Search

Հայոց բանակն ապահովության ու խաղաղության երաշխիք է. մշակույթի գործիչները շնորհավորում են

Հայաստանի Հանրապետության անվտանգության հիմքը՝ ՀՀ զինված ուժերը, հունվարի 28-ին նշում են կազմավորման 27-րդ տարեդարձը: Հայոց բանակին իրենց շնորհավորանքներն են հղել դերասան Վիգեն Ստեփանյանն ու բանաստեղծ Հուսիկ Արան:

«Բանակը ցանկացած երկրի հիմքն է, ապահովությունն ու  խաղաղության երաշխիքը: Մենք շատ լավ բանակ ունենք. փայլուն տղաներ են, փայլուն սպաներ: Միշտ մեծ հարգանքով ու ակնածանքով եմ վերաբերվում մեր բանակին, վստահում եմ ու հպարտ եմ, որ երկիրս նման բանակ ունի»,-նշեց  Ստեփանյանը: Նա խաղաղություն մաղթեց մեր բանակին և հավելեց, որ ցանկանում է՝ տղաները ստիպված չլինեն իրենց կյանքը վտանգել դիրքերում, և թշնամական հարևանները վերջապես հասկանան, որ Արցախն իրենցը երբեք չի լինելու:

Հուսիկ Արայի խոսքով՝ մենք դարեր շարունակ երազել ենք բանակ ունենալ: «Բանակը մեր հպարտությունն է, մեր էությունն է, մեր պաշտպանն է: Մեր բանակը  ոչ թե պատերազմող, այլ խաղաղություն հաստատող բանակ է»,-շեշտեց բանաստեղծը: Նա հիշեցրեց, որ 1990-ականներին էլ ազատագրական շարժում ենք սկսել և պատահական չէ, որ հերոսներին անվանել ենք ազատամարտիկներ: «Այսօր մեր երիտասարդները, հրամանատարական, սպայական կազմը նույն գիտակցությամբ  է ծառայում և հարկ եղած դեպքում, ինչպես տեսանք ապրիլին, կյանքը կարող է տալ հանուն  հողի, երկրի, ընտանիքի, անհուն խաղաղության»,-ասաց նա: Հուսիկ Արան ընդգծեց. «Քնած, թե արթուն մտածում ենք բանակի մասին, քանի որ այնտեղ են մեր զավակները, մեր ընկերները, եղբայրները: Փառք մեր բանակին, և թող Աստված տա, որ մեր զինվորների զենքերից միայն ծաղիկներ թափվեն»:

ՀՀ բանակի կազմավորումը համընկնում է 1992-1994 թվականներին, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում:

1992 թվականի հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Աղբյուրը՝ https://armenpress.am

#Հայոցբանակ #ՎիգենՍտեփանյան #ՀուսիկԱրա #ՀՀզինվածուժեր #Մշակույթիգործիչներ

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am