Search

Վարդավառ. վարդավառյան ուտեստներ

Վարդավառ կամ Վարդեվառ, որպես քրիստոնեական տաղավար տոն՝ Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն,հայ ժողովրդական նախաքրիստոնեական տոն, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Գրիգոր Լուսավորիչը փոխել է Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնով։ Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։

Վարդավառը տարբեր բնակավայրերում ուներ անվանման տարբեր տարբերակներ՝ պայմանավորված հայերենի բարբառային առանձնահատկություններով, ինչպես նաև տոնի գլխավոր ուխտավայրերի ու առավել տարածված բաղադրիչների գերակա անվանումներով։ Այդ անվան տարբերակներից են՝ Վարթավառ (Արճակ), Վարդևոր (Լոռի, Ջավախք, Հարք-Բուլանխ,Կաղզվան), Վարդիվոր (Դերսիմ), Վառթիվոր (Ձնաբերդ), Վըրթէվուր կամ Վըրթէվուր (Արցախ-Վարանդա), Վարթևոր (Նոր Նախիջևան), Վարթիվոր, Ճրճանքի օր (Շաղաթ), Ճրճան (Մարտիրոս-Վայոց Ձոր), Վրթիվեր (Այգեհովիտ-Տավուշ), Վըրդիվուր (Մեղրի), Վարդավար, Վարդըվուր կամ Վարդիվուր (Մոսալեռ), Վարթիվոր (Ղզլար), Պալլամ, Պարլում կամ Պարլամօն (Քեսապ) և այլն:

Ղևոնդ Ալիշանի կարծիքով, վարդավառ բառը ծագել է «վարդ» արմատից է և կապված է Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ։ Ըստ Գրիգոր Ղափանցյանի, վարդավառը խեթերեն բառակազմություն է՝ կազմված «vadar» (ջուր) և «arr» (լվանալ՝ ցնցղել իմաստով) բառերից: Որոշ հեղինակներ վարդավառ բառը համարում էին սանսկրիտից փոխառված: Հովհաննես Ծոցիկյանի կարծիքով, այդ բառի միայն առաջին հատվածն է («վարդ») սանսկրիտից թարգմանաբար նշանակում «ջուր», իսկ մյուս հատվածը՝ «ավար» հայերեն է՝ «թափել», «ցայտել» («վայրել» բառարմատից) իմաստով: Ֆնգլյանի կարծիքով վարդավառ նշանակում է «ջրի ուղի» և կապված է Անահիտ աստվածուհու հետ։ Հունական միջավայրում տոնը ստուգաբանվել է վարդ-ծաղիկ համատեքստում։ Հունարենում «ռոդոն» վարդ է նշանակում, դրանից Ռոդիզմոսը՝ տոնակատարություն, որի ժամանակ գերեզմանները զարդարվում էին վարդերով, Անթիզմոսը՝ անթոս(ծաղիկ) բառից՝ ծաղկում, Անթեփորիա (բառացի՝ ծաղկաբերություն, Pascha rosarum (լատ.՝ «Վարդերի Զատիկ), Վարտուվարիա (Վարդավառ՝ հոգնակի): Պավլոս Կարոլիդիսը (1849-1930) օրինակ, տոնն անվանել է «Վարդերի Զատիկ»։

Վարդավառը ծագմամբ Բնապաշտական տոն է, որը, ըստ հայագիտության մեջ եղած տեսակետների, կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի, Ամանոր-Նավասարդի հետ։ Վաղնջական ժամանակներից, հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և նվիրատվություններ անելով դաշտը հովանավորող ուժերին արտերի տարերքը մարմնավորող Միհրին։ Այսպես, տոնահանդեսի անհրաժեշտ դրսևորումներից էր հասկի փնջեր և նույնիսկ խրձեր տանել մեհյանները շնորհակալության տուրք մատուցելով այդ հասկի աճելուն օժանդակած աստվածներին ՝ բնության տարերգներին, գինի հեղել ջրերի ակունքների մոտ՝ ջրի տարերգին նվիրված ուխտավայրերում, մեծարելով դաշտային աշխատանքներին խիստ անհրաժեշտ ջուի տարերքը։ Միհրան Թումաճանը գտնում էր, որ Սուրբ Կարապետի Վարդավառ տոնը հին զրադաշտական Վարդավառի շարունակությունն է։

Այս տարի՝ Հուլիսի 28-ին է նշվելու Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը։

Նախկինում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում էր մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։ Նախկինում միմյանց վրա ջուր լցնելը համարվել է պաշտպանություն տարբեր հիվանդություններից և վախերից:

Ավելի վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ, այստեղ կատարվել են նաև զոհաբերություններ՝ ի պատիվ ջրի հովանավորող ոգիների։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։ Վարդավառի խորհուրդը եղել է նաև ջրի պաշտամունքը, երբ մարդիկ աղերսել են իրենց այգիների պտղաբերություն։

Վարդավառի ժամանակ աղավնիներ էին թռցնում և պատրաստում տոնածառ՝ զարդարելով գունավոր ժապավեններով, վարդերով, վարունգով և խորոված խնձորով: Պետք չէ զարմանալ խորոված խնձորը տոնի ծիսական ուտեստներից մեկն է եղել: Հայերը գիշերը պարտադիր խարույկ են վառել և խնձոր են խորովել՝ համեմելով այն դարչինով և այլ համեմունքներով:

Հայաստանի յուրաքանչյուր շրջանում էլ տոնի նշել են յուրովի՝ եղել են փոքր տարբերություններ, սակայն կարելի է ասել, որ Տավուշում հատկապես մեծ շուքով են նշել Վարդավառը: Այդ օրերին տեղի շնորհաշատ կանայք պատրաստել են նաև տոնական, ծիսական ուտեստներ, թխելով ԿՐԿԵՆԻ, ԲԱՂԱՐՋ, ԿԱԹՆԱՀՈՒՆՑ, ՆԱԶՈՒԿ, եփել ԿՈԼՈԼԱԿ, ՀՈՆԱՍՊԱՍ, ԿՈՐԿՈՏ, ՋԱՄԲ, ԴԴՄԱՔԱՇՈՎԻ և այլ ավանդական կերակրատեսակներ: Նշված ուսեստներով տավուշցիները հյուրասիրել են հարևաներին և հյուրերին՝ ներկայացնելով Տավուշի ավանդույթները: Սակայն եղել են ուտեստներ, որ հայնի են եղել գրեթե բոլոր շրջաններում Հայոց ծիսական ուտեստները նախ և առաջ ունեցել են բուժիչ և կանխարգելիչ հատկություններ տարբեր հիվանդությունների համար:

Մատաղ

Գառան կամ աքլորի միսը եփել, վրան խոշոր աղ ավելացնել ըստ ճաշակի:

Խորոված խնձոր

Խնձորի պոչերը հեռացնել և անցք բացել, մեջը լցնել դարչին, մանրեցված ընկույզ և շաքարավազ: Փոքր կաթսայի մեջ մեղրի վրա ավելացնել կես բաժակ ջուր և լցոնված խնձորները դնել մեջը: Կաթսայի կափարիչը ծածկել և եփել մարմանդ կրակի վրա, 15 րոպե: Այնուհետ սառեցնել, խնձորի վրա մեղր կամ մեղրաջուր լցնել և մատուցել որպես աղանդեր:

Ագդակ

Հունցել խմորը, թողնել հանգչի 25-30 րոպե: Ապա խմորը բաժանել գնդերի: Դրանք գլորելով երկարացնել` տալով գլանի ձև, մի փոքր տափակեցնել, բաժանել 5 սմ կտորների և տապակել տաք յուղի մեջ: Վրան մեղր լցնել և մատուցել տաք վիճակում:

Գառան մսով բանջարեղեն

Շերտել բանջարեղենը, կտրատել միսը: Կաթսայի տակ շարել միսը, վրան լցնել լոլիկը, կարտոֆիլը, դարձյալ միսը, ապա` սոխը, սմբուկը, պղպեղը… այդպես, մինչև կաթսայի բերանը: Վերջում ավելացնել կես բաժակ ջուր, կաթսայի բերանը ամուր փակել և կախել մարմանդ թոնիրի մեջ:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Նյութը՝ Peter Armenio Garegin Sanatruki – ի ֆեյսբուքյան էջից: 

#Հայկականավանդականուտեստներ #Հայկականխոհանոց #Վարդավառ

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am