Search

Ջավախքի մի շարք գյուղերում եկեղեցիները կվերանորոգվեն

Վրաստանի Կրոնի հարցերի գործակալությունը թույլատրել է Սամցխե-Ջավախքում Տուրցխ, Կորխ, Օլավերդ, Վաչիան, Գոման գյուղերի եկեղեցիների վերանորոգման և կառուցման աշխատանքները: Այս փուլում Ախալքալաքի քաղաքապետարանը նշված եկեղեցիների նախագծերը հաստատման է ներկայացրել Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալությանը:

Սամցխե-Ջավախքում Կրոնի հարցերի գործակալության ներկայացուցիչ Էլվարդ Զազաձեի խոսքով, գործակալությունն արդեն արտոնել է Ախալքալաքի շրջանի Տուրցխ, Կորխ, Օլավերդ և Գոման գյուղերի եկեղեցիների վերանորոգման, իսկ Վաչիանում եկեղեցու կառուցման աշխատանքները:

Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը Jnews-ի հետ զրույցում նշել է, որ թույլտվությունն ստանալուց հետո քաղաքապետարանը Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալության հաստատմանն է ներկայացրել Կորխ, Վաչիան և Օլավերդ գյուղերի եկեղեցիների վերականգնման և կառուցման նախագծերը: Այժմ վերոնշյալ գյուղերում սպասում են, որ Մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը հաստատի իրենց եկեղեցիների վերակառուցման նախագծերը, որպեսզի սկսեն աշխատանքները:

Կորխ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերականգնողական աշխատանքները սկսվել էին մայիսի 10-ին, երբ գյուղացիները փորձել էին թույլտվություն ստանալ և չէին ստացել: Մի քանի տարի է նրանք գումար են հավաքում և որոշել են այս տարի սկսել շինարարությունը, քանի որ եկեղեցու պատերն արդեն փլուզվում էին: Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունը տեղեկանալով առանց թույլտվության վերականգնման մասին,  նախազգուշացրել էր, այնուհետև վարչական պատասխանատվության ենթարկել Յուրիկ Ծառուկյանին, ում տվյալները գրված է Կորխի բնակիչների անունից Գործակալությանն ուղղված նամակի մեջ: Այժմ աշխատանքները կասեցված են:

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am