Search

Սիրիահայ ասեղնագործուհի Մարալ Շէօհմէլեան Պէրպէրեան

Մարալ Շէօհմէլեան Պէրպէրեանը ծնվել է Հալեպում, հայկական ավանդապահ ընտանիքում, ուր սերունդներ շարունակ պահպանել ու կիրառել են Այնթապի հայկական ասեղնագործության բնորոշ ոճական առանձնահատկություններն ու ժանեկագործության հանդեպ սերը, գիտելիքներն ու հմտությունները։ Ասեղնագործուհին միշտ հետաքրքրված է եղել հայկական մշակույթի և ձեռարվեստի պահպանմամբ ու զարգացմամբ, բծախնդրութեամբ յուրացրել է հայկական ավանդական ասեղնագործության այլ տեսակներ և բազմազան կարատեսակներ։ Վերջին տասը տարիների ընթացքում հատուկ նվիրվածությամբ ու սիրով  սկսել է ուլունքներով ձևավորված զարդեր պատրաստել, ինչպես նաև այդ հմտությունն ուսուցանել այլոց։

Վերջին տարիներին Հայաստանում հաստատվելով սկսել է մասնակցել ձեռարվեստի տարբեր դասընթացների և նոր գիտելիքներ ձեռք բերել թաղիքագործության, գորգագործության, մանրանկարչության մասին, որոնք մեծապես նպաստել են շնորհալի վարպետի ստեղծագործական գործունեության  զարգացմանը։

Մարալը ժողովրդական վարպետի վկայական է ստացել Հայաստանում և մասնակցել մի շարք ցուցահանդեսների։ Նրա ասեղնագործ աշխատանքները ցուցադրվել են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում «Լինելության այբուբենը» խորագրով ցուցահանդեսին, իսկ տիկնիկները՝ պատմության թանգարանում տեղի ունեցած «Հեղինակային տիկնիկներ» ցուցահանդեսին։

2018 թ. մասնակցել է Վաշինգտոնում տեղի ունեցած Սմիթսոնյան «Ֆոլկլայֆ» միջազգային փառատոնին՝ ամերիկյան հասարակությանը ներկայացնելով հայկական ասեղնագործության գանձարանի հրաշալի նմուշները։

#Ասեղնագործություն #Սիրիահայեր