Search

Սարերի համն ու բույրը հյուսքի մեջ. ավելուկ

Որևէ սրճարանում կամ տանը ավելուկով պատրաստված աղցան կամ  ապուր ուտելիս՝ մի պահ մտովի տեղափոխվում ենք մանկություն, հիշում գյուղում անցկացրած օրերն ու տատիկին, ով  հատուկ հոգատարությամբ ընտրում էր ավելուկի հատընտիր տերևները,  ապա խնամքով ու մեծ սիրով հյուսում դրանք՝ ամեն հյուսքի մեջ ամբարելով սարերի համն ու բույրը։

Բույսը հյուսել և չորացնելու այս հետաքրիր ավանդույթը միայն հայերին է բնորոշ։ Ավելուկը աճում է դաշտաjին պայմաններում, այն հավաքում են, հյուսում և չորացնում ձմռան համար: Այդ ավանդույթը, ըստ պատմիչների, 1000 տարուց ավելի պատմություն ունի: Չորացման պրոցեսի ժամանակ տեղի է ունենում նյութափոխություն, որի շնորհիվ կորում է ավելուկի դառնությունը և այն ձեռք է բերում ավելի հաճելի համ: Ավելուկն հայկական ազգային և ավանդական խոհանոցում  իր յուրահատուկ համով առաջատարն է։Ժողովրդական բժշկության մեջ ավելուկի արմատներից և տերևներից պատրաստված թուրմը կիրառվում է որպես արյունը վերականգնող, հակաբորբոքային միջոց: Մեր դաշտերում շատ տարածված այս բույսն իրականում ընդունված է բոլոր ընտանիքներում, այն ուտում ենք և թարմ վիճակում և ձմռանը՝ հյուսքերով չորացված՝ մեր մառաններին պահ տալուց հետո:

Այս հետաքրքիր բույսը և որպես սնունդ է համեղ, և որպես դեղաբույս է օգտակար: Հայտնի է, որ աղեստամոքսային տրակտին հատկապես շատ է օգնում, մաքրում ու հանգստացնում է օրգանիզմը, բուժում նաև մրսածության դեպքում: Որպես սիրելի ուտեստ, ավելուկը մեր սիրելի հյուսքն է, որ շատ տանտիկինների հոգեպահուստի պարտադիր բաղադրիչն է: Այն քաջ ծանոթ է բոլորիս , համուհոտն էլ՝ սիրելի: Սննդի մեջ գործածում են ավելուկի թարմ եւ չոր տերևները։ Պասի շրջանում հատկապես ավելուկից պատրաստված կերակուրները ցանկալիների շարքում են։

Հրաշալի է, որ վերջին տարիներին արդեն ավելուկը որպես սննդամթերք, դուրս է եկել տնական կարգավիճակից և սկսել օգտագործվել նաև հանրային սննդի կետերում: Այսօր մեր լավագույն ռեստորաններում կարելի է ավելուկից պատրաստված բազմաթիվ ուտելիքներ վայելել, որոնք ակնհայտ գերազանցում են մեր տնական պատկերացումները: Ավելուկից պատրաստվում են ապուրներ, ինչպես նաև բազմազան աղցաններ՝ համեմված ամենատարբեր թանձրուկներով ու համեմունքներով: Տապակված ավելուկը ևս ունի տեսականի տարբեր համերի սիրահարների համար: Ավելուկի ավանդական կիրառությանը սովոր գուրմանները կարող են նաև պյուրեներն ու կարկանդակները փորձել և համոզվել, որ անչափ օգտակար ու թեթև այս մթերքը նաև շատ համեղ է:

© Peoplemedia.am

Տեղեկությունները՝ «Հայկական խոհանոցային ավանդույթների զարգացման ու պահպանման» հասարակական կազմակերպության անդամ, խոհարար Գարեգին Օհանյանի

#ավելուկ #Հայկականավանդականուտեստներ