Search

Մարաշի ասեղնագործության գաղտնիքները։ Լուսինե Մխիթարյան

Ասեղնագործությունը կիրառական արվեստի ճյուղ է, որի նպատակն է զարդարել գործվածքը կամ առանց գործվածքի, միայն թելերից ստանալ հյուսքային ժանյակ։ Հայկական հնագույն արվեստի ճյուղերից է նաև դաջագործությունը, որը նույնպես գործվածքը զարդարում է, սակայն դաջերի և ներկերի միջոցով։ Քանի որ երկու ճյուղերն էլ ունեն ընդհանուր նպատակ, և երկուսն էլ աշխատում են գործվածքի հետ, միտք առաջացավ ասեղնագործությունների սյուժեն վերցնել տեքստիլի զարդարման ժամանակակից արվեստներից, ինչպիսիք են բատիկան և գործվածքի նկարազարդումը։ Ասեղնագործելու ընթացքում պատկերի կամ գծագրի փոփոխությունը անխուսափելի է, քանի որ ասեղնագործության տարբեր տեսակներն ունեն միայն իրենց բնորոշ նախշեր և գործվածքին հաղորդում են յուրահատուկ լուսաստվերային հմայք։ Բացի դրանից՝ նկարիչը իրեն անհրաժեշտ երանգը ստանում է ներկերը խառնելով, իսկ ասեղնագործողը աշխատում է արդեն ներկված թելերով և ստիպված է գտնել անհրաժեշտ երանգի թելը։ Չմոռանանք, որ նույն թելը փոխում է իր երանգը, երբ հայտնվում է այլ գույնի թելի կողքին կամ երբ օգտագործում ենք նույն թելի ավելի հաստ կամ բարակ տարբերակը։ Այսպիսով՝ պարզ է, որ ասեղնագործության մեջ ստեղծագործական ուղին ունի իր պահանջները և ենթարկվում է միայն իրեն բնորոշ օրենքներին։

Մարաշի գաղտնակար ասեղնագործության նախշերի կարելի է հանդիպել հայկական մանրանկարների և խաչքարերի զարդանախշերում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ կարատեսակը այնքան հայտնի է եղել Մեծ Հայքի և Կիլիկայի տարածքներում, որ ասեղնագործ զարդից վերածվել է նկարչական և քանդակագործական նախշի։ Ռուս հետազոտող Ա․ Յոլկինան, ուսումնասիրելով միջնադարյան ճարտարապետական և կիրառական արվեստի հյուսքային զարդանախշերը, եկել է այն եզրակացության, որ դրանք իրականում գոյություն ունեցող թելային կամ կաշվե հյուսքեր էին։ Ընդ որում, Ա․ Յոլկինան ապացուցում է, որ հյուսքային զարդանախշերը կարելի է վերարտադրել մաքրամեի տեխնիկական հնարքների օգնությամբ, Մարաշի հյուսքը նույնպես վերարտադրված է մաքրամեի ձևով։ Շատ զարդանախշեր բացահայտ կապ ունեն հենց Մարաշի ասեղնագործության հետ և հեշտությամբ վերարտադրվում են ասեղնագործության հնարքների օգնությամբ։



Լուսինե Մխիթարյան

#Ասեղնագործություն #ԱրևմտյանՀայաստան #կիրառականարվեստ #Մարաշ

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am