Ս. թ. մայիսի 26-ից հունիսի 2-ը Հայաստանում կիրականացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկման կարիքների գնահատում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է ուսումնասիրել Հայաստանում կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ տարվող աշխատանքները և գնահատել Հայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության արդի իրավիճակը, հիմնական կարիքները, օրենսդրական դաշտի կարգավորումները, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգը, ինչպես նաև սահմանել ոլորտի խնդիրներին ու զարգացմանը ուղղված առաջնահերթությունները: Այն կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Սոֆիայի կենտրոնի, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ: Ս. թ. մարտին Սոֆիայի կենտրոնը ծրագրի մասնակից փորձագետների ընտրություն է իրականացրել, որի արդյունքում ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հավատարմագրված փորձագետ Ա. Ստաշկևիչը (Բելառուսի Հանրապետություն): Նշյալ օրերին փորձագետը Հայաստանում շրջայցեր է իրականացնելու ոլորտի տարբեր հաստատություններում:
Նաիրա Կիլիչյան