Search

«Հայաստան՝ ինքնություն և սեր» խորագրով նկարչական մրցույթի հաղթողները Հայաստանում են

Վարշավայում գործող «Լեհ-հայակական» մշակութային հիմնադրամը Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո, Վարշավայի գեղարվեստի ակադեմիայի հետ՝ 2017 թվականին կազմակերպել և իրականացրել է «Հայաստան՝ ինքնություն և սեր» խորագրով նկարչական մրցույթը:

Մրցույթի արդյունքում ընտրվել են լավագույն յոթ լեհ նկարիչներ, ովքեր ս. թ. ապրիլի 10-14-ը գտնվելու են Հայաստանի Հանրապետությունում:

Արվեստագետների հայաստանյան այցը բացառիկ հնարավորություն է ծանոթանալու հայ գործընկերների հետ, ինչը հիմք կհանդիսանա հետագա համագործակցության համար:

Այցի առաջին օրը՝ ապրիլի 10-ին, արվեստագետները հանդիպել են Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների և ռեկտորի հետ: Պատվիրակության անդամ, Վարշավայի գեղարվեստի ակադեմիայի նկարչական ֆակուլտետի դեկան Տոմաշ Միլանովսկին վարպետության դաս է անցկացրել՝ հայ ուսանողներին ներկայացնելով իրենց փորձը տվյալ ասպարեզում:

Քննարկվել են նաև հետագա հնարավոր համագործակցության հարցեր:

«Լեհ-հայակական» մշակութային հիմնադրամը ստեղծվել է 2007 թվականին՝ նպատակ ունի խթանելու հայ-լեհական մշակութային հարաբերությունների զարգացումը: