Search

Ուշիի Սուրբ Սարգիս վանք

Ուշիի Սուրբ Սարգիս վանքը հայկական խոշոր վանքային համալիր է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ուշի գյուղում։ Միջնադարում եղել է հոգևոր կրթության կարևորագույն կենտրոններից մեկը։ Ընդգրկված է Ուշիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Սուրբ Սարգիս վանքի մասին վկայում են Պատմահայր Մ. Խորենացին և Ղևոնդ Ալիշանը: «Մեսրոպ Մաշտոցը, երբ գրերի գյուտից հետո վերադառնում է Հայաստան, իր հետ բերելով Սուրբ Սարգսի նշխարները, ամփոփում է Կարբի գյուղից ընկած դեպի հյուսիս, մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող մի բլրի վրա և վրան կառուցում վկայարան», այնուհետև Վաչուտյան իշխանները 13-րդ դարում կառուցում են մեծ վանական համալիր:

18-րդ դարասկիզբին վանքն ավերվել է երկրաշարժից:

1990-ական թվականներին վանական համալիրի տարածքը պեղվեց հնագիտության ինստիտուտի կողմից և վանական համալիրի գլխավոր հատվածները դուրս եկան հողաշերտի տակից:

Այսօր վանքին կից փոքրիկ բազիլիկ եկեղեցին է կանգուն միայն, իսկ մյուս հատվածները քանդված են։

Պահպանված հնագույն կառույցը բարձունքի վերին մասում տեղադրված միանավ, թաղածածկ, կիսավեր եկեղեցին է, որն ըստ արձանագրության կառուցվել է 1203 թ.-ին: Միակ մուտքը արևմուտքից է: Պատերը շարված են սև, մաքուր տաշված տուֆաքարերից: Հարավից կից է համալիրի երրկրորդ եկեղեցին, որն ունի համեմատաբար ավելի մեծ չափեր: Պահպանվել են միայն պատերի ներքևի մասերը և առանձին մանրամասներ (թմբուկի զարդագոտու և զարդաքանդակներով մշակված քիվի մնացորդները): Երկրորդ եկեղեցուն հարավից կից է քառակուսի գավիթը: Ամբողջովին խաթարված է ծածկը, պահպանվել են արևելյան, արևմտյան և հարավային պատերի առանձին հատվածները: Ուժեղ ելուստ ունեցող որմնամույթերի առկայությունը, լայնաթռիչք կամարաքարերի մնացորդները վկայում են, որ գավիթի ծածկը իրականացված է եղել փոխհատվող կամարներով: Պահպանվել են արևմտյան մուտքը, արևելյան պատի լայն, զույգ լուսամուտները: Վանքը շրջափակող ուղղանկյուն եզրաձև ունեցող պարիսպները կառուցվել են 1654 թ-ին՝ Ոսկան վարդապետի կողմից, պատերը բազալտից են՝ ուժեղացած կիսաշրջանաձև և ուղղանկյուն բուրգերով:


#Հայկականմշակութայինկոթողներ #Ուշիիվանք