Search

«Մարէ»․ երբ ձեռագործությունը նաև բիզնես է

Մենք չենք կարող պատկերացնել մեր կյանքն առանց գեղեցիկ գործված ու տարբերվող զգեստների, սվիտերների ու գուլպաների։ Մարդիկ գործել սկսել են դեռևս հնագույն ժամանակներից, երբ հագուստի կարիք են զգացել։ Որքան էլ այսօր զարմանալի թվա, այս արհեստով սկզբնական շրջանում զբաղվել են տղամարդիկ: Դարերի ընթացքում շյուղագործությունը դադարեց տղամարդկանց արհեստ լինելուց և դրանով սկսեցին զբաղվել կանայք: Նրանք իրենց հատուկ ճաշակի զգացումով ու գեղեցիկը ստեղծելու կարողությամբ, հնարամտությամբ ու համբերությամբ  ծաղկեցրին այն՝ ստեղծելով բազմաթիվ գլուխգործոցներ: Այսօր կանայք գործում են ոչ միայն հագուստ․  կանանց համար գործելը շատ հաճախ հոբբի է, առօրյա հոգսերից կտրվելու միջոց և արդյունքում՝ նաև եկամտի աղբյուր։

Իջևանի բնակչուհի 54-ամյա Մարինե Մարկոսյանն իր հելյունագործական հմտությունները ներկայացնելու համար ստեղծել է «Մարէ» ապրանքանիշը, որի շնորհիվ ներկայացնում է տեքստիլային թելերից գործված զամբյուղներ և տարաներ։

Տիկին Մարինեն խոսել է  իր սիրելի զբաղմունքի մասին։

people

Տիկին Մարինեն սովորել է  Երևանի գեղարվեստի ուսումնարանում, ձեռագործության բաժնում։ Իր մասնագիտությամբ երբեք չի աշխատել, բայց շատ է սիրել ստեղծագործել, նկարել, գործել ու հոգու խորքում միշտ թաքուն հույս է ունեցել, որ մի օր կզբաղվի իր սիրելի գործով։

«1990 թվականին ամուսնացա և տեղափոխվեցի Իջևան։ Դժվար ժամանակներ էին, մութ ու ցուրտ տարիներ, սկսեցի երեխաներիս համար հագուստ գործել։ Ապա տեղափոխվեցինք  Ռուսաստան, մի քանի տարի այնտեղ բնակվելուց հետո  վերադարձանք Հայաստան ու  կրկին սկսեցի գործել։ Ծանոթներիցս մեկն, ով շատ էր հավանում աշխատանքներս, Իջևանում  ձեռարվեստի կենտրոն հիմնեց, սկսեցի իրենց հետ համագործակցել․ նկարներ էի տալիս, ասղնագործություններ, մանրանկարչություն ու  տարբեր այլ աշխատանքներ։ Սկսեցի ծավալվել ու իմ սիրելի զբաղմունքը դարձավ եկամտի աղբյուր։ Աշխատանքներս վաճառվում էին Գոշավանքում, ընդգրկվեցի տարբեր ծրագրերի մեջ։ Իջևանում կար մեծահասակների կրթության կենտրոն, այնտեղ վերապատրաստվեցի որպես  դասընթացավար և սկսեցի նաև դասավանդել։ Հիմա ժամանակավոր այդ կենտրոնը չի գործում»։

people

«Ծանոթացա «Իմ Հայաստան» ծրագրի հետ և արդեն մեկ տարի է իրենց հետ եմ աշխատում, մասնակցում եմ տարբեր ցուցահանդեսների ու հանրաությանը ներկայացնում աշխատանքներս։Հիմնականում հելյունագործ զամբյուղներ եմ պատրաստում։ Իմ աշխատանքների հանդեպ հետաքրքրությունն ավելի մեծ է օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից։Մի քիչ տխուր է, որ մեր հայրենակիցները շատ չեն հետաքրքրվում։ Աշխատանքերը կան, բայց շուկան փոքր է։ Գուցե գինն է  հետ պահում շատերին  կամ անտարբեր են նորությունների հանդեպ։

Ձեռագործ ախատանքը միշտ գին է ունենում, որի համար ոչ բոլորն են պատրաստ վճարել։ Նմանատիպ աշխատանքները իրենց հատուկ գնահատողներն ունեն, ովքեր շուկայում առկա զանազան ալյընտրանքների մեջ ընտրում են տեղականը, ընտրում են ձեռագործը։ Հիմնական գնորդներն արտասահմանցիներ են, ովքեր Հայաստանից նվերներ են տանում իրենց ընկերներին ու բարեկամներին»։

Անտեսելով բոլոր դժվարությունները, Տիկին Մարինեն շարունակում է սիրով անել իր աշխատանքը և իր գործընկերների հետ որոշել են Իջևանում ձեռարվեստի կենտրոն հիմնել։ Ներկայումս աշխատում են նախագծի վրա, որն արդեն հավանության է արժանացել պատկան մարմինների կողմից։

people

#արվեստ #Ձեռագործ #մշակույթ