Search

Մարաշի ասեղնագործության վարպետը

Այտա Սանդուրյանը ծնվել է Հալեպում, ծագումով մարաշցի է։ Սովորել է Հալեպի երկրորդական ճեմարանում, այնուհետև՝ ուսումնարանում, մասնակցել է մանկավարժական և հայագիտական դասընթացների։ Եղել է «Մարաշ» հայրենակցական միութեան խորհրդի անդամ, նաև երեխաների հետ տարվող աշխատանքների պատասախանատու: 2000-2012 թթ. տարեշրջանում, որպես դասատու աշխատել է Հալեպի Կրթասիրաց մանկապարտեզի բաժնում։

2012 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ 2013 թ. Ամերիկյան համալսարանում մասնակցել է   գործարարությանը նվիրված դասընթացի, որն էլ սկիզբ է հանդիսացել Մարաշի ավանդական ասեղնագործության դպրոցի հմտությունը զարգացնելու և իր մեծ մորից ժառանգած ասեղնագործական ունակությունների հիման վրա մեծ մոր անունով «Արիքա» ապրանքանիշը ստեղծելու համար։

Ապրանքանիշի տեսականին բազմազան է. սեղանի և անկողնի ծածկոցներ, զարդեր, նկարներ, պայուսակներ, գոտիներ և Մարաշի ասեղնագործությամբ ձևավորված կաշվե աքսեսուարներ, որոնք բոլորն էլ ինքնատիպ են. դրանցում զուգորդվում են ավանդականն ու նորը։ Այտան շարունակաբար ասեղնագործության դասընթացներ է իրականացնում՝ Մարաշի ասեղնագործության իր գիտելիքներն ու հմտությունները փոխանցելով երիտասարդներին։

2015 թ. նրան շնորհվել է «Երևանի առաջին սկսնակ կին գործարար» կոչումը: 2015 թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից սահմանված ժողովրդական վարպետի վկայական է ստացել։ Մասնակցել է ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների, ՄԱԿ-ի, Ամերիկյան համալսարանի կազմակերպած ցուցահանդեսներին, ինչպես նաև մի շարք միջազգային ցուցահանդեսների Իրանի Իսլամական Հանրապետությունում, Վրաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

2018 թ. Այտան մասնակցել է Վաշինգտոնում տեղի ունեցած Սմիթսոնյան ինստիտուտի կողմից կազմակերպվող «Ֆոլկլայֆ» ամենամյա փառատոնին, որը նվիրված էր Հայաստանին և այլ ժողովրդական վարպետների հետ մեկտեղ հայկական ձեռարվեստի տաղավարում ներկայացրել է Մարաշի ավանդական ասեղնագործութունը:

2016 թ. մասնակցում է «Սիրիահայերի միութուն» հասարակական կազմակերպության Տիկնանց հանձնախմբի աշխատանքներին՝ աջակցելով Սիրիայից եկած կանանց, միևնույն ժամանակ ասեղնագործության խմբակ վարելով։


Նաիրա Կիլիչյան

#Ասեղնագործություն