Search

Մի բուռ քաղցր արև տարեք ձեզ հետ․ հայրենի գյուղում չրերի արտադրամաս հիմնած Աննա Ասատրյանը

Ռեյ Բրեդբերիի  «Խատուտիկի գինի» գրքում մի շատ գեղեցիկ  հատված կա, որտեղ նկարագրում է, թե ինչպես են խատուտիկից գինի ստանում, ինչպես են ամառը խցանում շշերի մեջ ու պահում ձմռան ցուրտ օրերի համար։

Մեր արևոտ երկրում էլ մենք արևը պահելու մեր ձևն ունենք։ Հայաստանի հատընտիր ու արևահամ մրգերի մեջ ամռան արև ենք խտացնում, ամռան գույներն ու պահում ձմռան մռայլ օրերի համար, որ համտեսի հետ մեր երակներով ձմռան փոխարեն ամառը հոսի։

Peoplemedia.amի այսօրվա հերոսուհին Արարատի մարզի Զանգակատուն գյուղում «Արփի» բնական չրերի արտադրության հիմնադիր Աննա Ասատրյանն է։ 

Երկու երեխաների մայր տիկին Աննան չորս տարի է, ինչ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ․ իրենց գյուղի միակ կին գործարարն է։ Ինչպես շատերը, այնպես էլ մեր այսօրվա հերոսուհին, կյանքում սեփական կոչումը գտնելու փնտրտուքների շատ  երկար ճանապարհ է անցել, մինչև գտել է այն զբաղմունքը, որն ամենից հոգեհարազատն է ու սիրելին։

anna asatryan

Սկզբում ինձ ոչ ոք չհավատաց

Տիկին Աննայի մոտ չրի արտադրություն հիմնելու գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ նկատել է, որ իր հայրենի  գյուղում մարդիկ բերքի իրացման խնդիր ունեն։

«Շատերի նման, ես էլ առաջին մասնագիտությունս ընտրել եմ ծնողներիս ցանկությամբ, ուսուցչուհի եմ։ Բայց քանի որ դա իմ ընտրությունը չէր, երբեք չաշխատեցի այդ մասնագիտությամբ։ Հետո սովորեցի հաշվապահություն, բիզնես գրագիտություն, հոգեբանություն․․․և այդպես շարունակ, փորձում էի գտնել կյանքում իմ տեղը և վերջապես հասկանալ՝ ինչով պետք է  ես այս կյանքում զբաղվեմ։ 2016 թվականն էր։ Այդ տարին բերքատվության առումով շատ բարեհաջող էր, գյուղում այնքան շատ բերք կար, բայց կար իրացման խնդիր։ Ես էլ իմ համագյուղացիների նման կանգնած էի իմ այգու բերքի իրացման խնդրի առաջ։

Այդ ժամանակ աշխատում էի որպես հաշվապահ և համակարգչային ծրագրերի սպասարկող։ Փորձեցի ինքնուրույն  լուծումներ փնտրել և միակ միտքը, որ գլխումս ծագեց՝ իսկ ինչո՞ւ չրերի արտադրություն չսկսել։ Դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ ինքս առողջ ապրելակերպի ջատագով եմ, սիրում եմ առողջ սնվել և օրվա քաղցրի չափաբաժինը չրերով եմ լրացնում։

arpi

Ասեմ, որ սկզբում ինձ ոչ ոք չհավատաց։Իմ արած աշխատանքին միայն ինքս էի հավատում։Երբ բիզնես- կառավարման կուրսեր ես անցնում, քեզ թվում է, թե դու ամեն բան կարող ես, բայց արդեն բուն աշխատանքի գործընթացի մեջ բախվում ես բազմաթիվ խնդիրների, որոնց մասին երբեք չէիր լսել կամ մտածել։ Չգիտեի լոգոն ինչն է, փաթեթավորումն ինչ է, փիարն ու մարքեթինգը ինչ են։ Շնորհիվ բնավորությանս թերս իմ ամենասիրելի գծի՝ սկսեցի կրկին սովորել ու գտնել կծիկի թելի ծայրը։ Ի զարմանս ինձ չհավատացողների՝ հենց առաջին տարում կարողացա իրացնել իմ համեստ արտադրանքը։ Դա աննկարագրելի ոգևորիչ էր ու էլ ավելին անելու ուժ տվեց»։

arpi

Բազմաչարչար «բոմբաներկայի» փոխարեն՝ մեկ տուփ չիր

«Անունն ընտրելու շուրջ շատ երկար մտածեցի։ Բացի այն, որ չրերի դեպքում  «Արփին» շատ խորհրդանշական անուն է, այն նաև դստերս անունն է։ Մեր արտադրանքի դեպքում հիմնական շեշտը դրվում է որակի ու  բնականության վրա․ խուսափում ենք ամեն տեսակ անբնական նյութերի օգտագործումից ու կոնսերվանտներից։ Ինձ մոտ մի այսպիսի սկզբունք կա․ անել քիչ, բայց անել լավ։Եթե ես առողջ լինելու համար նախընտրում եմ բնական չորամրգեր, ինչո՞ւ պետք է կեղծեմ ու իմ սպառողին այլ բան առաջարկեմ։ Շատ ենք աշխատում արտաքին փաթեթավորման և տուփերի դիզայնի կատարելագրծման ուղղությամբ։Փորձում եմ մեր հասարակության մեջ իրար տուն բազմաչարչար «բոմբաներկայի» փոխարեն մեկ տուփ չիր տանելու մշակույթ ներդնել։ Թող մարդիկ իրար մեկ տուփ քաղցր արև ու ջերմություն նվիրեն․ դա և՛ ավելի հաճելի է, և՛ ավելի առողջարար։

Այս տարի նաև մեկ այլ  հետաքրքիր գաղափար ենք կյանքի կոչել, որի նպատակը գաստրո տուրիզմի զարգացումն է․ մեր հյուրերին և զբոսաշրւիկներին  առաջարկում ենք  չրերի ու չրային ուտեստների վարպետաց դասեր»։

arpi

Մի կողմ թողեք բողոքելու գայթակղությունն ու աշխատեք

Միայն չրերի արտադրությամբ չի  ավարտվում տիկին Աննայի գործունեությունը։ Վերջերս նա  հիմնել է «Համայնքի ապավեն» կանանց և երիտասարդների աջակցման կենտրոն հասարակական կազմակերպությունը, որը զբաղվելու է հիմնականում կանանց և երիտասարդների զբաղվածության և կրթության հարցերով։

«Իմ վերջնական նպատակն է տեսնել գյուղում ապրող գյուղացու, ով գոհ է իր կյանքից, հույսով լի ու լավատես, տեսնել իր կարողություններն ու հնարավորությունները բացահայտած և ապագան գյուղում տեսնող երիտասարդների։ Մեր երկրում շատ է խոսվում կանանց դերի կարևորության մասին, բայց հատկապես համայնքներում դա շատ թույլ տեղում է։ Ես իմ օրինակով փորձում եմ իմ և մյուս համայնքների կանանց ցույց տալ, որ մենք կարող ենք ամեն բան անել, պարզապես պետք է գտնել մոտիվացիա, շատ աշխատել, օգնել իրար և առաջ ընթանալ։ Ինքս իմ աշխատանքով հենց դա եմ առաջին հերթին քարոզում․ մի կողմ թողեք ամեն բանից ու անընդհատ բողոքելու գայթակղությունը, դրական մտածեք, ամեն ինչի պատասխանատվությունը վերցրեք ձեզ վրա ու աշխատեք։ Ինձ մոտ աշխատանքի եմ վերցնում կանանց, որպեսզի նրանց ոչ միայն աշխատանքով ապահովեմ, այլև մտածելակերպ ձևավորեմ։

Կանա՛յք, հավատացեք ինքներդ ձեզ ու հստակ գիտակցեք  հասարակության մեջ ձեր դերի կարևորությունը։ Յուրաքանչյուր առողջ ընտանիք հիմնված է լավ մայր ու ու իր աշխատանքի մեջ կայացած կնոջ վրա, իսկ պետությունը հիմնվում է հենց այդ առողջ ընտանիքների վրա»։

© Peoplemedia.am