Search

«Սասնա ծռեր» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» փառատոնի վերաբերյալ

Մեկնարկել է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» ամենամյա փառատոնը, որի եզրափակիչ միջոցառումը կայանալու է 2016 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան համայնքում:

Փառատոնն իրականացվում է 2011 թվականից ՀՀ Արագածոտնի մարզում՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: 2013 թվականից այն հանրապետական ձևաչափով է իրականացվում՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը:

Ծրագրի համալիր միջոցառումների ցանկում կազմակերպվելու են էպոսասացության և «Ես և էպոսը» խորագրով դպրոցական շարադրությունների մրցույթներ, որոնց մարզային փուլերի հաղթողները մասնակցելու են եզրափակիչ փուլերին: Էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլը կայանալու է օգոստոսի 4-5-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մշակույթի տանը, իսկ շարադրությունների մրցույթը սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցում:

Ավանդույթին հավատարիմ կպահպանվի նաև ծրագրի շրջանակներում հանրապետության գիտական ներուժի թեմատիկ համախմբումը գիտաժողովի ձևաչափով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը՝ գիտաժողովը կկազմակերպվի Հայ ժողովրդական էպոսը և նրա ազդեցությունը անկախության կերտման և նոր հասարակության ձևավորման գործում խորագրի ներքո:

Ծրագրի մաս կկազմեն նաև «Սասունցի Դավիթ էպոսի ոգեղենությունը հայոց բանակում» թեմայով դասախոսությունները, որոնք տեղի կունենան ՀՀ Տավուշի և Սյունիքի մարզերի սահմանամերձ զորամասերում՝ հանրապետության ճանաչված բանագետների և ազգագրագետների մասնակցությամբ:

Ծրագրի շրջանակում «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում» կազմակերպվելու է գեղարվեստի դպրոցների սաների և անհատ ստեղծագործողների էպոսյան թեմաներով մրցույթ:

Փառատոնը կարևորվում է էպոսի հանրահռչակման, մատաղ սերնդի ազգային ոգով դաստիարակության և հայրենասիրական կրթության առումով, ինչպես նաև այն հանգամանքով, որ «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» ՀՀ հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: