Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Երևանի Հ. Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ փետրվարի 19-ից սկսած ամբողջ տարվա ընթացքում մայրաքաղաքում հետաքրքիր մշակութային ծրագրեր կիրականացվեն: Կհրատարակվեն գրքեր, Թումանյանի ստեղծած մանկական խաղերը, նախատեսվում են նորաձևության ցուցադրություններ և այլ միջոցառումներ: Այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանը:
«Հոբելյանը շատ լավ առիթ է թանգարանի նախըն
Այս տարվա ընթացքում սպասվելիք հրատարակչական գործունեության մասին խոսելով` տնօրենի պաշտոնակատարը հիշեցրեց, որ Թումանյանի հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիշարժան իրադարձությունների օրացույցում, ինչը շատ պարտավորեցնող է: «Աշխարհին ասելիք ունենք աշխարհի լեզվով. հետևաբար թանգարանը նախաձեռնել է մեկ ամբողջական ծաղկաքաղ բանաստեղծի ստեղծագործություններից, հոդվածներից, նամակներից, որոնք պետք է տպագրվեն անգլերեն, գերմաներեն, պարսկերեն, արաբերեն, վրացերեն: Լավ որակի թարգմանությունը քիչ է, այն նաև պետք է հասցնել ընթերցողին»,-պատմեց նա ու հավելեց, որ այս տարի կտպագրվի Թումանյանի ժողովածուն:
Թումանյանի ակադեմիական երկերի լիակատար ժողովածուն նույնպես վերախմբագրված հրատարակվում է:
Անդրադառնալով փետրվարի 19-ին սպասվող միջոցառումներին` Եղիազարյանն ասաց, որ այդ օրը հետաքրքիր միջոցառումներ են նախատեսված ոչ միայն թանգարանի ներսում, այլև շրջակայքում, որտեղ նախատեսվում է հրավառություն: Թանգարանում նախատեսվում է ներկայացում, որի ռեժիսորը Սամսոն Մովսեսյանն է: Նրա սցենարով բեմադրության մեջ թանգարանի այցելուները կհանդիպեն Թումանյանին և կպարզեն, որ գրողի ծննդյան օրը շնորհավորելու են եկել Գրիմ եղբայրները, Հանս Քրիստիան Անդերսենը, Ալեքսանդր Պուշկինը և այլ մեծանուն գրողներ:
Տարվա ընթացքում թանգարանի նախաձեռնությամբ անգլերեն, վրացերեն, գերմաներեն ու պարսկերեն կթարգմանվի և կհրատարակվի Թումանյանի բոլոր ժանրերի ստեղծագործություններից բաղկացած գիրք, որը տպագրման փուլում է: Կիրականացվի նաև օլիմպիադա ոչ միայն Հայաստանի դպրոցականների, այլև Սփյուռքում ապրող երեխաների համար:
Թանգարանում կազմակերպվելու է ծաղրանկարների մրցույթ «Էս վայթե մեր Օհանեսն է» խորագրով: Ամռանը Հայաստանի ամբողջ տարածքում կմեկնարկի «Street art» ծրագիրը, ընթացքում է նաև Թումանյանի կյանքի մասին պատմող անիմացիան: Անի Եղիազարյանը հայտնեց, որ պատրաստվում են իրականացնել նորաձևության շաբաթ: «Թումանյանը շատ էր կարևորում ճաշակը և այն համարում կյանքի բույրը: Նորաձևության ցուցահանդեսում կներկայացվի 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Թիֆլիսում ապրած հայ մտավորականների հագուկապը, որի տարբեր բաղկացուցիչներ մոդայիկ են նաև այսօր: Առանցքում կլինի Թումանյանի ընտանիքը, աղջիկներից Անուշը, որը բավականին պճնամոլ էր ու հետաքրքիր լուսանկարների շարք ունի»,-ընդգծեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը և հավելեց, որ ցուցադրություններ կլինեն Թբիլիսիում և Մոսկվայում:
Աղբյուրը՝ https://armenpress.am
#Հայգրականություն #ՀովհաննեսԹումանյան #ՀովհաննեսԹումանյանիտունթանգարան #ՅՈՒՆԵՍԿՕ