ակտիվ գործունեություն վարել տարբեր համայնքներում սկսած 1960թ-ից: Հասարակական կազմակերպությունները ժամանակ առ ժամանակ նույնպես ձեռնարկում էին ազգագրական պարի դասեր: