Search

Տեղի կունենա «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի էպոսասացության հանրապետական մրցույթի եզրափակիչ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ««Սասնա տուն» հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման և տարածման ծրագիրը կեզրափակվի ս. թ. հոկտեմբերի 5-ին էպոսասացության հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլով, որը տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը:

Ինչպես նախատեսվել էր ծրագրով՝ հանրակրթական դպրոցներում անցկացվել էր էպոսասացության հանրապետական մրցույթի նախնական և մարզային փուլերը, որի արդյունքում յուրաքանչյուր մարզից ընտրվել են 3-4 աշակերտ` եզրափակիչ փուլին մասնակցելու համար:

Ավարտվել են նաև հասարակության մեջ մեծ հետաքրքրություն առաջացրած «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածի կատարելագործման աշխատանքները: Համալրվել է հավելվածի «ինտելեկտուալ խաղեր» բաժնի հարցերի բազան, ինչը հնարավորություն է տալիս խաղի միջոցով ավելի շատ տեղեկություններ ստանալ ինչպես բուն էպոսից, այնպես էլ էպոսի մասին ընդհանրապես:

«Ժամանցային խաղեր» բաժնում ստեղծվել է էպոսի թեմայով ևս մեկ խաղ` հավելվածը բազմաբովանդակ և առավել հետաքրքիր դարձնելու համար, ինչպես նաև ավելացվել է հղումների կոճակների քանակը, ինչը կդյուրացնի էպոսին վերաբերող նյութերի որոնումը:

«Սասունցի Դավիթ» հավելվածը հասանելի է «Անդրոիդ» (Android) և «Այոուես» (IOS) համակարգերում: Այն կարելի է ներբեռնել նշյալ համակարգերի «Փլեյ մարկետ» (Play market) ծրագրից, հայերեն կամ անգլերեն գրելով՝ «Սասունցի Դավիթ»: