Search

Հայկական զարդանախշերը գրքերից իրականություն են վերադառնում ժամանակակից ձեւավորումով

«Պատկերները ես չեմ հորինում,


օգտվում եմ հայկական զարդանախշերից ու մանրանկարչությունից և իմ երևակայությամբ հանձնում եմ կտորին: Լուծումները ժամանակակից ձեւավորումների մեջ են, որպեսզի մենք այն կրենք, կիրառենք առօրյայում»,- իր ստեղծագործական հաջողությունների գաղտնիքներն է «բացահայտում» ասեղնագործ Արմինե Խաչատրյանը:

Նա մատների հմուտ շարժումներով զարդանախշերը «պատկերում» է կտորին, գունագեղ թելերի միջոցով դրանք կենդանություն են ստանում սփռոցների, թաշկինակների, բարձերի, կիրառական տարբեր իրերի, հուշանվերների վրա, վերածվում են կոլաժների:






«Ասեղնագործությունը գործվածքն ասեղի ու թելի միջոցով զարդանախշելն է, երբ որևէ հորինվածք պատկերելու համար ասեղի օգնությամբ կտորի մի երեսից թելն անց է կացվում մյուս կողմը»,- գրականության մեջ այսպես է բնութագրվում ասեղնագործությունը:

Բայց, որպեսզի այն արվեստի գործ դառնա, տեխնիկական հմտություններից բացի, հարկավոր է լավ ձեւավորում և գունային ճիշտ համադրություններ ստեղծել: Արմինե Խաչատրյանին դա հաջողվել է: «Բոլորը զարմանում են, թե ինչպես եմ կարողանում պատկերները նախագծել գունային այդքան ճիշտ համադրություններով»,- ասում է Արմինեն:

Ասեղնագործությունը Արմինեն յուրացրել է բավականին հասուն տարիքում: Մինչ այդ նրա ստեղծագործական ներաշխարհը հարստացնողը տիկնիկագործությունն էր, որին նվիրվել էր Մարիոնետների թատրոնում, ապա Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միությունում աշխատանքի տարիներին և բավականին մեծ հաջողություններ էր գրանցել: Նա մոտ 500 տիկնիկի հեղինակ է, որոնք ստեղծել է թատերական ներկայացումների, բացօթյա միջոցառումների համար:






Արմինեի հետաքրքրությունները փոխվել են 2012թ.-ից:

«Տարբեր երկրների մշակույթներ ուսումնասիրելուց, փառատոնների մասնակցելուց հետո մի շրջան եղավ, երբ սկսեցի մտածել առանձնահատուկ մի բան ստեղծելու մասին, որը բացառապես իմը լիներ: Ուզում էի մեր մշակույթը ներկայացնող ոլորտ ընտրել, որով կընդգծվեին ազգային նկարչությունն ու զարդանախշերը: Ընտրեցի ասեղնագործությունը, որին փոքր ի շատե ծանոթ էի դպրոցից»,- պատմում է Արմինեն:






Ասում է՝ այդ տարիներին կարել եմ, ասեղնագործության խմբակի եմ հաճախել, բայց իմացությունս շատ քիչ էր: Գրքերի օգնությամբ սկսեցի ուսումնասիրել կարի տարբեր տեխնիկաներ, հմտություններ: Հայկական կարատեսակները՝ Մարաշի, Ուրֆայի, Սվազի, Այնթապի, Վանի, առանձնանում են յուրահատուկ ոճով ու ինքնատիպությամբ: Ուզում եմ մարդիկ տեսնեն ու ճանաչեն դրանք, տարբերեն արաբական, պարսկական, չինական և այլ ազգությունների զարդանախշերից: Ուզում եմ բոլորին հասանելի լինի այն՝ ինչը գրքերի մեջ է, չեն տեսնում:









Հայկական մշակույթը ցուցահանդեսներում ներկայացնելու բազմաթիվ առիթներ են եղել վերջին տարիներին. «Մի ավանդույթի վերածնունդ» խորագրով անհատական ցուցահանդես Գերմանիայի Բրեմեն քաղաքում, մասնակցություն Սուրաջկունդի 34-րդ միջազգային փառատոնին եւ այլն: Նրա ստեղծած ասեղնագործ թռչնատառերը ներառվեցին «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու հայտում, որը գրանցվեց 2019թ. դեկտեմբերին:









ԿԳՄՍ նախարարությունը հայտում ներառել էր այն հեղինակների աշխատանքները, որոնք տառարվեստի ժառանգականությունը կրողն են ու փոխանցողը:

Վերջին տասը տարիներին Արմինեն ասեղնագործության խմբակներ է ստեղծել մարզերում:

Կանայք գալիս էին սովորելու՝ մեկը դաշտային աշխատանքից, մեկը՝ կովերին խնամելուց հետո, կոշտացած մատներով, բայց շատ մաքուր էին ասեղնագործում: Նրանց ինքնագնահատականը բարձրանում էր դրանից, այդ երկու ժամը զբաղվում էին ստեղծագործելով ու մոռացության տալիս առօրյա հոգսերը: Կանանց համար ասեղնագործությունը թերապիա է, գործելով պատմում են իրենց մտահոգությունները, վերջում  չեն էլ զգում, թե սրտներն ինչպես թեթևացրին:

Երբ համայնքներում նախաձեռնեցի դասավանդումը՝ մտածում էի, որ եթե կանանց մոտ ստացվի և վարպետանան, կարող ենք համագործակցել բիզնես ծրագրերում: Նրանք էլ զբաղվածության խնդիր ունեին և օգևորում էր այն միտքը, որ հետագայում աշխատանք կունենան: Հիմա նրանցից շատերը վարպետներ են դարձել և ասում են, որ ասեղնագործելով կարողանում են գումար վաստակել: Դա իմ աշխատանքի լավագույն գնահատականն է:

Ես մեծ բավականություն եմ ստանում, որ իմ գիտելիքը փոխանցում եմ կանանց: Ուզում եմ, որ շատ համայնքներում արհեստները զարգացնենք, մարզերում երեխաները դրա կարիքը շատ ունեն: Իմ գործը համայնքներում եմ տեսնում, հատկապես այնտեղ, որտեղ կյանքն ավելի դժվար է:






«Ժողովրդական արհեստը պահպանողը ժողովուրդը պետք է լինի, ինքն էլ փոխանցի սերունդներին»,- սա ժողովրդական վարպետ Արմինե Խաչատրյանի համոզմունքն է:

Ասեղնագործությունը զարգացած է եղել Արևմտյան Հայաստանում, խորհրդային Հայաստանում առանձնապես հետաքրքրված չէին ձեռագործ աշխատանքներով: Արմինեն ասում է, որ սիրիահայերի Հայաստան վերադարձով վերածնունդ եղավ հայկական կարատեսակների համար: Բուն կարատեսակներից շատերը նրանք բերեցին Հայաստան: Սիրիահայերի համար նույնպես ասեղնագործությունն ամենաթանկարժեքն է, մեծ ակնածանքով են վերաբերվում այս արհեստին, և փայփայելով փոխանցում են սերունդներին: