Search

«Վարդավառ» միջազգային փառատոն

Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ ամեն տարի ավանդաբար կազմակերպվում է «Վարդավառ» միջազգային փառատոնը, որի նպատակը երիտասարդությանն ու հանրության մյուս շերտերին  Վարդավառի տոնածիսական առանձնահատկությունների ինքնատիպ ներկայացումն է, ազգային-ավանդական մշակույթի հանրահռչակումը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս: 

Ամեն տարի Հայաստանից, Սփյուռքից և արտասահմանից հազարավոր հյուրերի համախմբող հեղինակավոր փառատոնն անցկացվում է համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող Հայաստանի խոշոր հուշարձաններում՝ Գառնիում և Գեղարդում: Գեղարդի վանքում փառատոնի հյուրերը հնարավորություն են ստանում մասնակցելու տոնի խորհրդին՝ հոգևորականի կողմից ջուր ցողելու արարողությանը:

Գառնու տաճարի հարակից հրապարակում տեղի է ունենում Վարդավառի տոնակատարությունը՝ հեթանոսական ավանդույթների մատուցմամբ: Զուգահեռ, Գառնիի Նոյան այգի մշակույթի կենտրոնում անցկացվում է միջոցառման պաշտոնական մասը։ Ծրագրում ընդգրկվում է նաև հատուկ Վարդավառ միջազգային փառատոնի համար պատրաստված գաթայի և գինու հյուրասիրություն,  ազգային երգ ու պար, Վարդավառի շուրջպար և խաղեր: Փառատոնի գլխավոր գործընկերներն են «Նոյան այգի» մշակույթի կենտրոնը և «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն: «Վարդավառ» միջազգային փառատոնը մարզին յուրօրինակ փայլ է հաղորդում  և իր շուրջն է համախմբում հազարավոր մարդկանց:

 «Վարդավառ» միջազգային փառատոնի կազմակերպմանն աջակցում են Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը, ՀՀ Կոտայքի մարզպետարանը,  Գառնիի գյուղապետարանը, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ, Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը, Տերյան մշակութային կենտրոնը, Taraz Art-ը, «Ակունք» ազգագրական համույթը, Վահագն դհոլահարների անսամբլը, Վան երգի-պարի ազգագրական համույթը, Պատանի լրագրողների դպրոցը, «Արմենպրես» լրատվական գործակալությունը, eritasard.am առցանց պարբերականը, Anews.am – ը:         

#FYCA #Երիտասարդականակումբներիդաշնություն #Վարդավառ