Search

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվեց նոր տարրերով

Ս. թ. փետրվարի 15-ին ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Վերոնշյալ որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի համալրումն է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի դրույթներով: Նախագծի ընդունումը կարևորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Հայաստանի Հանրապետության հայտերը ներկայացնելու հանգամանքով:

Որոշման նախագծով` Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված է 24 տարրերից, համալրվում է ևս 8-ով: Դրանք են՝ «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները», «Մրգից օղիների պատրաստում», «Մածունի պատրաստման ու կիրառման ավանդույթը», «Ավանդական գորգագործություն», «Թամզարա», «Թառը և թառագործությունը», «Գինեգործություն», «Սահարի» արժեքները:

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառված են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելության աստիճանը բարձրացնելու գործընթացին:

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am