Search

Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնը


«Կրթության դերը կանաչ տնտեսության, տեխնոլոգիական գյուղատնտեսության մեջ հատկապես կարևոր է երիտասարդների ներգրավվման տեսանկյունից։ Ապրելով սեփական գյուղում և համայնքում՝ կարելի է ունենալ արժանապատիվ կյանք, շենացնել հարազատ երկրի քո անկյունը»,-ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Ձորաղբյուր համայնքի ուսուցման կենտրոնում «Կանաչ արահետ» ՀԿ-ի՝ այսօր կազմակերպած Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ բացօթյա փառատոնի բացմանը` ողջունելով ներկաներին։

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությանը՝ երիտասարդների կարողությունների, կանաչ ագրոարդյունաբերության և տարածքների համաչափ զարգացման գործում երկարատև և հետևողական ջանքերի համար, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը, Ավստրիական զարգացման գործակալությանը և ծրագրի մյուս աջակիցներին։

Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ չնայած համավարակի դժվարություններին՝ փառատոնի մասնակիցների թիվը և աշխարհագրությունը բավականին մեծ է։ «Նմանատիպ փառատոնները լավ հնարավորություն են՝ համայնքային ավանդույթների վերակենդանացման առումով և, առհասարակ, ցանկացած փառատոն նպաստում է մեր ազգային մշակութային զարթոնքին»,-եզրափակել է նա։

Նշենք, որ փառատոնի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն զարգացմանը։ Փառատոնը եզակի հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողները, գնորդները, տարբեր կազմակերպություններ և պոտենցիալ դոնորներ հանդիպում են՝ փոխադարձ համագործակցություն և փորձի փոխանակում իրականացնելու նպատակ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն