Search

Ոսկերչությունը Հայաստանում

ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆ, թանկարժեք (ոսկի, արծաթ, պլատին), ինչպես և որոշ գունավոր մետաղներից գեղարվեստական կերտվածքներ ստեղծելու արհեստի և արվեստի տեսակ՝ հաճախ մարգարտի, փիրուզի, ալմաստի, սաթի, ադամանդի, նռնաքարի, մարջանի, արծնի և այլնի օգտագործումով (տես նաև Ակնագործություն, Թանկարժեք քարեր):

Լճաշենի, Կարմիր բլուրի, Գառնիի, Արտաշատի, Արմավիրի, Միսիանի, Վանաձորի, ինչպես և պատմական Հայաստանի այլ վայրերի պեղումներից հայտնաբերված ոսկե թասը, ոսկե պսակը, ականջօղերը, արձանիկները, կրծքազարդերը, մեդալիոնները, ոսկե, արծաթե այլ իրերը վկայում են Հին Հայաստանում ոսկերչության արվեստի բարձր մակարդակի մասին: Ոսկերիչ վարպետները տիրապետել են դրվագման, ձուլման, հյուսման, մանրարուրք, փորագրման, արծնապատման, ընդելուզման, հատիկազարդման եղանակներին: Լճաշենի պեղումներից հայտնաբերված գորտի ոսկե արձանիկը (մ.թ.ա. I հազարամյակ) առնչվում է ջրի պաշտամունքին և պատրաստվել է ձուլման, հատիկազարդման եղանակներով: Ոսկերչությունը բարձր մակարդակի է հասել նաև Կիլիկյան Հայաստանում: Նշանավոր կենտրոններ էին Դվինը, Անին, Կարսը, Կարինը, Վանը, Արդվինը, Արդահանը, Կ. Պոլիսը, Երզնկան, Երևանը, Ալեքսանդրապոլը, Շուշին, Ախալցխան և այլն: XIX դ. և XX դ. սկզբին հայկական ոսկերչությունում մեծ տեղ են գրավել արծաթե ոսկեզօծ մանրարուրք և սևադման (տես Սևադ) եղանակներով պատրաստված աշխատանքները: Ոսկերչության առանձնահատկությունը Հայաստանում պահպանվել և զարգացել մի շարք շնորհալի ոսկերիչների ստեղծագործությունների շնորհիվ: 1964-ից Երևանում գործում է Ոսկերչական գործարանը. Սփյուռքահայ գաղթավայրերում հայ ոսկերիչ վարպետները որոշակի (հաճախ վճռորոշ) ներդրում ունեն ոսկերչության ասպարեզում: 1998-ին Երևանում գումարվել է սփյուռքի և Հայաստանի ոսկերիչների ու գործարարների համաժողով՝ կապերի ընդլայնման և ամրապնդման, հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի ու արհեստի այդ հնագույն բնագավառներից մեկի հետագա զարգացման նպատակ:

Աղբյուր՝ http://www.armeniaculture.am/am/Encyclopedia_hay_mshakuyti_hanragitaran_voskerchutyun

#արհեստագործություն #ոսկերչությունըՀայաստանում

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am