Search

«Վրձնի հիշողության ձայնը Ակոռիից Աքորի» գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի վերաբերյալ

Ճարտարապետ Վարուժան Սիմոնյանի «Վրձնի հիշողության ձայնը Ակոռիից Աքորի» գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի վերաբերյալ

Ս. թ. մայիսի 26-ին, ժամը 15:00–ին, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը»՝ «Լոռվա ձոր» հայրենակցական միության հետ համատեղ հանրությանը կներկայացնի Վարուժան Սիմոնյանի «Վրձնի հիշողության ձայնը Ակոռիից Աքորի» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 5-ը:

Վարուժան Սիմոնյանը ծնվել է 1956 թ. Թումանյանի շրջանի Ակոռի գյուղում: Ուսանել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարա­կան ֆակուլտետում: 1986-1993 թթ. մասնագիտությամբ աշխատել է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատում: 1993թ. ընտրվել է Ալավերդու քաղաքային խորհրդի նախագահի տեղակալ և համատեղության կարգով՝ աշխատել որպես քաղաքի գլխավոր ճարտարապետ, ապա՝ քաղաքապետի տեղակալ: Վարել է նաև հասարակական գործունեություն՝ ղեկավարելով «Ալավերդու ընտանիքի օժանդակության կենտրոն» ՀԿ-ն: 2006 թ. առ այսօր աշխատում է Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանում՝ որպես տնօրեն:

Գեղանկարչությամբ զբաղվել է դեռևս վաղ հասակից, սակայն վարպետություն է ձեռք բերել 2011 թ., երբ Ալավերդիում կազմակերպված «Լոռվա ներկապնակ» միջազգային հանդիպման շրջանակում ուսումնարանում կազմակերպվել են 8 երկրների նկարիչների վարպետության դասեր:

Նկարչի հիշողության արահետները պատկերում ոչ միայն են Ակոռի գյուղը, այլև հայրենի եզերքի այլ տարածքներ՝ Վայոց ձոր, Դիլիջան, Արագածոտն, ուր ստեղծվում են «Գյուղական դրվագ», «Դեպի Ակոռի», «Նորավանք, «Օհանավանք» կտավները: Ստեղծագործական այդ որոնումները չեն սահմանափակվում Հայաստան աշխարհով: Նա վրձնում է բնապատկերներ, նատյուրմորտներ, դիմանկարներ նաև Դոնբասից՝ «Գալյա տատի տունը», Էսենդուկիից՝ «Ամռան բույրը», Վանից՝ «Սուրբ Խաչը» և այլն:

Լոռվա աշխարհի զավակն իր ինքնաբուխ ստեղծագործություններով և Լոռվա հեքիաթային աշխարհի մաքուր ու ջերմ գույներով պատմում է հայրենի բնաշխարհի, շրջապատի մարդկանց մասին:

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am