Search

Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին

Գեղջկական բառը մերօրյա գորշության մեջ շատերի համար խեղճության ու պարզունակության հոմանիշ է դարձել… Դա հենց ժամանակի փչացածության և մշակութային արժեզրկման յուրօրինակ բարոմետրն է: Բայց բանաստեղծուհի Հասմիկ Սարգսյանը մի շրխկոցով՝ իր «Գեղջկական տաղիկներ» բանաստեղծությունների շարքով ուզում է կոտրել կարծրատիպը… Մեր օրերի «Կտրված կաթի պղտորությունում» առավել պղտորողներն ավելի շատ են, քան մաքրողները… Այդ պղտորությունը լցվել է մարդկանց նյութապաշտ հոգիները, երկատել մարդկային ԵՍ-ը, դարձրել պատեհապաշտ ու ընչասեր: Եվ առանց ավելորդ նախաբանի՝ Հասմիկը հուշում է հոգու դռները բացող բանալիներից մեկը՝ «Օրերն այնժամ կպարզվեն, Երբ ես հանդարտորեն տեղամ տեղ-տեղ»: Այդ բանալին մեծ սերն է ու բարությունը: Եվ այսօրվա հաճախ գիր ու խզբզոցի մեջ նա հանդարտորեն տեղաց իր «Գեղջկական տաղիկներ»-ը՝ որպես կենսատու կաթիլներ հոգիների անապատում: Գեղջկական տաղիկներով Հասմիկը բացում է ժողովրդի, հասարակ ռանչպարի մեծ հոգին և համոզում, որ այդ նշխարների պակասից է ավելացել սուտն ու կեղծիքը: Նա սովորական մի ջրտուքի պահը դարձնում է մարդու, հողի ու ջրի միատեղ արարում: Եվ այդ տաղիկներից շատերին հրաշագործ մաեստրո Սեդրակ Երկանյանը ճախրանքի թևեր է տալիս, բեմը դարձնում հայրենիք, սրբազան մի տաճար, ուր հնչում են ժողովրդի աշխատանքի ու սիրո մեղեդիները: Երբ լսում եմ Հասմիկ Սարգսյանի խոսքերով ու Սեդրակ Երկանյանի մեղեդիներով Սասնա տաղիկները, նորից ու նորից ինձ զգում եմ Մարութա սարի ստորոտում պապիս ծննդավայրում: Այդ տանելու մեջ է արվեստի ուժն ու հմայքը… Չարենցի տուն-թանգարանի քարե աստիճաններին նստած՝ մաեստրո Սեդրակ Երկանյանի հետ արվեստի ճախրանքի թևերից էինք խոսում, իսկ մեր կողքին կանգնած Հասմիկ Սարգսյանը արդեն մի նոր տաղիկի տողն էր արարում…

Աղբյուրը՝ http://www.magaghat.am