Search

Սուրբ Սարգսի տոնը

Սուրբ Սարգսի տոնը շարժական տոն է և նշվում է հունվարի 18-ից փետրվարի 23-ը, Զատիկից 63 օր առաջ: Տոնի ակունքները հեթանոսական են: Այն կապվում է գիտության հովանավոր Տիր աստծո անվան հետ: Տիրը միաժամանակ ցորենի, հացազգիների պահապան և հովանավոր աստվածությունն է եղել, ուստի այս տոնի կերակրատեսակները հիմնականում հացազգիներից են: Հեթանոսական ժամանակներից է գալիս նաև գուշակություն անելը: Աղի բլիթ ուտելով` աղջիկները երազում տեսնում են իրենց ապագա ամուսիններին: Սուրբ Սարգիս անունը հիշատակվում է Ներսես Շնորհալու «Հայսմավուրքում»: Սուրբ Սարգիսն ու Սուրբ Գևորգը հայերի ամենասիրած սրբերն են: Սուրբ Սարգսի մասին բազում ավանդույթներ, պատմություններ ու աղոթքներ կան:

Նա քրիստոնյա հայ երիտասարդության ամենասիրելի սուրբն է: 361 թ. Հռոմեական կայսրության գահն անցնում է Հուլիանոս Ուրացողին, որ երես է թեքում քրիստոնեությունից և հալածանքներ սկսում քրիստոնյաների դեմ: Ավանդության համաձայն` Կապադովկիայում ծառայող Սարգիս զորավարը, խուսափելով կայսեր հալածանքներից, հաստատվում է Մեծ Հայքում: Ապա անցնում է Պարսկաստան և ծառայության մտնում Շապուհ Երկարակյացի մոտ: Սակայն հետագայում Շապուհն անվստահություն տածում Սարգիս զորավարի հանդեպ և նրան հրամայում է երկրպագել իր աստվածներին: Ավանդությունը պատմում է, որ այդ ժամանակ Սարգիս զորավարն իր շղթաներով փշրում է տաճարի աստվածների քանդակները: Պարսիկները սպանում են նրա որդուն` Մարտիրոսին, իսկ զորավարին շղթայակապ բանտ են նետում և կտտանքների ենթարկում: Ի վերջո` Շապուհը հրամայում է քաղաքից դուրս տանել Սարգսին և գլխատել: Եվ երբ դահիճը կատարում է հրամանը, ձայն է լսվում, որ հրավիրում է Սարգսին երկինք: Մի այլ գեղեցիկ ավանդազրույցի համաձայն` Սուրբ Սարգիսն իր քառասուն զինակիցների հետ հաղթական ճակատամարտից հետո խաղաղ քուն է մտնում կայսերական պալատում: Կայսրը, նախանձից դրդված, ուզում է սպանել նրան ու զինակիցներին և քառասուն գեղեցկադեմ աղջիկներ է ուղարկում քաջերի ննջարան` սպանելու համար: Աղջիկները կատարում են կայսեր պատվերը, բացի մեկից, որը, սիրահարվելով քնած առնական քաջին, համբուրելով արթնացնում է նրան: Իմանալով կատարվածը` Սարգիս զորավարը աղջկան դնում է ձիու գավակին և խորտակելով քաղաքի դարպասները` փախչում է դավաճան քաղաքից:Բանահյուսության մեջ գրեթե միշտ նա պատկերված է սպիտակ ձիով: Եկեղեցու կողմից Սուրբ Սարգիսը սրբերի շարքն է դասվել V դարում:

Սուրբ Սարգսի տոնը սկսվում էր երկուշաբթի օրվա պասով: Եկեղեցին այն անվանում է Առաջավորաց պաս, իսկ ժողովուրդը` Խաշիլի պաս: Բանն այն է, որ այս պահքի ընթացքում արգելված է հայերի ամենասիրված կերակուրներից մեկը` խաշիլը: Տոնին նախորդող գիշերը տանտիկինները մեծ տաշտի մեջ փոխինձ էին լցնում, հարթեցնում, վրան խաչաձև նշան գծում, և պահում տանը` հուսալով, որ Սուրբ Սարգիսը գիշերը կայցելի իրենց և իր ձիու պայտը կդրոշմի տաշտում լցրած փոխինձի վրա: Հաջորդ օրն այդ փոխինձով խաշիլ և անուշեղեն էին պատրաստում: Տոնի ամենատարածված սովորությունը աղի բլիթն էր: Այն պատրաստում էին տոնի նախօրեին, մինչև ծոմը լուծելը: Երիտասարդներն ուտում էին աղի բլիթի կեսը, իսկ մյուս կեսը պահում բարձի տակ: Այն անձը, որը երազում ջուր կտար աղի բլիթ ուտողին, նրա ամուսինը կամ կինը կլիներ: Գոյություն ուներ գուշակության այլ ձև ևս. առանց թթխմորի պատրաստած բաղարջի խմորի վրա շարում էին հարստություն խորհրդանշող իրեր կամ մրգեր և թխում: Առավոտյան բաղարջը կտրատում էին տան երեխաների թվին համապատասխան և բաժանում: Ում ինչ բաժին հասներ` նրան սպասվում էր նման ժառանգություն: Երրորդ գուշակության ձևը կատարվում էր փոխինձի քաղցրեղենով. երիտասարդներն իրենց բաժին քաղցրեղենի մի մասը դնում էին կտուրին և սպասում, որ թռչունը գա, կտցահարի, և որ ուղղությամբ տաներ` այդտեղից էլ սպասվում էր նրանց բախտը:

Ներկա պատկերացումների համաձայն` Սուրբ Սարգիսը բարի կերպար է, որ միշտ պատրաստակամ իր ճերմակ նժույգով ճախրելով ամպերի մեջ` օգնության է հասնում նրանց, ովքեր ունեն իր կարիքը: Նա հիմնականում արդարության համար մարտնչող ռազմիկի կերպար է: Սուրբ Սարգիսը նաև սիրահարների հովանավորն ու պաշտպանն է համարվում: Նախկինում այս տոնը շատ մեծ շուքով և ուխտագնացություններով էր նշվում այն պարզ պատճառով, որ Սուրբ Սարգիսն իր բազմաբնույթ գործառույթներով առանձնանում է հայ սրբերի շարքում: Սուրբ Սարգիսն այժմ համարվում է սիրո բարեխոս կամ սիրահարների սուրբը միայն, մինչդեռ նախկինում նա եղել է ընտանիքի պաշտպան սուրբը (այս առումով նա նույնանում է Արա Գեղեցիկին և մեռնող ու հառնող աստվածներին): Ամուլ կանայք դիմել են նրա բարեխոսությանը, հղի կանայք հայցել են նրա օգնությունը՝ դյուրին ծննդաբերելու համար, ճամփորդները խնդրել են ապահովել իրենց անվտանգությունը, հատկապես փրկել քամիներից, կայծակներից և գայլերից, նույնիսկ խաղաղեցնել փոթորկոտ ծովը, հավատում էին, որ նա իր արագընթաց սպիտակ ձիով կհասնի ամենուր և կօգնի բոլորին: Սիրահար երիտասարդները, հավատալով նրա արդար դատաստանին, դիմել են նրա միջնորդությանը` բռնի ամուսնությունները խափանելու համար, կամ փախած ամուսնական զույգը նրա զորությամբ ցանկացել է մեղմացնել ծնողների զայրույթը: Տարբեր հիվանդությունների ժամանակ դիմել են սրբի օգնությանը: Պատերազմի ժամանակ նրա հովանավորությամբ գնացել են կռվի դաշտ և գերիների ազատման համար հավատացել նրա ամենազորությանը:

Պատմական Հայաստանի տարածքում Սուրբ Սարգսի անունով շատ սրբատեղիներ կան, եկեղեցիներ, մատուռներ, նույնիսկ լեռներ: Պատահական չէ, որ նրան անվանել են ցանկություններ կատարող սուրբ: Տոնի նախօրյակին պահք կամ ծոմ են պահել, ապա ուխտի գնացել սրբի ուխտավայր, մատաղ արել և տոնախմբություններ կազմակերպել: Վերջապես, տոնի առիթով սովորություն է եղել շնորհավորել Սարգիս անունը կրողներին, իսկ սկեսուրները նվերներով և քաղցրեղեններով գնացել են հարսնացուների մոտ:

Աղբյուրը՝ http://ankakh.com

#Հայեկեղեցականտոներ #ՍուրբՍարգսիտոն