Search

Շատ մեծ տոն է, ասես առաջին երեխայի ծնունդը. Մշակութային գործիչներն անդրադարձել են մայիսյան հաղթանակն

Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 101-ամյակը՝ Հանրապետության տոնը: «Մեր ամենամեծ ձեռքբերումն անկախ պետության հռչակումն է: Անկախ պետությունն առաջին հերթին ինքնիշխանությունն է և մեծագույն պատասխանատվությունը, որ կրում ենք մեր բնակչության, երկրի հանդեպ: Կարծում եմ՝ շատ մեծ խորհուրդ ունի այս տոնը, որովհետև մենք ուսումնասիրում ենք մեր և՛ ձեռքբերումները, և՛ բացթողումներն ու տեսնում, որ անհրաժեշտ է  շարունակել այն բոլոր լավ ավանդույթները, որոնք եղել են Հայաստանի Առաջին Հանրապետության հռաչակումից հետո: Իրականում շատ մեծ տոն է. ասես առաջին երեխայի ծնունդը: Դա ոչնչի հետ չի կարելի համեմատել»,- նշեց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման շնորհիվ մեր ժողովուրդը վերագտավ անկախ պետականությունը: «Դա համընկավ ճակատարգական դժվարին պահերի, բայց Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի կռիվներն ապացուցեցին, որ հայ ժողովուրդն ամենածանր, օրհասական պահերին կարողանում է համախմբվել և իր կամքով գրել իր ճակատագիրը»,-ընդգծեց Միլիտոնյանը: Նա հավելեց, որ առանց այդ հաղթանակների մենք չէինք ունենա պետականություն և խնդիրներ լուծելու վճռականություն: «Անկախությունը յուրաքաչյուր մարդու ամենաբաղձալի երազանքն է, որը հնարավորություն է տալիս ազատորեն ինքնադրսևորել: Այն մարդը, որն ապրել է այդ հույզերը, շնորհավորանքի է արժանի: Մենք պետք է վերջնականապես նկարենք Հայաստան աշխարհն  իր ազատությամբ, արժանապատվությամբ, ուր մշակույթը գտնվում է հոգատար ձեռքերում, և մենք կարողանում ենք իրական մշակույթի անունով խոսել՝ կարևորելով մեր ինքնությունը»,-ընդգծեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: 1918 թվականի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում  տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ: Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը):

Անժելա Համբարձումյան

#ՀայաստանիԱռաջինՀանրապետություն

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am