Search

Տիեզերական պատկերացումները հայկական գորգերում

Գորգը հայի համար եղել է ոգեղեն արժեք` կատարելով կյանքի առաջադրած ծայրահեղ վիճակների դեմն առնող պահապան-հմայիչի դեր: Գորգն օգտագործվել է ծննդաբերության հաջողությունն ապահովելու նպատակով, թաղման և հարսանեկան ծեսերի ժամանակ և տոն օրերին:

Ի՞նչ գաղտնիքներ է գորգը  թաքցնում, որ այսօրվա հայի համար անհասկանալի են, և եթե դեռ պատահում են ավանդական կիրառության արտահայտություններ, ապա բացատրվում են սովորույթի ուժով: Դարեր ի վեր հայոց մեջ կատարվել են գորգի և տորքի (ջուլհակի դազգահ) հետ կապված արարողություններ, աշխատանքային ծեսեր` գորգի հմայական ուժն ապահովելու համար: Բայց ամենամեծ գաղտնիքը գորգի զարդանախշերի, գունային համադրությունների, պատկերային սիմետրիկության և ասիմետրիկության մեջ է, որոնք պարունակում են հայկական տիեզերաբանական պատկերացումների մի ամբողջական պահեստարան: Հենց դրանով էլ պայմանավորված է գորգի չարխափան-հմայական գործառնությունը:                                                                                                                              Հայաստանում կատարված պեղումներից հայտնաբերված մ.թ.ա. II-I-հազարամյակներով թվագրվող  կարպետի պատառիկների վրա հանդիպում են կեռխաչի, ջրի և օձավիշապի խորհրդանշաններ, որոնք բնորոշ են նաև մ.թ.ա. IV-I-հազարամյակներով թվագրվող հայկական ժայռապատկերներին: Նման խորհրդանշանային պատկերներ պահպանվել են նաև ավելի ուշ շրջանի` ընդհուպ մինչև 19-րդ դարի  հայկական գորգերում: Զարդանախշային ամենատարածված մոտիվը տիեզերական ծառ կամ տիեզերական սյուն խորհրդանշող պատկերներն են: Այդ զարդանախշին ուղեկցում են երկվորյակներ, վիշապ, տիեզերական հավասարակշռություն, հավերժություն խորհրդանշող պատկերները, որոնցում հաճախ են հանդիպում սիմետրիկորեն շուռ տրված կառուցվածքներ:            Գունային առումով դրանցում գերակշռողը կարմիրն ու կապույտն են: Բացի ամբողջական ֆոնային գույներից, որպես մասնակի ֆոն առանձին զարդանախշային համալիրներում տիրապետող են սև և սպիտակ գույները, երբեմն նաև` շագանակագույնի և դեղնավունի տարբեր երանգներ: Նշված գույները տիրապետող են նաև զարդանախշերում: Վիշապների համար հիմնականում կիրառվում են չորս գույներ հետևյալ հակադրությամբ` կարմիր-կապույտ, սև-սպիտակ: Տիեզերական հավասարակշռություն արտահայտող խորհրդանշանը նույնպես կառուցված է սև-սպիտակ գույների հակադրությամբ: Տիեզերական ծառ բնորոշող գույներն են հիմնականում կապույտը, սպիտակադեղնավունը, երբեմն նաև`  կանաչը: Կառուցվածքային առումով գորգին բնորոշող տարրերից են զարդանախշային համալիրները, որոնք թվով երկուսն են (չորսը)  կամ  երեքը (հինգը): Երկմասն կամ եռամասն գորգերը ծրատում են տիեզերքի կառուցվածքի մասին հայկական հնամենի պատկերացումները: Ըստ երկմասն կառուցվածքի` տիեզերքը կազմում են վերին (երկնային, բարի, լուսավոր) և ստորին (չար, մութ) աշխարհները, որոնց գունային խորհրդանիշը սպիտակ-սև հակադրությունն է: Ըստ եռամասն տիեզերքի պատկերացման` այն կազմում են երկինքը, երկիրը և ստորերկրայքը: գորգի կենտրոնը հիմնականում նշվում է տիեզերական հավասարակշռություն խորհրդանշող սպիտակ-սև հակադրամիասնությամբ: Ամեն մի համալիր գորգի ընդհանուր ֆոնից բաժանված է երիզով: Երիզները բնորոշ են նաև գորգի ամբողջական համալիրին և հիմնականում թվով կենտ են լինում` երեք, հինգ կամ յոթ: Դրանք այն սահմանն են, որը գորգի ներսի աշխարհը (միկրոտիեզերքը)  և՛ բաժանում, դրսի աշխարհի հետ: Գորգի կառուցվածքի խորհրդանշային ենթատեքստը ամբողջական է դառնում զարդանախշերի իմաստաբանության զուգորդման միջոցով:

Նկ.1-ում պատկերված զարդանախշը խորհրդանշում է երկվորյակների պայքարը, մահը և արյունից աճած Տիեզերական ծառը կամ սյունը: Զարդանախշի կենտրոնը խորհրդանշում է տիեզերական կարգը: Նկ.2-ի զարդանախշը կարելի է համարել նկ.1-ի փոքր ինչ այլապատկեր տարբերակ: Ի դեպ, երկու զարդանախշում էլ արտահայտված է երկվորյակ վիշապների (չար և բարի) պայքարը: Նրանց հակադրությունը խորհրդանշվում է սև (կարմիր) և սպիտակ (կապույտ) գույների միջոցով: Ըատ էության երկվորյակների պայքարում վիշապամարտի առասպելական թեման: Չար վիշապը խորհրդանշված է սև նախշով, բարին` ամպրոպամարտի նախատիպը, սպիտակով: Նրանք միևնույն ժամանակ խորհրդանշում են կանացի  (չար, սև, կարմիր) և տղամարդկային (բարի, սպիըակ, կապույտ) նախասկիզբները: Նույն շարքի մեջ կարելի է դասել նաև 3-րդ և 4-րդ զարդանախշերը: Շարքը լրացնում են կեռխաչը  (5-րդ) և խաչը (6-րդ)` կենտրոնում տիեզերական հավասարակշռության նշանով: Գորգի զարդանախշային և գունային համակարգում ակնառու է նաև 4-րդ զարդանախշի իմաստային անցումը 9-րդին:

7-րդ և 8-րդ զարդանախշերը իմաստային առումով նշված բոլոր զարդանախշերի ամենախտացված արտահայտություններն են, որոնց  բնորոշ է հին աշխարհի, հատկապես չինական ին-յան խորհրդանշանի (նկ.10) չար (կին) և բարի (տղամարդ) հակադրությունը, որ արտահայտված է սև և սպիտակ գույներով, պայքարի և միասնության գաղափարը: Վերջինս էլ, ըստ առասպելական մտածողության, պայմանավորում է սիեզերական հավասարակշռությունը: 8-րդ զարդանախշում սևի և սպիտակի հակադրամիասնությունը արտաքին սև շրջանակների կենտրոնում սպիտակ և կենտրոնական սպիտակ շրջանի սև կետերի միջոցով: Նույնը 7-րդ զարդանախշում արտահայտվում է սև և սպիտակ գույներով միասնական ‹‹աշխարհի› (քառանկյ սահմաններում գտնվելով: առանձին զարդանախշերի ենթատեքստային թեմատիկան կրկնվում է առանձին զարդանախշային համալիրում և գորգի ամբողջական զարդանախշա-գունային միկրոտիեզերքում: Իսկ վերը նշված ներսի (բարի) և դրսի  (չար) աշխարհները կապող կենտ թվով երիզները, պատկերավոր ասած, հրաշապատում հեքիաթների այն յոթ սարերն են, որոնք հաղթահարելով հերոս դյուցազնը փախցնում է գեղեցկուհուն չար վիշապի զնդանից:

Ընդհանրացնելով կարելի է ասել, որ ծիսական արարողության ժամանակ գորգի տեղադրումը ծիսական տարածքի կենտրոնում, որտեղ գտնվում են նաև ծեսի կենտրոնական մասնակիցները, խորհրդանշում է վերջիններիս տեղափոխումը գորգի սրբազան` տիեզերական հավասարակշռության և ներդաշնակության միկրոտիեզերք, ապահովելով նրանց հաջողությունը և անվտանգությունը չար ուժից:

Աղբյուրը՝ www.magaghat.am

#խորհրդանիշներ #հայկականգորգ #հավատալիքներ