Search

Սիրիահայ արվեստի ծիլը. Թբիլիսիիում կբացվի սիրիահայ վարպետների ձեռարվեստի ցուցահանդես

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպությունը և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը` հոկտեմբերի 20-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում կիրականացնեն սիրիահայ վարպետների ձեռարվեստի «Սիրիահայ արվեստի ծիլը» խորագրով ցուցահանդես:

Կներկայացվեն սիրիահայ 20 վարպետների արվեստի և արհեստի աշխատանքներ՝ արծաթագործություն, ասեղնագործություն, քաղցրավենիք, կարուձև, հելունագործություն և այլն։

Վիրահայոց թեմի, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության և «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության համագործակցությունը մեկնարկել է 2017 թվականին և համայնքների միջև առկա մշակութային կապերը ամրապնդելու հեռանկարներ ունի:

Ցուցահանդեսի հիմնական նպատակն է նպաստել հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը և ժողովրդական վարպետների ստեղծագործական գործունեության խթանմանը, որի արդյունքում կստեղծվեն վարպետների փորձի փոխանակման և ստեղծարարության նոր հնարավորություններ, ինչպես նաև պայմաններ` միջհամայնքային մշակութային կապերի ու հետագա համագործակցության զարգացման համար: