Search

ՍՎԵՏԼԱՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ / Սյունիքի տարազը. ավանդույթներ և արդիականություն

Ազգային տարազը ավանդական հայոց կենսապահովման կարևորագույն տարրերից է, որը կատարել է էթնիկ ցուցիչի դեր: Հայկական ավանդական տարազն իր տարազախմբերով հանդերձ, ինչպես մեր բազմաբարբառ լեզուն, անցել է երկարատև ուղի՝ սերտորեն կապված լինելով մեր ազգի պատմության ու մշակույթի, գեղագիտական նախասիրությունների ու ընկալումների հետ:

Ազգային տարազը, իր տեղային խմբերով հանդերձ, բազմագործառութային է և, որպես մշակութային կարևոր տարր, ունի սոցիալական խմբերի, սեռատարիքային և էթնիկ ընդհանրության հոգևոր պահանջմունքների ցուցիչի դեր: Տարազը յուրատեսակ նշանային համակարգ է, որոշակի տեղեկությամբ նրա կրողի վերաբերյալ, որը հաղորդվում և դրսևորվում է կրվող համալիրի, տիպի, գույնի, ձևվածքի, զարդարանքի միջոցով: Հագուստի նշանային գործառույթներում գեղագիտական հատկանիշները միահյուսված են կրոնա-ծիսական ոլորտներին: Հայկական տարազի համալիրում առանձնացվում են մի շարք յուրօրինակ խմբեր, որոնք, տեղական առանձնահատկություններով ու տարբերակներով հանդերձ, բնութագրվում են համահայկական գծերով: Սյունիքի տարազը նույնպես կազմում է հայկական բազմախումբ տարազի անբաժանելի մասը, որը շաղկապված լինելով հայկական մի շարք տարազային համալիրներին, ներկայանում է համահայկական բնութագիր ունեցող ընդհանրական գծերով, ինչպես տարազի, այնպես էլ տարազի կառուցվածքի, առանձին տարրերի ձևվածքի ընդհանրության, այնպես էլ դրանք պատրաստելու և կրելու եղանակներով:

Սյունիքի տարազը, սերունդները դարեր շարունակ իրար փոխանցելով, հասցրել են մինչ 20-րդ դարի վերջ: Կանանց համալիրն առանձնանում է ձևածքի կատարելությամբ և գունային ներդաշն լուծումներով: Տարազն ուներ յուրահատուկ ոճ և գրեթե զուրկ էր ասեղնագործությունից: Կանայք հագնում էին կարմիր շապիկ (հալավ), կանաչ, կապույտ, կարմիր վերնազգեստ`երեք փեշով և վրայից` թավշյա կարմիր քուրք, եզրերին աղվեսի մորթի: Հարուստ կանանց մուշտակի վրա արվում էր ոսկեթել ասեղնագործություն (կանաչ կտորից նեղ ժապավենով): Թևքերը կարճ էին արվում՝ մինչև արմունկները: Թևքաբերաններում նույնպես կարվում էր մորթի և կանաչ գույնի ժապավեն:Հագուստի թևքերը զարդարված էին արծաթե բոժոժներով, գոտին՝ սև կաշվի վրա ամրացված արծաթյա կոճակներով էր: Զարդերը արծաթից էին, ինչն ավելի էր շքեղացնում զգեստը: Գլխի հարդարանքը բազմատարր էր և ճոխ էր՝ արծաթե ճակատնոցներով, քունքերին արծաթե գնդաձև զարդերի շարանով (փուչերով): Գլխի հարդարանքի տարրերից էին գույնզգույն գլխաշորերը, ճակտնոցը, արծաթե կեռազարդերը: Սյունիք-Արցախում գոտին մետաքսյա կամ բամբակյա կտորից էր, կրկնակի փաթաթել են իրանի շուրջ և հանգուցել առջևում՝ ծայրերը դնելով տակը:

Մինչև 20-րդ դարավերջ այն գործածական էր տարեց կանանց շրջանում: Սյունիք-Արցախում տղամարդիկ հագել են սև, կանայք՝ կարմիր, կանաչ, երեսը ասեղնագործ հողաթափ:

Սյունիքի և Արցախի բնակիչները կրում էին միևնույն տարազը: Այդ տարազը հատուկ էր նաև Սևանի ավազանի, ինչպես նաև Գանձակի, Շամխորի հայ ազգաբնակչությանը:

Տարազն ուներ տարածման մեծ արեալ: Մի կողմից այս համալիրը բացահայտ նմանություն է ցուցաբերում, գրեթե ամբողջությամբ համընկնում է Զանգեզուրի (Գորիս, Սիսիան, Կապան) ավանդական տարազի հետ, բացի այդ , նկատելի զուգահեռներ կան Գողթնի և Մեղրիի տարազի հետ: Մյուս կողմից՝ արցախցիների ՝ Հայաստանի հյուսիս-արևելք, Տավուշ կատարած տեղաշարժերի հետևանքով արցախյան տարազի տարբերակը տարածվում է նոր բնակության վայրում: Հաճախ է հագուստում դիտվում կարմիր-կանաչ,կարմիր-կապույտ կամ մանուշակագույն երանգների զուգորդում: Գույների նմանօրինակ ընտրությունը պատահական չէր. նախ՝կարմիրի, կապույտի, կանաչի ներդաշն համադրումները բնորոշ են հայկական ավանդական զարդարվեստին և գունարվեստին: Դա են հավաստում թանգարաններում պահպանվող հայկական գեղարվեստական գործվածքի՝ գորգագործության, կարպետագործության, ասեղնագործության, տարազի հրաշալի նմուշները: Բացի այդ, հայտնի է, որ ժողովրդական գունամտածողությամբ յուրաքանչյուր գույն ունեցել է որոշակի իմաստ ու ծիսական խորհուրդ: Կարմիր գույնին վերագրվել է մաքրագործող, չարխափան մոգական զորություն, կանաչ-կարմիրը դիտվել է որպես կյանքի, կենսունակության, արգասավորության խորհրդանիշ: Հայոց մեջ, ինչպես հայտնի է, որդուն ամուսնացնելիս հաճախ ասել են. «կանաչ-կարմիրը պիտի կապենք»: ժողովրդական երգերում ևս հաճախ գովերգում են այդ գույները.կանաչ-կարմիր հագնիս, Զինչ նռան հատըն նմանիս:[1]


Կարմիր կտավե կամ սատինե շապիկի և կարմրագույն վարտիքի վրայից կանայք հագել են պճղնավոր զգեստ՝ իրեքփեշկանի (եռափեշ), խըլըղ (արխալուղ), ղաբա-(վերջինս միջնադարյան հայրեններում հաճախ հանդիպող կապան է) անուններով, որոնցից բնութագրականը առաջին տարբերակն է. զգեստն իսկապես ունի երեք փեշ՝ կողքերից արված կտրվածքների շնորհիվ: Պարեգոտի թևերը գեղազարդվում էին արծաթյա զարդակախիկներով: Սյունիք-Արցախում ամուսնությունից հետո կնոջ գլուխը կապել են, փակել բերանը և քթի ծայրը: Ուշագրավ է, որ այստեղ (ինչպես և Վասպուրականում) գլխի հարդարանքում կիրառել են կնոջ խորհրդանիշը հանդիսացող եռանկյունաձև մասեր՝ եռանկյունաձև սպիտակ կտավե գլխաշոր, ճակատակալի վրայի եռանկյունաձև սպիտակ կտավ՝ արծաթե բոժոժների շարանով, կանաչ մետաքսյա կամ կարմիր թավշյա եռանկյունաձև ականջակալեր, որոնք դրվել են ականջների վրա և կապվել ծայրի կապիչներով գագաթին և ծնոտի տակ: Վրայից կրել են եռանկյան ձևով մեծ գլխաշոր՝ հարդարված կեռազարդով: Եռանկյունաձև ծալած, սպիտակ բամբակե շորերով ծածկել են բերանն ու քթանցքները՝ նախ սպիտակ, հետո գունավոր (կարմիր, կանաչ) բերանկապերով: Գլխի հարդարանքի մեջ կապ-հանգույցները գործնականից զատ ունեցել են նաև ծիսական գեղագիտական նշանակությունից բացի ընկալվել են որպես յուրատեսակ հմայակներ՝ապահովելով կրողի անվտանգությունը չար ուժերից: Դրա հիմքում այն մտայնությունն է, որ չարը խճճվելով չի կարողանում դուրս գալ հյուսքից: Սյունիք-Արցախի տարազի հարուստ հավաքածուներ կան ՀՀ ազգագրական բնույթի միակ խոշոր թանգարանում՝Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության ազգային թանգարանի գեղարվեստական գործվածքի հավաքածուում և ազգագրական հավաքածուներ ունեցող այլ թանգարաններում՝ Հայաստանի պատմության թանգարան, Երևան քաղաքի պատմության թանգարան, երկրագիտական թանգարաններ: Սյունիքի տարազին անդրադարձել են ազգագրագետներ Ե.Լալայանը «Սիսիան»[2] աշխատության, Ս. Լիսիցյանը «Զանգեզուրի հայերը» գրքում[3]:

Տարազախմբի վերաբերյալ միշարք ուշագրավ լուսանկարներ կան  «Տարազ» հանդեսի (1890-1919) էջերում: Համաձայն առկա ազգագրական նյութերի 19-րդ դարավերջին Սյունիք-Արցախում կենցաղավարել է տարազի երկու համալիր՝ հայավարի և քաղաքավարի: Ն. Ավագյանը իրավացիորեն առաջին տարազաձևը համարել է տեղական ավանդական տարազաձև, իսկ երկրորդը՝ Երևանի և Թիֆլիսի հայ կանանց տարազի, հատկապես գլխի հարդարանքի ընդօրինակված տարբերակ[4]: Վրայի շապիկը կարմիր կտորից էր՝կտավ, մետաքս,սատին: Վզի և կրծքի բացվածքը զարդարել են 2սմ լայնություն ունեցող սև թավշյա կտորի ժապավենով՝ եզրին արծաթյա զարդախողովակներ:


Կարմիր գույնի ներքնազգեստի վրայից հագել են պճղնավոր պարեգոտ՝ իրեքփշկանի, խըլըղ, ղաբա: Վերջինս միջնադարյան հայրեններում հաճախ հանդիպող կապան է: Առավել բնութագրական է իրեքփեշկանի տարբերակը, քանի որ զգեստն ուներ երեք փեշ՝կողքերից արված կտրվածքների շնորհիվ: Պարեգոտի թևերը գեղազարդվել են արծաթյա զարդակախիկներով: Շուշիում գործածված զգեստը կրկնակի զարդաթևերով էր, որը ձևվածքով հիշեցնում էր Գողթնի կանանց զգեստը և տղամարդկանց վերնազգեստ-չուխան:

Վերնազգեստի վրայից երիտասարդ կանայք կապել են արծաթե, տարեցները կտորե գոտիներ: Ձմռանը հագուստը համալրվել է մուգ կարմիր թավշյա կամ բրդյա կտորից տաք վերնազգեստ մուշտակ- քուրքով, որը կրկնում էր պարեգոտի ավանդական տարբերակները, այն տարբերությամբ, որ նախորդից բավականաչափ կարճ էր փեշի և թևերի հատվածում: Կանանց գլխի հարդարանքը բարդ էր ու բազմատարր, որը տարբերվում էր աղջիկների գլխի հարդարանքից և արտացոլում էր կնոջ կյանքում կատարված սոցիալական, ընտանեկան փոփոխությունները: Գլխի հարդարանքը կոշտ հիմնամասով էր և հիշեցնում է արարատյան և տավուշյան տարբերակները: Գործածվում էր դրամաշարաններով ճակատնոցը, որն ի տարբերություն բարձրհայքյան Ճակատակալի դրամաշարանի, միաշար էր: Վասպուրականի, Բարձր Հայքի կանանց գլխի հարդարանքի բաղկացուցիչ մաս հանդիսացող երեսնոց և մարգարտաշար քունքակախիկների դերն այստեղ կատարում էին արծաթե գնդաձև կախիկների շարարնները, որոնք ամրացվել են եռանկյունաձև ականջակալի վրա: Հայաստանի արևմտյան գավառների ճոխ ասեղնագործությունների փոխարեն սյունիք-արցախյան տիպի հարդարանքում գործածվել են զուգաթել, հատիկաշար եղանակով արված արծաթե կեռաձև գլխազարդերը, որոնք իրենց ձևով, անվամբ կապված են թռչնի որպես տոտեմի հնագույն պաշտամունքի հետ: Սյունիք-արցախյան տարազախմբում գոգնոցը որպես հագուստի հնագույն տարր բացակայում էր տոնածիսական համալիսից, սակայն կանայք այն կրել են աշխատելիս: Այդ մասին Մ.Թաղիադյանը գրել է.«Կանայքն զնոցա ունին զգոգնոց յառաջոյ իւրեանց ի պահպանութիւն զգեստոցն ի կեղտոյ: Պառավունք զգենեն և զմխաշապիկ ի վերայ ամենայն»:


Ազգային տարազը, մասնավորապես տղամարդկանց տարազի համալիրը, որպես համեմատաբար բաց համակարգ, նկատելիորեն արձագանքում է տվյալ հանրույթի պատմամշակութային, սոցիալ-տնտեսական գործընթացների փոփոխություններին: Ազգային տարազում խորհրդանշական դեր ունեն բոլոր տարրերը, սակայն, եթե ձևվածքը, ուրվագիծը, չափերը պակաս նշանայնացված են, ապա գեղազարդման և գունային համակարգն ուղղակիորեն կապված է հոգևոր ոլորտի հետ, իմաստային խորը ծանրաբեռնվածությամբ մատնանշում է հագուստը կրողի դերն ու կարգավիճակը:

Տղամարդու տարազի համալիրը, ի տարբերություն կնոջ տարազի, ավելի ճկուն ու փոփոխուն տարազաձև լինելով, ավելի շուտ է կորցրել էթնիկ գծերը (մեր ժամանակներում տղամարդու հագուստը անհամեմատ դանդաղորեն է փոխվում), արձագանքել նորին, փոխառելով որոշ այլ էթնիկ մշակութային տարրեր, որոնք անպատճառ հարմարեցվել են ազգային ավանդույթների համալիրին: Տղամարդու տարազը փաստորեն բաց ու ընկալունակ համալիր էր միջէթնիկ կապերի փոխառությունների ասպարեզում, ինչն արդյունք էր տղամարդկանց հասարակական, տնտեսական ու ընտանեկան համեմատաբար ազատ դրության:

Տղամարդիկ հագնում էին ներքնազգեստ-շապիկ և վարտիք, կարճ վերնազգեստ-արխալուղ (մուգ կապտավուն, սև, շագանակագույն, բամբակյա կամ մետաքսյա կտորից), նույն գույնի բրդյա անդրավարտիք-շալվար, որի փողքերը ծնկներից ներքև կամ ազատ էին թողնում կամ էլ ամփոփվում գուլպայի կամ երկարաճիտք կոշիկների մեջ և երկփեղկ վերարկու-չուխա:

Տղամարդկության խորհրդանիշ հանդիսացող գլխարկը գառան կամ ոչխարի մորթուց էր՝ բարձր, կոնաձև, ցածր գլանաձև և այլ տարբերակներով:[5]

Հագուստի նշանայնությունն առանձնապես ակնհայտ է ծիսական հանդերձանքում: Հագուստը ծիսական նշանակություն ստացել է որոշ տարրերի պարտադիր կիրառմամբ: Տղամարդկանց հագուստի նշանային համակարգի միտվածությունը դրսևորվել է գոտու, չուխայի, գլխարկի, ուսկապի, նարոտի առկայությամբ, իսկ կանանց տարազում` գոտու, թագի, գլխի հարդարանքի տարրերի, զարդերի միջոցով: Ավանդական տարազում ծիսական հանդերձանքն ուներ հետևյալ նշանային դերն ու իմաստային ծանրաբեռնվածությունը. օրորոցախազի դեպքում նորածին աղջկա կրծքից կախված արծաթյա դրամը կատարել է նշանի դեր: Ծաղկազարդին նշանված տղան եկեղեցում ձեռքին մի զույգ մոմ բռնած կանգնել է աղջկա առջև, և մայրն աղջկա գլխին գցել է քող, որպես նշանի հրապարակայնացում:: Որպես նշան տվել են ոսկե մատանի, վզնոց, դրամաշարան և այլն: Նշանդրեքի ժամանակ փեսացուից և նրա ծնողներից հարսնացուին տրված նվերը կոչվել է երեսաջուր: Նշանը դրվել է խնձորի կամ նռան մեջ` ոսկե կամ արծաթե դրամի ձևով: Խնձորն ու նուռն արգասավորության, ամուսնական ապագա զույգի բեղմնավորության խորհրդանիշներն էին: Նշանդրեքի վերջում աղջկան ներս են բերել` գլխին քող գցած, և նա համբուրել է տարեցների ձեռքը` նրանցից որպես նվեր ստանալով մանր դրամներ: Տոներին տղայի տնից աղջկան ուղարկվել են նվերներ` խոնչաներ, մեջը միրգ, քաղցրավենիք, մեջտեղում` վառվող մոմ:


Հարսնացուին նվերներ ուղարկել են նաև Բարեկենդանին, Մեծ պասի առաջին օրը, Միջինքին` որպես մերձեցման, սիրաշահման դրսևորումներ: Զատկին հարսնացուին ուղարկել են ներկած ձվեր, յուղով հաց, երբեմն գառ, ճակատը ներկած, վզին թաշկինակ կամ գլխաշոր կապած: Վարդավառին աղջիկն ու տղան միասին գնացել են խաչ: Գարնանը տղայի բարեկամ աղջիկները և հարսները հարսնացուին տարել են այգիներ-դաշտեր` զբոսանքի: Աղջկա կողմն իր հերթին խոնչաներին պատասխանել է դարձով, գուլպա, թաշկինակ նվիրելով: Վերջին երկուսը հատկապես կարևոր դեր ունեին ապագա խնամիների փոխադարձաբար ընծայվող նվերների մեջ: Ծեսերի, տոների ժամանակ ընդունված նվերների մեջ կարևորվել են հագուստի տարրերը, որպես ընդհանրական փոխանակում` նյութական բարիքների ձևով: Նվերների փոխանակումը տուր և առ էր ամուսնացող կողմերի միջև: Հագուստի նվերները, ուտելիքի, համատեղ հացկերույթի հետ միասին կազմել են ընդհանրական փոխանակությունը` որպես ամուսնական փոխանակության ձև:

Հարսանիքից առաջ ընդունված էր կարգի բերել տունը` միկրոտիեզերքը, որպեսզի հարսը տուն մտնելիս կանգներ աստղազարդ երկնքի տակ` ակնկալելով ներդաշն, երջանիկ ամուսնություն և բարեկեցիկ ապագա: Բնակարանը մաքրելուց, կարգի բերելուց հետո տան առաստաղին և սյուներին ալյուրով տիեզերական պատկերներ են արել` աստղեր, արև, լուսին: Այդ ծիսական նկարազարդումը արել է քավորկինը` կրկին նվեր ստանալով: Տղամարդկանց համար նախատեսված նվերների մեջ կարևոր էին հետևյալ տարազամասերը. գուլպաներ և սռնապաններ, ինչպես և թաշկինակ: Քավորին որպես նվեր մատուցվել է մի շիշ օղի, հավ, արխալուղ կամ ոտնաման (չմոշկ):

Փեսացուն և նրա նշանային համարժեք արջառը` մսացու եզը, զարդարվել են ժապավեններով, վերջինս` նաև խնձորների շարանով: Թագավորի և թագուհու պարանոցին, երբեմն նաև` ձեռքերին կապել են կարմիր, կանաչ, սպիտակ բրդյա թելերից ոլորուն նարոտ: Նման կարմիր թել կապել են նաև օրորոցախազի դեպքում, օրորոցների լծերին` դանակով խաչ կամ գիր խազելուց հետո: Այդ թելը կարող էր նույնացվել նարոտի հետ, որը կոչվել է նաև կանաչ-կարմիր: Իմաստային առումով դա նշանակել է կարգել, ամուսնացնելը:

Փեսացուի կրծքին և ուսերին քավորկինը խաչաձև ամրացրել է ուսկապը` սպիտակ, կարմիր, կանաչ գույների թաշկինակներից: Հարսնացուն և փեսացուն կրել են կարմիր, կանաչ, սպիտակ թելերից զարդարուն ասեղնագործ թագ-վարսակալ-ճակատակալ (որից կախված էին բազմագույն ծոփքեր), ուստի և կրողները կոչվել են թագավոր և թագուհի: Տղայի զգեստավորումը ևս ծիսական բնույթ է ունեցել: Նախ օրհնվել է հարսանեկան հանդերձանքը, որ տղայի կողմից ուղարկվել է աղջկա տուն: Դրա հետ մեկտեղ օրհնվել են նույն սկուտեղի վրա դրված քաղցրեղենը, շաքարը, տղայի գլխարկն ու քավորի սուրը: Դրան հաջորդել է տղայի երեսի սափրումը. մազերը խուզել են, մատը թաթախելով այն գինու մեջ, որ քավորը պահել է աջ ձեռքում, վառած մոմը` ձախ ձեռքում: Դա անցման նվիրագործման ծես էր, որով տղան սահմանային վիճակից անցնում էր նոր, ամուսնական տարիքային խումբ:

Հարսանեկան հանդերձանքը բերողին ևս նվեր են տվել` թաշկինակի, գուլպայի ձևով: Աղջկա կողմից նվիրվել է գոտի, գլխարկ: Քավորը հարսանեկան հանդերձանքը հանձնել է հարսին զգեստավորող կնոջը` մի քանի կոպեկ դրամի ձևով նվեր տալով: Հարսնացուին հագցրել են տան սենյակում: Գոտին կապել է քավորը կամ սկեսրայրը` երեք անգամ պտտեցնելով հետո կապել մեջքին:



Քավորկինը գլխաշորի վրայից կապել է թագը` նախշուն բազմագույն ծոփքերով ժապավենը: Նարոտն ու ուսակապը հանել են ամուսնական առագաստից առաջ:

Հարսնացուի գլխի հարդարանքում կատարված փոփոխությունները խորհրդանշել են նրա սոցիալ-ընտանեկան կարգավիճակում տեղի ունեցած առաջընթացը: Գլխի հարդարանքը ներկայացնում է հագուստի հմայական, պաշտպանական գործառույթները:

Կարևոր խնդիր է Սյունիքի և Արցախի տարազների կրկնօրինակման և ասիոցիատիվ/զուգորդման մեթոդներով արդիականացումը: Վերջին տարիներին հայկական ավանդական տարազի նկատմամբ հետաքրքրությունը թե Հայաստանում, թե դրա սահմաններից դուրս աճել է՝ շնորհիվ ոլորտն ուսումնասիրող գիտնականների, դիզայներների, քարոզչության մասնագետների և այլ նվիրյալների։ Տարազը գրքային հարթակից իջել ու արդիականացված, վերածնված ձևով հասանելի է դարձել զանգվածներին։ Դրանով հանդերձ, մինչ այժմ չկան հրատարակություններ, որոնք համալիր կերպով ներկայացնեն հայկական տարազը առանձին պատմաազգագրական շրջաններով՝ ուսումնասիրությունների, կատալոգների միջոցով հանրահռչակելով և արդիականացնելով այն։ Խնդրի լուծման ուղիներից են հայկական ավանդական տարազի մասին ռադիոհեռուստատեսային հաղորդումները, համացանցային տեղեկատվության ապահովումը և այս կարևոր մշակութային տարրին նվիրված մշակութային միջոցառումների կազմակերպումը:

ՍՎԵՏԼԱՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու

Աղբյուրը՝ Սյունիքը կրթության և մշակույթի օջախ: Գորիսի պետական համալսարանի հիմնադրման 50-ամյակին նվիրված գիտաժողովի նյութեր: Ե., 2019թ., էջ 216-224:: 

Գրականություն 


  1. Մ. Աբեղյան, Գուսանական ժողովրդական տաղեր, Երևան, 1940:

  2. Ն. Ավագյան, Հայկական ժողովրդական տարազը /19-20-րդ դդ. սկիզբ/, Երևան, 1983:

  3. Վ. Բդոյան, Հայ ազգագրություն. համառոտ ուրվագիծ, Երևան, 1974, էջ 95-112:

  4. Ս. Ա. Եսայան, Ս. Գ. Հմայակյան, Ուրարտական զգեստը, ՊԲՀ, 1980, 3, էջ 203-215:.

  5. Ե.Լալայան,Սիսիան,1898, գիրք 3, էջ203-207:

  6. Է.Կարապետյան, Օժիտը հայոց մեջ /պատմաազգագրական ուսումնասիրություն/,

  7. Վ. Հացունի,Պատմութիւն հին հայ տարազին, Վենետիկ, 1923:

  8. Ա. Չոպանյան, Հայրեններու բուրաստան, Փարիզ, 1940:

  9. Ա. Պատրիկ, Հայկական տարազ /հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը/, Երևան, 1967 /առաջին հրատ./, 1983 /երկրորդ հրատ./:

  10. Ս.Պողոսյան, Շիրակ-Ջավախքի հայոց ավանդութային տարազը /թեկնածուական ատենախոսության սեղմագիր/, Եր., 1994: Նույնի` Շիրակ-Ջավախքի տղամարդու ավանդութային տարազ, Պատմա-Բանասիրական Հանդես, 1993, նո. 1-2, էջ 122-133; Հարսանեկան հագուստը Շիրակ-Ջավախքում /19-20-րդ դդ. սկիզբ/, Բանբեր երևանի Համալսարանի, 1991, 3, էջ 132-141; Մանկական հագուստը Շիրակի և Ջավախքի պատմաազգագրական շրջաններում, Լրաբեր հասարակական գիտությունների, 1993, 1, էջ 77-84; Հարսանեկան տարազը Ջավախքում, Կերոն, 2002, էջ 199-207: Ս.Պողոսյան Դաշտային ազգագրական նյութեր, 1990-2012: Սյունիք-Արցախի տարազը հայոց ավանդական տարազախմբի համակարգում, Լեռնային Ղարաբաղի հանրապետության անցյալը, ներկան և ապագան, Միջազգային գիտաժողովի զեկ. հիմնադրույթներ, Եր. 2006, էջ129-132:

  11. Ա. Ստեփանյան, Հայ ժողովրդական տարազի զարդաը , ՀԱԲ, 22, Երևան,2007, էջ 7-129::

  12. Գ. Տիրացյան, Դիտողություններ հելլենիստական դարաշրջանի հայկական տարազի մասին-Տեղեկագիր, 1959, 11-12, էջ 97-101:

  13. Армяне, Народы и культуры, М., 2012, с.247-264.

  14. Н.Авакян,Народная одежда армян Арцаха в19-начале20 в., Хозяйство и материальная культура народов Кавказа в19-20 ее., М., 1971,с 21. Н.Авакян, Об ареалах народногн костюма армян( 19-начаке20 в). Кавказский этнографиреский сборник,6,М., 1976,с.196.

  15. Н.И.Гаген-Торн, К методике изучения в этнографии СССР- Советская Этнография , 1933, 3-4, с. 122.

  16. Н.М. Каминская. История костюма. М., 1986, с.

  17. Ст. Лисицян, Очерки этнографии дореволюционной Армении. –Кавказский этнографический сборник, М., 1955, с. 222-232.

  18. Дюбуа де Монпере, Путешествие вокруг Кавказа, Сухуми, 1937, с. 43.

  19. Народы Кавказа /Народы мира: этнографические очерки/, т. 2, М., 1962, с. 513-520.

  20. Е. Н. Студенецкая, Общие черты в мужской одежде народов Северного Кавказа и их отряжение в терминологии. – В кн. Проблемы картографирования в язикознании и этнографии, Л., 1974, с. 263.

  21. Л.П. Сычев, В. Л. Сычева. Китайский костюм. М., 1975.

  22. Armenian Folk Arts, Culture and Identity, Indiana, 2001, էջ177-194.

ТРАДИЦИОННЫЙ КОСТЮМ СЮНИКА: ТРАДИЦИИ И СОВРЕМЕННОСТЬ 

СВЕТЛАНА ПОГОСЯН 

Резюме 

Национальный костюм один из важнейших элементов традиционного жизнеобеспечения армян, который выполнял роль этнического показателя. Армянский национальный костюм со всеми своими группами, как и многодиалектный наш язык, прошел многовековой путь, тесно связанный с историей и культурой, эстетическими предпочтениями и восприятиями нашего народа.

Национальный костюм Сюника является неотьемлемой частью армянского многокомплексного национального костюма, который связан с рядом групп отдельных регионов армянского национального костюма. Он представляется общими чертами, характерными для общеармянского национального костюма: как традиционностью костюма, так и структурой, общностью кроя отдельных деталей, а также способом их изготовления и ношения. Национальный костюм Сюника, переходя из поколения в поколение, в течение многих веков дошел до конца 20-го века. Женский костюм выделяется совершенством кроя, гармоническим решением цветовой гаммы и таинством элементов.

Важна задача создания копий национального костюма Сюника и Арцаха, а также их модернизация методами ассоциации и сочетания.

Ключевые слова: национальный костюм, национальная культура, этнический показатель, символ, местный, общеармянский, женщина, мужчина, обыденный, празднично-ритуальный, модернизация. 

NATIONAL COSTUME OF SYUNIK – TRADITIONS AND ACTUALITY 

SVETLANA POGHOSYAN 

Summary 

National costume is one of the most important traditional elements of Armenian livelihood, playing the role of the ethnic indicator. Armenian national costume, having a large variety of types, is very similar to that of our language with its numerous dialects. Being closely related to the history and culture, aesthetic preferences and perceptions of our nation, Armenian national costume has passed a long way.

Costume of Syunik is an inseparable part of the Armenian national costume. Being connected with a number of Armenian costume sets, it has also some general features of all Armenian characterization, structure of costume, generalization of patterns of different elements and ways of making and wearing them.

The costume of Syunik was passed from generation to generation till the end of the 20th century. Women’s costume is notable for the perfection of its patterns, harmony of colors and symbolic elements.

An important problem is the actualization of the national costumes of Syunik and Artsakh with the copying and association methods.

Key words: national costume, national culture, ethnic indicator, symbol, local, woman, man, daily, festive-ritual, actualization, all-Armenian. 

ԾԱՆԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[1]. Մ. Աբեղյան, Գուսանական ժողովրդական տաղեր, Երևան, 1940, էջ 114:

[2] Ե.Լալայան, Սիսիան, ԱՀ, գիրք 3-րդ,Թիֆլիս,1898,

[3] Ս. Լիսիցյան, Զանգեզուրի հայերը,Երևան,1969:

[4] Ն. Ավագյան, հայկական ժողովրդական տարազը,Երևան,1983,էջ 43: Н.Авакян, Народная одежда армян Арцаха в19-начале20 в., Хозяйство и материальная культура народов Кавказа в 19-20 вв., М., 1971, с. 21; Н. Авакян, Об ареалах народного костюма армян ( 19-начале20 в). Кавказский этнографический сборник, 6, М., 1976, с.196.

[5] Ս. Պողոսյան, Հայկական տարազի համալիրները,էջ 1327/Հայկական տարազ,Երևան, 2002: Հ. Փափազյան, Հայկական տարազ, Երևան, 2002,101-111: