Search

Մարինա Խաչմանուկյանի տիկնիկների աշխարհը

Մարինա Խաչմանուկյանն այն հազվադեպ արվեստասերներից է, որոնց արվեստի նկատմամբ ունեցած անսահման գնահատանքը կենսակերպ է դառնում և նաև խթանում արվեստի զարգացմանն ու տարածմանը։ Մարինայի արվեստասիրության դաշտը տիկնիկների մոգական աշխարհն է։ Նա մասնագիտությամբ հնագետ արվեստաբան է: Երկար տարիներ աշխատել է Ժամանակակից արվեստի թանգարանում, իսկ վերջին 15 տարիներին Երևանի պատմության թանգարանում, որպես էքսկուրսիաների և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար: 2012 թ. նաև դասավանդում է Վ. Բրյուսովի անվան համալսարանում: Հեղինակ է տարբեր կրթական ծրագրերի, խաղ-էքսկուրսիաների և անիմացիաների («Ճանանչիր Երևանը», «Գիտունիկը Երևանի թանգարանում», «Հարսանեկան իրարանցում» և այլն):

2010 թ. զբաղվում է տիկնիկների թեմատիկայով, այդ ոլորտի համակարգմամբ: Նրա գործունեության հիմնական նպատկն է տիկնիկը, որպես պատմամշակութային, գեղարվեստական և սոցիալական բազմաբնույթ երևույթ ներկայացնելը և հեղինակաին տիկնիկը, որպես դեկորատիվ արվեստի ինքնուրույն ուղություն հանրահռչակելը: 2010 թ. Երևանի պատմության թանգարանում, Ռուսական արվեստի թանգարանում, Թումանյանի թանգարանում պարբերաբար կազմակերպել է տիկնիկների թեմատիկ ցուցահանդեսներ («Տիկնիկ» 2010 թ., «Տիկնիկային պատմություններ» 2014-2015 թթ., «Հեղինակային տիկնիկ» 2016 թ., «Լինում է, չի լինում, 3 տոնածառ է լինում» 2017 թ., «Ախ, այդ տիկնիկները» 2018 թ., «Ձմեռային հեքիաթ» 2018 թ.):

2017 թ. Մարինա Խաչմանուկյանի նախաձեռնությամբ Երևանում բացվեց Հայաստանում առաջին տիկնիկների պատկերասրահը, որը տարբեր հանգամանքների բերումով կարճ կյանք ունեցավ:  Դեռ 2016 թ. Մարինան վարում է www.kukliarm.com կայքէջը, որտեղ ներկայացվում են Հայաստանում և Հայաստանից դուրս ստեղծագործող տիկնիկագործներ, նրանց աշխատանքները, ինչպես նաև տիկնիկների թեմայով տարբեր միջոցառումներ ու ցուցահանդեսներ:

2018 թ. Մարինան հիմնել է նաև ֆեյսբուքյան խումբ («Содружество армянских кукольных мастеров»), որտեղ պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Նա տիկնիկների հավաքորդ է և նրա տիկնիկների հավաքածուն արդեն հասնում է ավելի քան 200 նմուշի։

Մարինայի երազանքն է, որ Երևանում տիկնիկների թանգարան բացվի, որտեղ կներկայացվեն հայկական ծիսական, գեղարվեստական, թատերական, հուշնվերային, ինչպես նաև խորհրդաին շրջանի մասսայական արտադրության տիկնիկներ։

#տիկնիկագործության