Search

Հայկական մանրանկարչություն

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ (ֆրանս. miniature,իտալ. miniatura, լատ. minium – ծիրանի գունանյութ, կինաբար, կարմիր ներկ, որով հնում զարդարել են ձեռագիր մատյանները), կերպարվեստի ստեղծագործություն, որն առանձնանում է փոքր չափերով ու գեղարվեստական հնարքների նրբությամբ: Հայ միջնադարյան մանրանկարչության ոլորտը գրքարվեստն է՝ ձեռագիր մատյաններում գծային, գուաշի, տեմպերայի, ջրաներկի, ոսկու, հազվադեպ նաև արծաթի միջոցով պատկերազարդումները, որոնք ընդգրկել են անվանաթերթերը, խորանները, լուսանցազարդերը, պատմողական թեմատիկ տեսարանները՝ բնանկարի, ոսկու, ճարտարապետական միջավայրի կամ ուղղակի մագաղաթի և թղթի ֆոնի վրա:

Ի տարբերություն ձեռագրական այլ մշակույթների, հայկական  ձեռագրերի մեծ մասը հիշատակարանների շնորհիվ թվագրված է, հայտնի են գրչի, ստացողի (պատվիրատուի), հաճախ նաև՝ ծաղկողների անունները: Հայկական մանրանկարչությունը  աչքի է ընկնում ոճերի և դպրոցների բազմազանությամբ: Ամենից շատ պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչը, ծիսամատյանները (Ճաշոց, Ճառընտիր, Շարակնոց, Մաշտոց ևն): Մեզ հասած հայկական առաջին մանրանկարները VI–VII դդ. նմուշներ են (տես «Էջմիածնի Ավետարան»):

Ամբողջությամբ պատկերազարդված հնագույն հայկական ձեռագիր մատյանները (Ավետարաններ) IX դարից են: «Մլքե թագուհու Ավետարանը» պահպանել է առանձին արժեք ներկայացնող վաղ հելլենաքրիստոնեական արվեստի առանձնահատկությունները: Այդ ձեռագիր մատյանից մեզ հասած միակ տերունական նկարի՝ «Համբարձման» մեջ հստակ սահմանազատված են երկնային (Քրիստոսը փառապսակում և հրեշտակները) ու երկրային (առաքյալները և Աստվածածինը) ոլորտները: X դարից պահպանված առավել ամբողջական Ավետարաններում պատկերներն ունեն հետևյալ կազմը. Եվսեբիոս Կեսարացու թղթի 3 խորանը, համաձայնության 10 կանոնները՝ հավաքված 7–10 խորաններում, այդ թվում՝ տեմպիետտոյի կամ Տիրոջ գերեզմանի պատկերը տաղավարի տեսքով («Էջմիածնի Ավետարան»,  Վիեննայի Մխիթարյան մատենադարան, ձեռ. դ 697, Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռ. դ 2555), «Աբրահամի զոհաբերությունը», «Աստվածամայրը Մանկան հետ գահին»,  չորս ավետարանիչները (Էջմիածնի և Վիեննայի Ավետարաններ), որոնց Վիեննայի և այլ Ավետարաններում ավելանում են «Ավետումը», «Ծնունդը», «Մկրտությունը», «Համբարձումը»: 966-ի  «Թարգմանչաց Ավետարանը» (Բալթիմոր, Ուոլթերս, ձեռ. դ 537) ներկայացնում է Ավետարանի մեջ պատկերների դասավորության մի երկրորդ տիպ, որը հետագայում զարգացվում է հատկապես Կիլիկիայի և Գլաձորի դպրոցներում: Այստեղ ավետարանիչները պատկերվում են իրենց Ավետարաններից առաջ և ոչ մինչև Ավետարանների տեքստը՝ առանձին պրակում մյուս պատկերների հետ: Եթե X դ. մատյանները հիմնականում գրվել են բոլորագիծ (մեծ մեսրոպյան) երկաթագրով, ապա XI դ. մեծացել է ուղղագիծ (միջին մեսրոպյան) երկաթագրով գրված ձեռագրերի թիվը, ինչի շնորհիվ փոքրացել է գրքի չափը: XI դ. մեզ հասած ձեռագրերը հնարավորություն են ընձեռում հստակելու դպրոցների կամ ձեռագրական  տեղական խմբերի գոյությունը:

Աղբյուր՝ http://www.armenianreligion.am/am/Encyclopedia_of_armenian_religion_manrankarchutyun

#արվեստ #հայկականմանրանկարչություն #մանրանկարչություն

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am