Search

Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը

ՀՀ կառավարությունը 3 միլիոն 281 հազար դրամ  գումար տրամադրեց Երևանի համայնքին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով։

Այս որոշումը Կառավարությունն ընդունեց օգոստոսի 8-ի հերթական նիստում։

«Ըստ քանդակագործ Սարգիս Բաբայանի կողմից ներկայացված նախահաշվի՝ հուշարձանի կառուցման համար  անհրաժեշտ կլինի 54,2 միլիոն դրամ։ Հարցը քննարկվել է նաև Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամների հետ, ընտանիքի կողմից է եղել արձանը հենց այնտեղ տեղադրելու նախաձեռնությունը և ցանկությունը»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կարեն Դեմիրճյանի արձանը տեղադրելու հետ կապված դեռ շատ վաղուց որոշում կար, և նախատեսված էր այդ արձանը տեղադրել Մաշտոցի պողոտայում, սակայն ինչ-ինչ հանգամանքներով այդ տեղը Դեմիրճյանի ընտանիքի համար պակաս ընդունելի համարվեց։

«Ի վերջո, Երևանի քաղաքապետարանն առաջարկեց արձանը տեղադրել մարզահամերգային համալիրի դիմաց։ Կառավարությունը և ընտանիքը առաջարկն ընդունեցին։ Նաև ներկայացվել է արձանի մակետը, որը, կարծես թե, ընդունելի է և՛ Երևանի քաղաքապետարանի, և՛ ընտանիքի կողմից»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը Պապիկյանից հետաքրքրվեց, թե ինչ ժամկետներում արձանը ֆիզիկապես տեղադրված կլինի տարածքում, նախարարը ժամկետներ չնշեց, սակայն ասաց, որ աշխատանքը կկատարվի հնարավորինս սեղմ ժամկետներում։

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am