Search

Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը

Հայ ժողովրդի սոցիալական և մշակութային կյանքն անհնար է պատկերացնել առանց խաչքարի: Ընդ որում, խաչքարի սոցիալական և մշակութային գործառույթները գրեթե միաձույլ են: Խաչքարի սոցիալական, ծիսական գոր­ծառույթն արտահայտվում է հիմնականում որպես մահարձան կիրառության մեջ:

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր խաչքարեր տեղադրվում են հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում կարևոր իրադարձութ­յունների, ընտանեկան ուրախ կամ տխուր առիթների դեպքում:

Տեղադրված լինելով հիմնականում բացօթյա տարածքներում` խաչքարն ըստ էության կատարել և կատարում է նաև բաց միջավայրում հավատացյալի հոգևոր պահանջմունքների բավարարման գործառույթը: Յուրաքանչյուր խաչքար իր ներկայությամբ տեղանքը նշող, սրբացնող, պաշտպանող երևույթ է դառնում, հետևաբար ցանկացած միջավայրում խաչքարի տեղադրումն արդեն իսկ կարգավորում-սրբայնացնում է շրջապատը: Դրանով է պայմանավորված դրանց առկայությունը խաչմերուկներում, ճանապարհների եզրին, տեղանքում գերիշխող դիրք ունեցող բարձունքներին, ժայռազանգվածների վրա կամ աղբյուրների մոտ:

Հայոց տոնածիսական համակարգում պահպանված է տարբեր տոնական արարողությունների ժամանակ դեպի տվյալ տոնի կամ ծեսի խորհրդանիշը հանդիսացող խաչքար ուխտագնացության կազմակերպումը: Սրանով իսկ խաչքարն իրականացնում է ոչ միայն հոգևոր-ծիսական, այլև սոցիալական գործառույթ` համախմբելով սոցիալական և սեռատարիքային բոլոր խմբերին պատկանող անձանց միևնույն նպատակի շուրջ:

Հանդիսանալով բացառապես հայկական մշակութային երևույթ` խաչքարն ու խաչքարագործությունը հանդիսանում են հայ ժողովրդի մշակույթի, ազգային մտածողության, գեղարվեստական պատկերացումների և հավատքի դրսևորում:

Խաչքարն այսօր իրականացնում է նաև յուրօրինակ մշակութային դեսպանի գործառույթ և առաքելություն: Հայաստանի Հանրապետությունը ի նշան հարգանքի և բարեկամության հարյուրավոր խաչքարեր է տեղադրել և շարունակում է տեղադրել աշխարհի տարբեր երկրներում: Դրանք տարբեր մշակութային և հասարակական, պատմական իրադարձությունների առթիվ իրենց շուրջն են համախմբում այդ երկրներում ապրող հայերին նաև օտարներին:

Խաչքարերի բազմազանության ու առանձնահատկություններից է վարպետ-քարագործների բազմաքանակությունը: Այսօր նախկին գրանիտե և բազալտե խաչքարերին փոխարինելու են գալիս Հայկական լեռնաշխարհի ամենա­տարածված և ամենագեղեցիկ, գունագեղ քարերից մեկի` տուֆից կերտված խաչքարերը: Ժամանակակից խաչքարագործները գերադասում են տուֆը, քանի որ այս քարի գունային հնարավորությունները լայն են, իսկ բնական որակները բազում առավելություններ ունեն: Ներկայում խաչքարագործությամբ զբաղվում են տարբեր մասնագիտական բնագավառների անձինք: Խաչքար կերտող վարպետի նկատմամբ թե՛ նախկինում և թե՛ այսօր հասարակության մեջ առկա է հարգանք և ակնածանք:

http://www.unesco.org/culture/ich/en/RL/armenian-cross-stones-art-symbolism-and-craftsmanship-of-khachkars-00434

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am