Search

Տեղի ունեցավ Նարեկ Վան Աշուղաթոյանի «Փրկեալ ձեռագործք հայոց» պատկերագրքի շնորհանդեսը

Ս. թ. ապրիլի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանակարների դահլիճում տեղի ունեցավ իրավաբան, հավաքաորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի «Փրկեալք ձեռագործք հայոց» պատկերագրքի շնորհանդեսը, որում զետեղված է հեղինակի հայկական ձեռագործի (17-20-րդ դդ.) հավաքածուն՝ շուրջ 50 հայկական ձեռարվեստի նմուշներ։ Հավաքածուի հիմքը Նարեկի պապից՝ նկարիչ Հովհաննես Շարամբեյանից ժառանգված ձեռագործ աշխատանքներն են, որը հետագայում համալրվել է Նարեկի կողմից տարբեր հավաքորդներից և միջազգային աճուրդներից ձեռք բերված բացառիկ նմուշներով։ Պատկերագիրքը լույս է տեսել ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի նախագահ, ամերիկահայ Լ. Դեր-Բեդրոսսյանի հովանավորությամբ, որն արդեն երկար տարիներ իր անձնվեր գործունեությամբ և ներդրումներով նպաստում է Հայաստանի տարբեր համայնքներում ժողովրդական ստեղծագործության պահպանմանը և սերնդեսերունդ փոխանցմանը։ Գրքի ստեղծման գործում իրենց ներդրումն ունեն հայկական ձեռարվեստի ճանաչված մասնագետներ Կարինե Բազեյանը և Հրազդան Թոքմաջյանը։ Ասեղնագործությունը բազմաշերտ մշակութային դրսևորում է, որի միջոցով մեզ է հասել հայկական հնագույն մշակույթի մի մասը։ Այս առումով պատկերագրիրքը յուրօրինակ վավերագիր է, որում ամփոփված նմուշները հայկական մշակույթի որոշակի շրջանի և ինքնատիպ դրսևորման պատկերային վկայություններն են։ Նարեկ Վան Աշուղաթոյանի «Փրկեալ ձեռագործք հայոց» պատկերագիրքն առաքվելու է աշխարհի տարբեր համալսարաններ և գրադարաններ, տրամադրվելու է մշակութային և գիտական կազմակերպություններին։ Նախատեսվում է նաև կազմակերպել ցուցադրություն, ուր հանրությանը կներկայացվեն գրքում զետեղված նմուշները։


Նաիրա Կիլիչյան

#ԺողովրդականարվեստիՀանգույցհիմնադրամ #Հայաստանիազգայինպատկերասրահ