Search

Մալթայի Հանրապետությունում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր

ՀՀ մշակույթի նախարարության, «Մալթայի արվեստի խորհրդի» և «Մշակույթի աջակցության Եվրոպական հիմնադրամի» համագործակցությամբ, «Վալետտան Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում` ս. թ. ապրիլի 18-30-ը Վալետտայում /Մալթայի Հանրապետություն/ առաջին անգամ կանցկացվի «Հայաստանի մշակույթի օրեր»:

«Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրի բացումը տեղի կունենա ապրիլի 18-ին «Meditterranean Conference Center» կենտրոնի «Sacra Infermeria Hall» սրահում. այստեղ տեղի կունենա աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված՝ «Երաժշտության միջազգային լեզու» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, որին «Republic Hall» համերգասրահում կհաջորդի՝ Մալթայի սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի /գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյան/ համերգը:

Ծրագրի շրջանակում համերգներով հանդես կգան նաև «Խաչատրյան տրիոն» և «Արաքս» պարային համույթը, կկայանա Տիգրան Մանսուրյանի հեղինակային համերգը, ինչպես նաև Մալթայի երգչախմբի կատարմամբ կհնչեն Կոմիտասի երգերը:

Կանցկացվեն «Կոմիտաս. կյանքը լուսանկարներում», «Խաչքարեր», «Քարերի գաղտնիք» խորագրերով ցուցահանդեսները, կցուցադրվեն Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները», Միքայել Պողոսյանի «Շնորհակալություն, հայրիկ» ֆիլմերը: Նախատեսվում է «Արվեստ և մշակույթ» հիմնադրամի կրթաթոշակակիրներ՝ Մերի Մուսինյանի /քանոն/, Գևորգ Ստեփանյանի /դուդուկ/, Էլեն Հարությունյանի /դաշնամուր/, Վահրամ Հովհաննիսյանի /երգիչ/ ելույթները:

Տեղեկացնենք, որ «Հայաստանի մշակույթի օրերը» Մալթայի Հանրապետությունում անցկացվում է համաձայն 2017 թվականի դեկտեմբերի 7-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 24-րդ խորհրդի ընթացքում, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մալթայի Հանրապետության արտաքին գործերի և առևտրի զարգացման հարցերով նախարար Կարմելո Աբելայինի կողմից ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի: