Search

«Նազարե» հրեշտակ տիկնիկները

Լուսինե Սանթրոսյանը մանկավարժ է, աշխատում է Նոր Հաճնի առաջին հիմնական դպրոցում՝ որպես տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ։ Հատկանշական է, որ մանկավարժական գործունեությունը սկսել է տիկնիկային ներկայացումով։ Տիկնիկագործությունն օգնում է նրան համբերատար լինել, իսկ համբերատարությունն էլ, Լուսինեի կարծիքով, տիկնիկներն են սովորեցնում՝ զուսպ ու խոնարհ սպասելով իրենց ավարտուն տեսքին։ Եվ հենց այդ պահից ստիպում են քեզ ժպտալ ու ապրել։

Իր աշխատանքներին Լուսինեն «Նազարե»  անվանումն է տվել՝ ոգեշնչվելով տաղանդավոր Հայկ Սայադյանի «Նազարե» մուլտֆիլմից։ Ոգեշնչման աղբյուր են նաև երեխաները, շրջապատի բարի և չար մարդիկ, նրանց  խոսքը, բնությունը՝ իր լավ ու վատ եղանակներով, սերն առ Աստված ․․․

«Մենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից». հիրավի իմաստուն  են  Էքզյուպերիի այս խոսքերը: Լուսինեի մանկությունն անցել է դրախտավայր Դիլիջանում։ Գուցե տեղավայրի մաքրությունն ու  աստվածային բնությունն էլ իրենց գործն են արել, երբ առաջին անգամ,  7 տարեկանում, պատրաստել է իր տիկնիկները՝ Մեծն Թումանյանի  շունն ու կատուն և բեմադրել այդ գործը։

Տիկնիկագործությամբ  սկսել է զբաղվել 40 տարեկանում։ Ոչինչ, երբեք ուշ  չէ,  կարևորը  սկսելն է ինչ- որ կետից ու քայլել առաջ, անվերջ սովորել, կատարելության ձգտել։ Առաջին տիկնիկը, հետո երկրորդը․․․ Լուսինեի համար անբացատրելի լույս ու մի տեսակ մղիչ ուժ կա այս գործի ընթացքում։ Տիկնիկներն օգնում են ավելի արժևորել ու գնահատել կյանքի ամեն ժամը, ավելի շատ ժպտալ, ավելի շատ լսել․․․

Լուսինե Սանթրոսյանի տիկնիկները հիմնականում տեքստիլային են, կիրառում է կտոր, թաղիք և ակրիլային ներկեր։ Շատ է սիրում հրեշտակներ պատրաստել, նրանք թևեր ունեն, սիրում են թռչել և քեզ էլ իրենց հետ տանել երևակայական մի աշխարհ, ուր միայն սերն է իշխում։

2018 թ. մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, ուր ներկայացրել է իր տիկնիկները. «Հեղինակային տիկնիկ» ցուցահանդեսին «Փոքրիկ Իշխանի մոլորակը» աշխատանքը, «Ա՜խ, այդ տիկնիկները» ցուցահանդեսին՝ «Շունն ու կատուն», «Ձմեռային հեքիաթ» ցուցահանդեսին՝ «Սուրբ Ծննդյան գիշերը» կոմպոզիցիան։

«Սիրածդ գործն անշուշտ քեզ ավելի բարի ու երջանիկ  է դարձնում և ստիպում «արևի նման նայել աշխարհին», իսկ երջանկությունդ կրկնապատկվում է, երբ քո ձեռքի աշխատանքով երջանկացնում ես շրջապատի մարդկանց։ Վստահաբար  ամեն բան  փոխկապակցված է այս կյանքում․ ի վերուստ քեզ տրված շնորհով, աներևույթ ձեռքով ծնվում է մի էակ, որը, լինելով անշունչ, կարող է իր անբացատրելի էներգիան փոխանցել, որն էլ կրկին քեզ է վերադառնում  մարդկանց բարի խոսքով, ժպիտով, անցնում քո միջով և դառնում լույսի ճանապարհը․․․» նշում է Լուսինեն։


#տիկնիկագործություն

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am