Search

«Հիշողության ծիսակամուրջ». գիտաժողով-ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին

«Հիշողության ծիսակամուրջ». գիտաժողով-ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին

Ս. թ. օգոստոսի 20-ին, ժամը 13:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, տեղի կունենա «Հիշողության ծիսակամուրջ» խորագրով գիտաժողով-ցուցահանդեսը՝ նվիրված ժողովրդական արվեստի պահպանման և զարգացման գործում մեծ ավանդ ունեցող նկարչի՝ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին:

Գիտաժողովին հանդես կգան անվանի գիտնականներ և արվեստագետներ, միաժամանակ տեղի կունենա Հովհաննես. Շարամբեյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը, որը կուղեկցվի նրան նվիրված կայքի ներկայացմամբ և նրա մասին պատմող ֆիլմի դիտումով:

Հովհաննես. Շարամբեյանը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ է, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Ծնվել է 1926 թվականին, Երևանում: Սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Բազմաթիվ կտավների հեղինակ է. «Կոմիտաս», «Դիլիջան», «Նվիրում խաչքարին», «Գյուղական բակ Լճաշենում», «Խոր Վիրապ», «Վանի կարպետ», «Հեթանոսական տաճարի ավերակները», «Էջմիածնի հին տները» և այլն։ Եղել է «Անուշ» ֆիլմի (1983) գլխավոր նկարիչը։ Նրա ստեղծագործությունները պահպանվում են Տրետյակովյան պետական պատկերասրա­հում, Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

1947 թ. Դիլիջանում հիմնել է նկարչական ստուդիա: Եղել է Դիլիջանում գտնվող Կուլտուրայի և արվեստի ժողովրդական համալսարանի ռեկտոր, Դիլիջանի պատմա­մշակութային արգելոց-թանգարանի գլխավոր խորհրդատու: Ավելի քան 30 տարի աշխատել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման վրա:

1978 թ. հիմնադրել է Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանը և մինչև 1986 թ. զբաղեցրել տնօրենի պաշտոնը: 1979 թ. հիմնադրել է Դիլիջանի Ժողովրդական արվեստի թանգարանը: Վերոնշյալ թանգարաններն այժմ գտնվում են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի կազմում: