Search

Սյունիք-Արցախի տարազախումբ

#ՍյունիքԱրցախիտարազախումբ

Այս տարազախումբը սերունդները, դարեր շարունակ իրար փոխանցելով, հասցրել են մինչև 20-րդ դարի վերջ: Արցախի տարազը յուրահատուկ ոճ ուներ և գրեթե զուրկ էր ասեղնագործությունից: Արցախում կանանց զարդերն արծաթից էին և ավելի էին շքեղացնում զգեստը: Գլխի հարդարանքը բազմատարր էր և ճոխ՝ արծաթե ճակատակալով, քունքերին՝ արծաթե գնդաձև զարդերի շարանով: Մինչև 20-րդ դարավերջ այն գործածական էր Արցախի տարեց կանանց շրջանում: Սյունիք-Արցախում կանայք հագել են կարմիր, կանաչ, երեսն ասեղնագործ հողաթափ, իսկ տղամարդիկ՝ սև ոտնաման: Սյունիքի և Արցախի բնակիչները կրում էին միևնույն տարազը: Այդ տարազը հատուկ էր նաև Սևանի ավազանի, ինչպես նաև Գանձակի, Շամխորի հայ ազգաբնակչությանը: Արցախի տարազի կանանց համալիրն առանձնանում է ձևվածքի կատարելությամբ և գունային ներդաշն լուծումներով: Հաճախ է հագուստում դիտվում կարմիր-կանաչ, կարմիր-կապույտ կամ մանուշակագույն երանգների զուգորդում: Գույների նմանօրինակ ընտրությունը պատահական չէր. նախ՝ կարմիրի, կապույտի, կանաչի ներդաշն համադրումները բնորոշ են հայկական ավանդական զարդարվեստին և գունարվեստին: Դա են հավաստում թանգարաններում պահպանվող հայկական գեղարվեստական գործվածքի՝ գորգագործության, կարպետագործության և ասեղնագործության ու տարազի հրաշալի նմուշները: Բացի այդ, հայտնի է, որ ժողովրդական գունամտածողությամբ յուրաքանչյուր գույն ունեցել է որոշակի իմաստ ու ծիսական խորհուրդ: Կարմիր գույնին վերագրվել է մաքրագործող, չարխափան մոգական զորություն, կանաչ-կարմիրը դիտվել է որպես կյանքի, կենսունակության, արգասավորության խորհրդանիշ: Հայոց մեջ, ինչպես հայտնի է, որդուն ամուսնացնելիս հաճախ ասել են. «Կանաչ-կարմիրը պիտի կապենք»: Ժողովրդական երգերում ևս հաճախ գովերգվել են այդ գույները:

Շարունակելի ․․․ #Տերյանմշակութայինկենտրոն #TeryanCulturalCenter