Search

Սասունցի Դավթի էպոսը՝որպես ոչ նյութական ժառանգություն

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է բազմաթիվ դյուցազներգություններ, որոնց մեջ ամենաբնորոշը, առավել նշանակալիցը, ամենից ավելի արտահայտիչն ու հերոսականը «Սասունցի Դավիթ»  կամ  «Սասնա ծռեր» էպոսն է։

Էպոսի հերոսները հայրենասեր ու քաջ հայորդիներ են, ովքեր ապրում ու պայքարում են հանուն հայրենիքի ու հայ ժողովրդի բարեկեցության: Հայ ժողովրդի կենսական ուժը, իր լավագույն ձգտումները, խոհերն ու զգացումները մարմնավորված են էպոսի գլխավոր հերոսի՝ Դավթի կերպարի մեջ։ Դավիթը գերմարդկային ուժ ունեցող անխոցելի հսկա է՝ հայրենասեր, ժողովրդասեր, ռամիկի ու աշխատավորների պաշտպան, նա անձնուրաց քաջ է, մարդասեր, խաղաղասեր։ Դավիթը, լինելով հայ ժողովրդի սիրելի հերոսը, ժողովրդի կողմից շնորհվել է նրան աստվածային տիտղոս՝ «Դավիթ» կոչումով։ Ժողովուրդը սիրելով իր հերոսին մանկությունից օժտել է ազատասիրական ոգով։

Պատմական առումով էպոսի վիպական զարգացումը, նրա ճյուղերի հարակցումը մշակվել են արաբական արշավանքների շրջանում՝ 7-10 դդ., որոշ հատվածներ՝ մինչև 12-13 դդ., սակայն ժողովրդական ստեղծագործության նախահիմքերը պետք է փնտրել շատ ավելի խորը հնադարում, դրանք աղերսներ ունեն հին ավանդազրույցների, կրոնա-հավատալիքային վաղ պատկերացումների հետ։

Ընդհուպ մինչև 20-րդ դ. 80-ական թվականները հավաքվել ու գրի է առնվել էպոսի շուրջ 160 պատում, որից 70-ը հրատարակվել է։ Վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն է, իր հարակից գավառներով՝ Սասուն, Մուշ, Բաղեշ, Շատախ, Վան, Խլաթ, Հայոց Ձոր, Մոկք, Ալաշկերտ և այլն։ Պատումի լեզուն հիմնականում արևմտահայ, մասնավորապես Սասունի, Մուշի և Մոկաց բարբառներն են, թեև երբեմն նկատելի են նաև արևելահայ բարբառների որոշ ազդեցություններ։

«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» էպոսը բազմիցս թարգմանվել է տարբեր լեզուներով։ Դեռևս 1881թ., Սրվանձտյանի գրի առած պատումը Գ. Խալաթյանցը թարգմանել է ռուսերեն։ Ապա ամբողջությամբ էպոսը թարգմանվել է գերմաներեն։ Վ. Բրյուսովը 1916 թ. որոշ կրճատումներով ռուսերեն է թարգմանել Մ. Աբեղյանի գրի առած պատումը։

Հետաքրքրությունը էպոսի նկատմամբ մեծացել է 1938-39 թթ., նրա 1000-ամյա հոբելյանի տոնակատարությունների առիթով։ Այդ ժամանակ կազմվել և հրատակվել է «ՍԱՍՆԱ ԴԱՎԻԹ» համահավաք բնագիրը (կազմ.՝ Մ.Աբեղյան, Գ.Աբով, Ա.Ղանալանյան) թարգմանվել  է ռուսերեն ու լույս տեսել միաժամանակ Երևանում, Մոսկվայում և Լենինգրադում (Սանկտ-Պետերբուրգ)։ 1939 թ. «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ»-ը նաև թարգմանվել ու հրատարակվել է վրացերեն, բելառուսերեն, ադրբեջաներեն, Խորհրդային Միության ժողովուրդներից ևս մի քանիսի լեզուներով։ 1950-60-ական թթ., ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ մասնակցությամբ, միջազգային հետաքրքրությունը մեծացել է էպոսի նկատմամբ. համահավաք բնագիրը թարգմանվել, հրատարակել է չինարեն, պարսկերեն, նաև ֆրանսերեն, անգլերեն, լեհերեն։

2012 թվականի դեկտեմբերի 3-7 Փարիզում տեղի էր ունեցել ՅՈՒՆԷՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգությունների 7-րդ կոմիտեյի նստաշրջանը: Հայտ էր ներկայացրել նաև Հայաստանը «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսեւորումները» վերնագրով: Հայտը միաձայն ընդունվել է և ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության 2012 թ. ներկայացուցչական ցանկում:

Աղբյուրներ՝ http://booksfromarmenia.com/blog/hy/Sasuntsi-Davit

https://impoqrik.am/

#ՅՈՒՆԷՍԿՕ #ՍասնածռերկամՍասունցիԴավիթէպոսիկատարողականդրսեւորումները #Էպոս #Սասնածռեր #ՍասունցիԴավիթ

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am