Search

Հատված Սասնա Ծռեր էպոսից



Իրեք կողմըն աշխարհի Մըսրա Մելքի ձեռն էր. Մենակ մե՛կ կողմն աշխարհի Դավթի հայրենին էր. Մելիք կանչեց, իրեն իշխաններ ժողվեց, Հետո բերավ, տաշտ մի դրեց իրեն առջև, Ածելի զարկեց իրեն ճակտին, Արուն թափվեց, տաշտ լցրեց։ Բացեց Մելիք մեկ թուղթ, Էն արնով գրեց զորականչ. «Թղթիկ մի գրեմ հարավային, Թղթիկ մի գրեմ հյուսիսային, Թղթիկ մի գրեմ արևելյան, Թղթիկ մի գրեմ արևմտյան, Իմ բոլո՛ր զորքին ու զորապետին, Զենքեր վերցնո՛ղ, թող գա՜, Պատերա՜զմ է. Էկե՛ք, էկե՛ք. Խա՛չ պարոններ, Սակռի՜ գլխներ, Լե՛ն ճակատներ, Թիա՛կ լեզվներ, Էկե՛ք վեր գյավուրին. Պատերա՜զմ է, պատերա՛զմ… Ինձ պետք են հազա՜ր—հազար անբեղ, անմորուս զինվոր. Ինձ պետք են հազա՜ր—հազար էն մոր մինուճար զինվոր. Ինձ պետք են հազա՜ր—հազար թխամազ մորուսով զինվոր. Ինձ պետք են հազա՜ր—հազար սիպտակ մորուսով զինվոր. Ինձ պետք են հազա՜ր—հազար կարմիր մորուսով զինվոր. Ինձ պետք են հազա՜ր—հազար սիպտա՛կ ձիավոր, Ա՜խ, սիպտա՛կ ձիավոր. Ինձ պետք են հազա՜ր—հազար կարմի՛ր ձիավոր, Ա՜խ, կարմիր ձիավոր. Ինձ պետք են հազա՜ր—հազար սև-սև՛ ձիավոր, Ա՜խ, սև-սև՛ ձիավոր. Ինձ պետք են հազա՜ր—հազար փո՛ղ փչողներ, Թմբո՛ւկ զարկողներ, Ա՜խ, թմբո՛ւկ զարկողներ, Էկե՛ք, էկե՛ք, ինձ պետք են բյուր-հազար հետևակ զինվոր, Ա՜խ, հետևա՛կ զինվոր։ Էկեք, էկեք վեր գյավուրին. Պատերա՜զմ է, պատերա՜զմ»։

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am