Search

Տեղի կունենա նկարիչ Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» գրքի շնորհանդեսը

Ս. թ. սեպտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու)՝ Գյումրի քաղաքի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի հետ համատեղ կանցկացվի նկարիչ Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» ինքնակենսագրական պատումների ժողովածուի շնորհանդես-վաճառքը: Գրքի վաճառքից ստացված հասույթը կուղղվի Ասլամազյան քույրերի պատկերասրահի  բարենորոգմանը:

Մարիամ Ասլամազյանի կյանքը անմնացորդ նվիրում էր արվեստին: Նկարիչն ապրել է մոտ մեկ դար՝ վրձինը ձեռքին, իսկ կյանքի վերջին տարիներին, ի մի բերելով արածն ու չարածը, գրել է «Կյանքի դավթարը» պատումների գիրքը: Մ. Ասլամազյանը, իրեն բնորոշ անկեղծությամբ և սեփական դիտարկումներով վերլուծել է իր ապրումները, պատմել կյանքի դժվարին տարիների ու երջանիկ դիպվածների մասին, անդրադարձել իր ընկերների՝ Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի, Վազգեն Առաջին կաթողիկոսի, Ինդիրա Գանդիի և այլոց հետ հանդիպումների թանկ հուշերին: Հեղինակն իր տեսանկյունից վերանայել է խորհրդային, հետպատերազմյան տարիները և բնորոշել դրանց հետևանքները: Պատումների գիրքն առաջին անգամ հրատարակվել է 2000 թվականին, Մոսկվայում` հեղինակ Մ. Ասլամազյանի միջոցներով: 2016 թվականին «Կյանքի դավթար» ինքնակենսագրականը վերահրատարակվել է:

Հավելենք նաև, որ ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մարիամ Ասլամազյանի ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն գտնվում է Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում, իսկ նկարչի ստեղծագործություններն այսօր զարդարում են Հայաստանի ազգային պատկերասրահի, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի՝ շուրջ 50 ճանաչված թանգարանների հավաքածուներն ու մշտական ցուցադրությունները: