Search

Մովսես գյուղից 16-ամյա Նարեն ու իր խխունջարվեստով

Խխունջները մեր մոլորակի վրա ապրող ամենահին կենդանի էակներն են։ Մարդու և խխունջների փոխհարաբերությունները սկսել  ձևավորվել քաղաքակրթության առաջացումից շատ ավելի վաղ։ Դեռևս հին ժամանակներից մարդիկ խխունջն օգտագործել են սննդի մեջ, և այն հասանելի է եղել բոլոր խավերի ներկայացուցիչներին, իսկ դրանց խեցիները՝  մարդկության ստեղծած զարդերի նախատիպն են հանդիսացել։

Մարդկությունը զարգանում էր, ու ժամանակի ընթացքում  սնվելու պարզունակ պահանջմունքը սկսում էր զիջել հոգևոր պահանջմունքներին։ Այդ պահանջմունքների ու աշխարհի նոր պատկերի մեջ կրկին  իր ուրույն տեղն ուներ խխունջը։ Այն հանդիպում է գրեթե բոլոր ժամանակաշրջանների մշակույթի ու արվեստի մասին հիշատակումներում։ Հին Եգիպտոսում ու Բաբելոնում խխունջն համարվել է հավերժության ու պտղաբերության խորհրդանիշ, Կենտրոնական Ամերիկայում՝ լուսնի և բերքատվության խորհրդանիշ, Խաղաղօվկանոսյան որոշ երկրներում այն դրամական միավոր էր, իսկ ահա մայաները խխունջին նվիրված տաճար ունեին։


art

Տավուշի մարզի Մովսես գյուղի 11-րդ դասարանի աշակերտուհի Նարե  Քարտաշյանը, ով նաև գյուղի դպրոցի լրագրության ակումբում լրագրող է, որոշել է նոր շունչ հաղորդել խխունջների խեցիների կիրառմանը։ 16-ամյա աղջիկը խխունջներից զարդեր է պատրաստում, ինչպես ինքն է ասում՝ խխունջարվեստով է զբաղվում։ Զարդերն արդեն  հասցրել են շատ սիրվել։

Peoplemedia.am–ի հետ զրույցում Նարեն պատմեց, որ գաղափարը ծնվել է  այն ժամանակ, երբ քննարկել են բնական նյութերից իրեր պատրաստել, որոնք պետք է ներկայացվեին Մովսեսում «Գրադարակի»  բացմանը։

people

«Կարելի է ասել «ոչնչից» զարդեր էինք պատրաստում։ Սկզբում միայն կախազարդեր էին, հետո որոշեցինք կատարելագործել ու արդեն որպես վզնոց ներկայացնել։ Երբ տեսանք, որ վզնոցները մեծ հետաքրքրություն են  առաջացնում, առաջարկ եղավ բիզնես-մոդել մշակել և փորձել դրանք նաև վաճառել։ Առաջին քայլը ֆեյսբուքյան էջ բացելն էր, որի միջոցով էլ իրականացնում ենք ապրանքների ներկայացման և վաճառքի գործընթացը»։

people

«Ինձ շատ է դուր գալիս խխունջների հետ աշխատել, սիրում եմ նկարել, ու այս  զբաղմունքն օգնում է միավորել իմ բոլոր հոբբիներն ու ստեղծագործելու ցանկությունը։ Այն իհարկե կանգ չի առնի միայն վզնոցների վրա, ուրախ կլինեմ նոր առաջարկներ ու  գաղափարներ լսել ու դրանք ևս կյանքի կոչել»։

art

«Զարդեր պատրաստելիս ոչ մի կենդանի խխունջի չենք վնասում, հավաքում ենք արդեն չորացած ու առանձնացած պատյանները։ Ընկերներս էլ արդեն գիտեն իմ զբաղմունքի մասին, իրենք էլ են հավաքում  ու ինձ բերում պատյանները»։

Նարեին ստեղծագործել օգնում է երաժշտությունը և խխունջի խեցու ձևը, քանի որ զարդերի պատվիրատուները պատկերի ընտրությունը հիմնականում թողնում են հեղինակին։

«Խխունջի խեցին յուրօրինակ ձև ունի, այդ պպտվող ու թվում է՝անվերջություն գնացող ձևը շատ նման է մեր կյանքին։ Աշխատում եմ պատկերներով շատ չփակել այդ ձևը։ Բնությունն ինքն արդեն լավագույն նկարիչն է ու քանդակագործը։ Օրինակ ամենից շատ պատվիրում են գիշերային երկնքի ու լուսնի պատկերով վզնոցներ։ Ես ինքն էլ եմ դա շատ հավանում։ Գիշերային երկինքն ու խխունջի խեցին ասես իրար համար ստեղծված լինեն․ երկուսն էլ անհուն են ու խորը․․․»։

art

Նարեի գեղեցիկ աշխատանքները կարող եք ձեռք բերել Խխունջարվեստ էջին գրելով։ Օգնենք մեր պատանիներին իրենց առաջին քայլերն անել մեծահասակների բիզնես աշխարհում։ Եվ ինչո՞ւ ոչ, մեր փոքրիկ լուման ներդնենք հայկական արտադրանքի զարգացման գործում։

Peoplemedia.am