Search

Հայկական մագաղաթ

Հայաստանում մագաղաթ պատրաստել են նշանավոր գրչատներում, վաճառաշահ քաղաքներում` Անի, Երզնկա, Կարին, Դվին, Սիս: Հայոց կրոնական տոների ժամանակ, ինչպես հայտնի է, մեծ բազմություն էր հավաքվում վանքերում և եկեղեցիներում: Ուխտավորները զոհաբերված կենդանիների մորթիները նվիրում էին վանքի գրչատանը: Մինչև այժմ հայտնի մեզ հասած «Լազարյան ավետարանը» հայերեն ամենահին ամբողջական մագաղաթե ձեռագիրն է, որի գրության թվականը հայտնի է: Գրիչ և ծաղկող Սահակ Վանանդեցին այդ ձեռագիրն ավարտել է 887 թ.: 1899 թ. այն լուսապատճենահանմամբ հրատարակվել է Մոսկվայում:

1897 թ. Էջմիածնի Մատենադարանում արդեն կար շուրջ 3400 մագաղաթյա ձեռագիր: Մոտ տասը տարվա ընթացքում 1906 թ. ձեռագրերի թիվը հասնում է 3788-ի, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին` 4660-ի: 1920 թ. դեկտեմբերի 17-ին Էջմիածնի Մատենադարանը պետականացվում է: 1922 թ. ապրիլին Մոսկվայից Հայաստան է վերադարձվում շուրջ 4660 ձեռագիր, որոնք 1915 թ. Մոսկվա էին տարվել պատերազմական արհավիրքներից զերծ պահելու մտահոգությամբ ու պահվում էին Մոսկվայի հայկական եկեղեցում: Այդ ձեռագրերին Էջմիածնի Մատենադարանում գումարվում է ևս 1730 ձեռագիր, որոնք հավաքվել էին 1915-1921 թթ.:

Կարճ ժամանակում Էջմիածնի Մատենադարան են մուտքագրվում Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի, Հայկական ազգագրական ընկերության, Երևանի գրական թանգարանի և այլ վայրերի ձեռագիր հավաքածուներ: Մեծ թվով ձեռագրեր են հավաքվում նաև Էրզրումից, Նոր Նախիջևանից, Աստրախանից և հայաշատ այլ վայրերից: 1939 թ. Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվում է Երևան: 1960-ականների տվյալներով` Երևանի մաշտոցյան Մատենադարանում առկա էր շուրջ 10 հազար հայերեն ձեռագիր և չորս հազար ձեռագրական պատառիկ: Հրաշքով փրկված հայատառ մագաղաթե ձեռագրերն այսօր պահվում են Երևանի Մատենադարանում, Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վանքում, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների ձեռագրատներում, Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքում, Լոնդոնի բրիտանական թանգարանում, Փարիզի ազգային գրադարանում, Օքսֆորդի բոդլերյան գրադարանում, Կ.Պոլսի ազգային պատրիարքարանում, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքում և այլուր:

Երևանի Մատենադարանում պահվող ամենախոշոր մագաղաթյա ձեռագիրը «Մշո Ճառընտիրն» է, որի յուրաքանչյուրի էջի համար ծախսվել է մեկ հորթի կաշի: Բացված վիճակում գիրքը դժվար է տեղավորել սովորական գրասեղանի վրա: Մատենադարանի ամենափոքր ձեռագիրը 18 գրամ է, լուցկու տուփից էլ փոքր: Ունի մագաղաթի անչափ նուրբ 104 թերթ: Ենթադրվում է, թե այդ ձեռագիրը պատրաստված է նորածին գառան մորթուց: Հազվագյուտ այդ ձեռագիրը գրվել է 1434 թ. Ղրիմի Կաֆա (ներկայումս` Թեոդոսիա) քաղաքում: Նշենք, որ Երևանի Մատենադարանում մագաղաթյա մատյանները պահելու համար ստեղծված են հատուկ եղանակներ:Մինչև 20-րդ դարը մագաղաթը որոշ դեպքերում հատուկ նպատակների համար կիրառվել է դիպլոմներ, զեկուցագրեր, պատվոգրեր, զինվորական արտոնագրեր, միջազգային առևտրի և այլ փաստաթղթեր պատրաստելիս:

Աղբյուր՝ https://168.am/2013/03/28/202673.html

#ձեռագրարվեստ #մագաղաթ