Search

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանն ամփոփել է 2016 թվականի առաջին կիսամյակը

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանն ամփոփել է 2016 թվականի առաջին կիսամյակը և ներկայացրել առաջիկա ծրագրերը։

Ս. թ. սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2016 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքներին և առաջիկա ծրագրերին:

Ա. Պողոսյանն իր խոսքում կարևորել է նախարարության կողմից իրականացված և իրականացվող բազմաբնույթ ծրագրերը՝ ուղղված հայկական մշակույթի պահպանմանը, տարածմանը, զարգացմանը և հանրահռչակմանը, այնուհետև՝ կիսամյակի կարևորագույն ձեռքբերում համարել ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնությունները և ՀՀ կառավարությանը ներկայացված որոշումների նախագծերը: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի գնահատմամբ՝ կիսամյակի մեկնարկը նշանավորվել է Եվրոպայի Խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամին Հայաստանի լիիրավ անդամակցությամբ, ինչը լայն հեռանկարներ է ստեղծում կինոոլորտը զարգացնելու և ներդրումներ ապահովելու համար: Ա. Պողոսյանը հատուկ ընդգծել է նշված ոլորտում իրականացվող քաղաքականությունը՝ հայկական կինոժառանգության թվայնացման և կինոտարեգրության տեղեկատվական շտեմարանի ստեղծման ուղղությամբ:

Շարունակելով միջազգային համագործակցության թեման՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանը բարձր է գնահատել մինչև 2020 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեին Հայաստանի անդամակցությունը, այն համարելով նախաձեռնություններ ներկայացնելու և պաշտպանելու հարթակ: Միջազգային ասպարեզում Հայաստանը և հայկական մշակույթը լավագույնս ներկայացնելու առիթ էին նաև Ռուսաստանի պատմության պետական թանգարանում՝ «Հայաստան. լինելիության լեգենդներ» և Աթենքի բյուզանդական և քրիստոնեական թանգարանում՝ «Հայաստան. Արարատի ոգին» խորագրերով քաղաքակրթական ցուցահանդեսները:

Մշակութային 2016-ի առաջին կիսամյակում իրականացվող նախագծերի թվում կարևորվել են ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված՝ ավելի քան 4 տասնյակ միջոցառումները, մասնավորապես՝ սեպտեմբերի 21-ի «Անկախության սերունդ» խորագրով մեծ համերգը. «Մշակութային ձեռքբերումները առաջին հերթին կարող է անկախության սերունդը ներկայացնել՝ Հայաստանի բոլոր մարզերի շնորհալի երեխաները, ովքեր համահայկական սիմֆոնիկ նվագախմբի և մանկական երգչախմբի համատեղ համերգով հանդես կգան հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով: Սա միջոցառում է, որն ունի գաղափարական հենք և հարիր է մեր 25-ամյա անկախությունը նման ձևաչափով ներկայացնելուն»,- իր խոսքում նշել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am