Search

«Ստեղծագործենք միասին». խեցեգործական աշխատանքների ցուցահանդես Վանաձորում


Սեպտեմբերի 29-ին` ժամը 15:00-ին, Վանաձորում տեղի կունենա «Տեռակոտա» խեցեգործական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Հայի Սիրտ» բարեգործական հասարակական կազմակերպության ու «Տեռակոտա» խեցեգործական ստուդիայի հետ համատեղ իրականացվում են խեցեգործության դասընթացներ:

Դասընթացներին մասնակցում են տարբեր տարիքի և մասնագիտության տեր անձինք` ուսանողներ, մանկավարժներ, ստեղծագործական բնույթի փոքր բիզնես ունեցող անհատ ձեռներեցներ Վանաձոր և Սպիտակ քաղաքներից, ինչպես նաև Բազում համայնքից: Հիմնական թեմաներից են` Լոռվա բնության, գորգերի և խաչքարերի զարդանախշային համադրությունների կիրառումը դեկորատիվ-կիրառական խեցեգործության մեջ և այլն:

Մասնակիցները խեցեգործության հմտություններին տիրապետելու միջոցով հաղորդակցվում են հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը, ներգրավվում են հանրային մշակութային տարբեր միջոցառումներում, ինչպես նաև հետագա մասնագիտական կողմնորոշման հնարավորություն ստանում:

Ծրագրի նպատակներից է նաև նպաստել մարզային մշակութային կյանքի աշխուժացմանը, նոր ծրագրերի և մեթոդների կիրառմամբ` մշակութային շուկայի արդի պահանջներին համապատասխան ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում բնականոն սերնդափոխության հիմքերի ձևավորմանը, Հայաստանում խեցեգործության արվեստի զարգացմանն ու տարածմանը: