Search

ՔՈԱՖ-ի շնորհալի երեխաների ցուցահանդեսը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում

Ս. թ. ապրիլի 5-6-ը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի է ունենում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) աջակցության շրջանակում գործող ձեռարվեստի՝ ասեղնագործության, շյուղագործության, կարպետագործության, փայտագործության արտադասարանական խմբակների շուրջ 200 շնորհալի երեխաների ցուցահանդեսը։ Մասնավորապես ներկայացվում են ՀՀ Արմավիրի մարզի Քարակերտ, Մյասնիկյան, Վանանդ, ՀՀ Շիրակի մարզի Գուսանագյուղ, Վարդաքար, Բենիամին, ՀՀ Լոռու մարզի Աքորի, Քորագյուղ և ՀՀ Տավուշի մարզի Զորական, Պտղավան, Արճիս, Բերդավան համայնքների երեխաների աշխատանքները, որոնք վերարտադրում են հայկական ասեղնագործության ավանդույթները, ներկայացնում են ասեղնագործության տարբեր ոճական ուղղություններ, ինչպես նաև երեխաների ստեղծագործական մտահղացմամբ ու երևակայությամբ ամբողջացած տարբեր աշխատանքներ, այդ թվում՝ փոքր չափի կարպետներ, ասեղնագործ բարձեր, հելունագործ խաղալիքներ և փայտարվեստի նմուշներ։ Առանձնահատուկ աչքի են ընկնում վարպետ ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանի սաների ձեռագործ աշխատանքները, որոնք աշխատված են ձեռարվեստի այս ուղղությանը բնորոշ նրբությամբ, մանրակրկիտությամբ, գունային ներդաշնակ համադրումներով, տեխնիկական վարպետությամբ և անշուշտ՝ սիրով ու համբերությամբ։ Այս ամենում ակնհայտ է նրանց ուսուցչի՝ Արմինե Խաչատրյանի ներդրումը, որը Հայաստանի տարբեր համայնքներում ասեղնագործություն սովորող աղջիկներին ու կանանց անմնացորդ նվիրումով ու սիրով փոխանցում է իր վարպետության գաղտնիքները։ Արմինեի գործունեության շնորհիվ բազմաթիվ աղջիկներ և կանայք առնչվում հայկական ասեղնագործության ավանդական արվեստի նրբահյուս հմտությանը, բացահայտում իրենց անհատականությունն ու հոգեկան ներդաշնակությունը։ Այս ցուցահանդեսը ոչ միայ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող նշանակալի իրադարձություն է, այլև դրա կենսունակությունը և փոխանցումը փաստող կարևոր միջոցառում։


Նաիրա Կիլիչյան

#Ասեղնագործություն #կարպետագործություն #շյուղագործություն