Search

Ստրասբուրգում ստորագրվել է «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության» կոնվենցիան

2018 թ. հունվարի 24-ին Ստրասբուրգում մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային ծրագիրը, որի շրջանակում կողմերը ստորագրել են «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» ԵԽ /վերանայված/ կոնվենցիան և մի շարք այլ փաստաթղթեր:

Եվրոպական խորհրդի կողմից վերոգրյալ կոնվենցիան արդի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով նախաձեռնվեց այդ կոնվենցիայի վերանայման գործընթացը, ինչի արդյունքում դյուրացվեցին մի շարք պահանաջներ: Մասնավորապես, բազմակողմանի համաարտադրության դեպքում կինոարտադրության մինիմալ անհրաժեշտ ֆինանսական արգելքն իջավ մինչև 10%, իսկ երկկողմ համաարտադրության դեպքում՝ մինչև 5%։

Միանալով կոնվենցիային՝ կստեղծվեն նոր հեռանկարներ հայկական ֆիլմարդյունաբերության զարգացման և եվրոպական շուկայում կայուն դիրքեր ունենալու համար:

Կոնվենցիայի նպատակների անխափան իրագործման համար նախատեսվում է կողմ երկիր մուտք գործելու և կեցության դյուրին ընթացակարգի կիրառում, ինչպես նաև դյուրացվում է համատեղ արտադրության մասնակից մյուս կողմերի տեխնիկական և գեղարվեստական անձնակազմերի մուտք գործելը և կեցությունը, իր տարածքում աշխատանքի թույլտվության տրամադրումը:

Կոնվենցիան ստորագրման համար բացվել է 2017 թ. հունվարի 30-ին Ռոտերդամում: Մինչ օրս կոնվենցիան ստորագրել են Բելգիան, Կիպրոսը, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները /ուժի մեջ է մտել 01/12/2017/, Նորվեգիան /ուժի մեջ է մտել 01/10/2017/, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Սլովակիան /ուժի մեջ է մտել 01/10/2017/, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան /ուժի մեջ է մտել 01/10/2017/: